Քաղաքականություն

Հիմա ամեն ինչ գիտի

Հիմա ամեն ինչ գիտի

Որքան էլ կառավարության գլուխը հայտարարում է, որ իրենք 7 տարի նույն` առաջին դասարանում են մնացել եւ շատ բաներ հիմա են միայն սովորում, նա բոլորովին նկատի չունի այն, որ իրենք տգետ են, անփորձ, ուստի իրավունք չունեին 2018-ին գալ իշխանության ու խաղալ մի ողջ երկրի ու ժողովրդի ճակատագրի հետ: Նա ընդամենը նկատի ունի, որ եթե ես իմանայի, որ բռնապետ լինելը, օրենքներ խախտելը, պետության դեմ գործելն այսքան հեշտ են մարսվելու, ինչո՞ւ էի այդքան տանջվում` փորձելով պահպանել ժողովրդավարական երկրին բնորոշ ինչ-որ ատրիբուտներ, ինչո՞ւ էի ջանք թափում` ապացուցելու, որ լսում եմ հանրային կարծիքը, ենթարկվում եմ օրենքին:

Եթե ես այնքան գիտելիք ունենայի, ինչքան այսօր, ապա կարող էի դեռ 2018-19 թվականներին արագ հանձնել Արցախը, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Էրդողանի ու Ալիեւի հետ ընկերություն անել, նրանց ուզած միջանցքը տալ, ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից, Արարատից ու Արեւմտյան Հայաստանից հրաժարվել, Հայ եկեղեցուն պատերազմ հայտարարել, ազգային գործիչներին բանտերը լցնել: Կարող էի հայրենասեր ու հայամետ, ժողովրդավար եւ օրինապահ ձեւացնելու վրա այսքան «ավելորդ» ժամանակ չծախսել, ձեւականությունների հետեւից չընկնել: Կարող էի չվախենալ արեւմտյան պատժամիջոցներից եւ հանրային պարսավանքից, եթե այնքան բան իմանայի, ինչքան այսօր գիտեմ: Ի՜նչ իմաստ ուներ, ասենք, թույլ տալ, որ Հայաստանում դատավորները որոշում կայացնեն, քննիչներն ինչ-որ ապացույցներ հավաքեն, գործերը դատարաններում քննվեն: Ի՜նչ միամտություն էր մտածելը, որ իշխանության ճյուղերի տարանջատման, մարդու իրավունքների, պետության տարրական գործառույթների ոտնահարումը կարող է ներսում կամ դրսում որեւէ մեկի ընդվզումն առաջացնել:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image