«Նախատեսում ենք, որ այս տարի՝ մինչեւ օգոստոսի կեսը, դասագրքերը կլինեն մարզպետարաններում ու կբաշխվեն դպրոցներին»,- մեզ հետ զրույցում վստահեցնում է ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ու հավելում, որ դասագրքերի մեծ մասն արդեն հատատված է ու երաշխավորված գործածության: Ինչ վերաբերում է տպագրությանը, ապա երաշխավորված դասագրքերը տպագրության տարբեր փուլերում են, որոշները նոր են տպագրվում, որոշների տպագրությունն արդեն ավարտվել է:
Հիշեցնենք, որ նոր ձեւաչափով անցկացվող դասագրքերի մրցույթն անցած տարի մեծ աղմուկ հանեց։ Նախեւառաջ՝ պայմանավորված ժամկետներով, քանի որ սեպտեմբերի 1-ը սկսվեց առանց որոշ նոր դասագրքերի, որոնք տպագրվեցին եւ դպրոցներ առաքվեցին մաս-մաս` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Հնարավո՞ր է որոշ առարկաների դասագրքերի հարցում անցած տարվա պատկերը նորից կրկնվի, եւ դրանք առաքվեն դպրոցներ սեպտեմբերի 1-ից հետո։ «Մենք մինչեւ հունիսի 15-ը նաեւ լրացուցիչ մրցույթ էինք հայտարարել այն դասագրքերի մասով, որոնց համար հայտ չէր ներկայացվել, բայց կարծում եմ` այստեղ էլ ուշացումներ չենք ունենա...»,-ասում է Թ. Սարգսյանն ու ընդգծում, որ յուրաքանչյուր դասագիրք դիտարկվում է գիտականության տեսանկյունից եւ ոչ միայն։
«Նաեւ դասագիրքը դիտարկվում է չափորոշչին համապատասխանության տեսանկյունից, լեզվի շարադրանքի, տվյալ առարկայի ծրագրին ու բովանդակությանը համապատասխանության, մանկավարժա-մեթոդական տեսանկյունից։ Բացի այդ՝ եթե այս բոլոր փուլերը հաջող անցնում է դասագիրքը եւ բավարար բարձր միավորներ է ունենում, որպեսզի երաշխավորվի գործածության, նաեւ վերջին փուլում նայում են նկարիչ-դիզայները եւ բժիշկ-հիգիենիստը: Ու երբ բոլոր այս մասնագետները տալիս են իրենց գնահատականը, մասնագիտական հանձնաժողովը, այդ գնահատումները հիմք ընդունելով, առաջարկում է դասագրքերը երաշխավորել գործածության: Այսինքն, անկախ նրանից՝ դա 1-ին դասարանի այբբենարան է, թե 12-րդ դասարանի ֆիզիկայի դասագիրք, նույն մասնագիտական ֆիլտրերով անցնում է»,- ասում է ԿԳՄՍՆ ներկայացուցիչը:
Ընդհանուր առմամբ, գո՞հ են այս տարվա մրցութային հայտերից, հատկապես եթե համեմատենք անցած տարվա արդյունքների հետ, երբ ավելի քիչ ժամանակ էր տրված։ «Այս տարի ժամանակը շատ էր, եւ մենք կարծես թե կարողացանք հիմնական մրցույթները, որ դասագրքերի համար հայտարարված էին, գրեթե բոլոր դասարանների առարկաների համար ունեցանք հայտեր, կային դասագրքեր, որոնց համար նույնիսկ 2, 3, 4 օրինակով էին հայտեր ներկայացվել, եւ տարբեր հեղինակներ փորձել էին ընդգրկվել այս գործընթացում: Ընդհանուր առմամբ, մասնակցությունն ակտիվ էր` հաշվի առնելով, որ ժամանակն էր երկար, եւ մասնագետներն էլ որոշակիորեն արդեն հմտացել էին այս նոր չափորոշչին համապատասխան դասագրքեր պատրաստելու հարցում, բայց միանշանակ գնահատական տալ չեմ կարող»:
Թե կոնկրետ քանի առարկայից դասագրքի հայտ չեն ստացել, Թ. Սարգսյանը դժվարացավ հիշել՝ նշելով, որ դրանք շատ չեն եղել, հիմնականում 3 առարկայից են եղել` «Ռուսաց լեզու», «Ֆրանսերեն» եւ «Արվեստ» առարկաներից, որոնց համար հայտարարվել է լրացուցիչ մրցույթ, եւ 2-րդ փուլով արդեն ստացել են դասագրքերի հայտեր:
Մասնագիտական հանձնախմբերում նախարարությունից ներկայացուցիչներ չկան, միայն մասնագետներ են ընդգրկված։ «Դասագրքերի փորձաքննությունն ամբողջությամբ անում է մասնագիտական հանձնախումբը»,- ասում է Թ. Սարգսյանն ու հավելում, որ փորձագետների ընտրության հարցն այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություններին է վերապահվել. «Այս տարվա կարեւոր պահանջներից էր, որ լինեն իրենց բնագավառում ոչ միայն փորձառություն, այլ նաեւ գիտական կոչում եւ ակադեմիական հաջողություններ ունեցող մասնագետներ»:
Եվ, ինչպես միշտ, ԿԳՄՍՆ-ն գաղտնի է պահում նրանց անունները։ «Այո, քանի որ շատ են թիրախավորվում, եւ մենք շատ ենք կարեւորում, որ նրանց անունները չհրապարակվեն, որպեսզի մենք հետագայում էլ կարողանանք իրենց հետ աշխատել, տարբեր տեսակի ճնշումների մարդիկ չենթարկվեն, որովհետեւ, ցավոք սրտի, շատ վատ դեպքերի ենք ականջալուր լինում, օրինակ՝ որ մարդկանց զանգում են տարբեր ձեւերով, տարբեր տեղերից, ինչ-որ կարծիքներ են պարտադրում, կամ տարբեր խնդիրներ են առաջանում՝ կապված նրա հետ, թե ով ինչ կարծիք է հայտնել դասագրքի վերաբերյալ: Շատ զգայուն է դասագրքերի թեման, ու դա բոլոր առարկաներին է վերաբերում: Փորձագետները պետք է վստահ լինեն, որ իրենց անունը չի հրապարակվելու, որպեսզի կարողանան անաչառ լինել, օբյեկտիվ գնահատել, հակառակ դեպքում տուրք են տալու տարբեր ճնշումների»,- հավատացնում է Թ. Սարգսյանը: