Մշակույթ

Փորձաքննությունից հետո կպարզվի՝ երաշխավորո՞ւմ են, թե՞ ոչ

Փորձաքննությունից հետո կպարզվի՝ երաշխավորո՞ւմ են, թե՞ ոչ

Անցած տարի մեծ աղմուկ հանած 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարվա դասագրքերի մրցույթին եւս մասնակցության հայտ է ներկայացրել։ Այս անգամ նա հեղինակել է 8-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը, որը, ոլորտի մասնագետների գնահատմամբ, ոչ պակաս վիճահարույց է, քան 7-րդ դասարանի դասագիրքը, եւ նոր սկանդալ է հասունացնելու պատմագիտական հանրույթի շրջանում: ԿԳՄՍ նախարարությունը մտավախություն չունի՞, որ այս դասագիրքն էլ կարող է արժանանալ անցած տարվա 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի ճակատագրին, երբ պատմագիտական համայնքը մերժեց դասագիրքը, հորդորելով նախարարությանը՝ դասագիրքը կիրառությունից դուրս թողնել։ 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, չգիտես ինչու, քմծիծաղով է լսում մեր հարցը, ապա հեգնում, կարծես այդ հարցը, որը հիմա բոլորին է հուզում, եւ մասնագիտական հանրությունն էլ խիստ վրդովված է այդ վերաբերմունքից, ուղղակի մեր ֆանտազիայի արդյունքն է․ «Դուք խոսում եք մի բանի մասին, որը դեռ տեղի չի ունեցել, եւ, հետեւաբար, ես կդժվարանամ որեւէ մեկնաբանություն տալ»։ 

«Չար գուշակություններին» չհավատացող նախարարին հակադարձենք, որ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը մեզ հետ զրույցում դեռ օրեր առաջ նշել էր, որ թեպետ ինքն անձնապես չի ծանոթացել դասագրքին, բայց տեղյակ է, որ իրենց ինստիտուտից մի քանի աշխատակցի փոխանցել են դասագիրքը՝ փորձաքննելու համար, եւ արդյունքը եղել է այսպիսին. «Նրանք հսկայական քանակության դիտողություններ են նշել, եւ կարծում եմ, որ այդ վիճակով այդ դասագիրքը չի կարող շրջանառության մեջ դրվել»:

«Մրցույթներն իրականացվել են, արդյունքում թե՛ 8-րդ, թե՛ 10-րդ դասարանների Հայոց պատմության համար ներկայացված է մեկական ուսումնական նյութ, որը հավակնում է դասագրքի կոչմանը, եւ դրանք գտնվում են փորձաքննության փուլում։ Փորձաքննության փուլը կավարտվի, եւ ըստ այդմ պարզ կդառնա՝ երաշխավորվում են, թե ոչ։ Մինչեւ այդ, բոլոր խոսակցությունները համարում եմ ժամանակավրեպ»,- նշում է Ժ․ Անդրեասյանն ու շտապում փակել թեման՝ ընդգծելով, որ այս պահին ավելացնելու ոչինչ չունի։ Ինչ վերաբերում է դասագիրքը փորձաքննության ուղարկելուն, ապա այն միակ բացառությունը չէ, քանի որ, համաձայն մրցութային կարգի, փորձաքննվում են բոլոր ուսումնական նյութերը, որոնք ներկայացվում են որպես դասագիրք։

Հավելենք, որ դեռ մի քանի շաբաթ առաջ Պատմության ինստիտուտի անկախ փորձագետներն իրենց փորձագիտական կարծիքներն ուղարկել են ԿԳՄՍ նախարարություն։ Համաձայն ընթացակարգի, դասագրքի վերաբերյալ փորձագետների բովանդակային դիտարկումներն ուղարկվում են հեղինակին՝ լրամշակման նպատակով: Եթե հեղինակը համաձայն է լինում այդ դիտարկումներին, իրականացնում է համապատասխան լրամշակում, եթե՝ ոչ, կրկին ուղարկվում է փորձաքննության։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image