Հասարակություն

Հարուստ թոշակառուներին պետք է ջնջել համակարգից

Հարուստ թոշակառուներին պետք է ջնջել համակարգից

«Փարոս» անվանումը վաղուց չի օգտագործվում։ Այն մնացել է մարդկանց գիտակցության մեջ որպես հայոց անապահովության խորհրդանիշ, բայց նպաստների համակարգը գործում է։ Կառավարությունում կարծում են, որ այն շատ թերություններ ունի՝ ցածր հասցեականություն, կարիքի սխալ գնահատում, երբ շահառուն աղքատ չէ, բայց նպաստ է ստանում, իսկ իրական կարիքավորը՝ ոչ։ Կան դեպքեր, երբ մարդն աշխատում է ու միաժամանակ նպաստ է ստանում, էլեկտրոնային բազաներում կան թերություններ եւ այլն։ Ամենաաղքատներն այսօր նպաստ ստացողների 20 տոկոսն են։ Նպաստների 50,6 տոկոսը նրանց է հասնում։ Հայեցակարգում հետաքրքիր թվաբանություն կարելի է գտնել։

Պարզվում է՝ նպաստ ստացողների մեջ կան «հարուստ» թոշակառուներ, որոնք ունեն միայնակ չաշխատող կենսաթոշակառուի կարգավիճակ, ստանում են նպաստ՝ «մինչեւ անգամ 109 հազար դրամ ամսական եկամուտ ունենալու դեպքում, ինչը գերազանցում է աղքատության միջին գիծը 2.5 անգամ, իսկ պարենային գիծը՝ 4.5 անգամ»։ Իսկ 109 հազար դրամ ստացողը չի կարող աղքատ համարվել, նա 2,5 անգամ հարուստ է իսկական աղքատից ու նրանից 4,5 անգամ ավելի լավ է սնվում։ Ուստի գործադիրում կարծում են, որ այս կեղծ աղքատներին պետք է ջնջել նպաստների համակարգից եւ պետական գումարներն ուղղել միայն իսկական աղքատներին, այսինքն՝ այդ 20 տոկոսին։ 

Թիրախը կամ շահառուն աղքատության գնահատման նոր, «լավարկված» համակարգում լինելու է ընտանիքի մեկ չափահաս անդամը, որի ամսական եկամուտը նվազագույն պարենային զամբյուղից ցածր է։ Նա համարվում է ծայրահեղ աղքատ։ Իսկ պարենային զամբյուղը սահմանվում է նախորդ տարվա 3-րդ եռամսյակի համար վիճակագրական կոմիտեի կողմից հաշվարկվող պարենային զամբյուղի արժեքի չափով։ Ծրագիրը փորձարկվելու է երկու մարզում։ 

Պարզաբանում է նախարարությունը

Ի՞նչ գումարների մասին է խոսքը, որպես նպաստ՝ որքա՞ն է ստանալու ծայրահեղ աղքատ մարդը։ Մեր հարցին նախարարությունից պատասխանում են՝ թվերն առայժմ հստակ չեն, բայց նոր համակարգի պայմաններում ծայրահեղ աղքատ ընտանիքները կստանան ծայրահեղ աղքատության շեմը հաղթահարելու համար համարժեք աջակցություն, իսկ գործող համակարգի պայմաններում շահառուների շուրջ 37 տոկոսը ստացած աջակցությունից հետո մնում էր դարձյալ աղքատ։ «Ներկայումս անապահովության նպաստի միջին չափը կազմում է 33 հազար 350 ՀՀ դրամ, նոր համակարգով նպաստի միջին չափը կլինի ավելի բարձր՝ ձգտելով ծածկել պարենի զամբյուղի պակասուրդը»: 

Իսկ ինչպե՞ս է ստուգվելու՝ մարդն իրո՞ք ծայրահեղ աղքատ է, թե՞ ոչ։ «Ներդրվելու են տնայցի գործիքակազմ եւ տնայցի չափանիշներ, որը նախկինում չի եղել։ Գործիքակազմը լինելու է ավտոմատացված, որի արդյունքում կայացված որոշումները կլինեն առավել վերահսկելի եւ օբյեկտիվ։ Նոր համակարգով նախատեսվում է հեշտացնել նաեւ շահառուների դիմելու գործընթացը։ Ծրագրային ապահովման հետ կապված հարցերը ներկայումս թվայնացվում են եւ կապվելու են այլ տեղեկատվական բազաներից ինքնաշխատ ձեւով տեղեկատվության ստացման հետ։ Այսինքն՝ անապահով ընտանիքները չեն ներկայացնելու այնպիսի տվյալներ կամ տեղեկանքներ, որոնք արդեն իսկ առկա են այլ մարմինների տեղեկատվական բազաներում»։

Նախագծում գրված է, որ դրա ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն լինելու, եւ պետական բյուջեում եկամուտների եւ ծախսերի փոփոխություններ չեն ակնկալվում։ Մեթոդաբանությունը, ընդհանուր առմամբ, պարզ է՝ ունենք իքս գումար, որը բաժանվում է շատ աղքատների, եւ ամեն մի աղքատ ստանում է փոքր գումար։ Նոր համակարգի ներդրման դեպքում այդ նույն իքս գումարը բաժանվելու է ավելի քիչ մարդկանց, արդյունքում յուրաքանչյուրը ստանալու է մի քիչ ավելի շատ փող։ Այլ կերպ ասած՝ աղքատների վրա պետությունը նոր ծախսեր չի ցանկանում անել, ուստի որոշել է եղած գումարը բաշխել ավելի քիչ թվով աղքատների վրա՝ մյուսներին դուրս շպրտելով համակարգից։ 

«Այս նախագիծն ավելի շատ վնաս է բերելու, քան օգուտ»․Գեւորգ Պետրոսյան

Որքանո՞վ է արդյունավետ այս նոր համակարգը, կգործի՞ այն արդյոք։ Զրուցել ենք նախկին սոցապնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ։ 

«Ինչպես միշտ, իրավական որոշակիության սկզբունքից հեռու նախագիծ է։ Պարզապես փորձում են ցույց տալ, թե մտահոգ են սոցիալական ապահովության խնդիրներով, մինչդեռ իրականում համակարգային լուծումներ չեն առաջարկվում։ Ի՞նչ է նշանակում՝ փորձարկել երկու մարզերի վրա։ Այդ ո՞ր մարզերն են ընտրվել որպես փորձադաշտ։ Երկրորդ՝ հին համակարգն ուներ իր թերությունները, բայց նորում չկա ոչ մի չափանիշ, ոչ մի սկզբունք, ուրեմն, կարող է կիրառվել ընտրանքային մոտեցում, եւ արդարության սկզբունքը չի պահպանվի։ Պատճառաբանել, ասել՝ դե, հինը լավը չէր, դեռ բավական չէ։ Ես անձամբ որեւէ առաջադիմական լուծում չնկատեցի»,- ասաց նա։ Գեւորգ Պետրոսյանը կարծում է, որ եթե երկրի 1/3-ն աղքատության մեջ է, հետեւապես նրանց շահերը շոշափող օրինագծերի վերաբերյալ պետք է գոնե խորհրդարանական լսումներ անցկացվեն։ «Էսպես լղոզել, մեկ-երկու բառով անցկացնել, ասելով՝ նախկինը լավ չէր, նորն ենք ներդնում, չի կարելի։ Այդ նորը պետք է նախկինի համեմատ լինի առաջադիմական, որտեղ հիմնական շահառուները պետք է իրենց մաշկի վրա զգան այդ դրական էֆեկտը»,- ասում է նա։

Ըստ Գեւորգ Պետրոսյանի՝ նախագծում նշված չեն վերահսկողական մեխանիզմները։ «Տնային այցը վերահսկողական մեխանիզմ չէ։ Ես կարող եմ գնալ, լրիվ ուրիշ ցուցանիշներ գրել, գալ։ Ինչպե՞ս են վերահսկելու»։ Գեւորգ Պետրոսյանը հիշեցրեց էկոնոմիկայի նախարար Քերոբյանի հայտարարությունն այն մասին, որ 1 մլրդ դոլարի ներդրում  է կատարվել տնտեսությունում։ «Բա ինչո՞ւ այդ 1 մլրդ դոլարի ներարկումը չի անդրադառնում ժողովրդի կենսամակարդակի վրա։ Եթե դուք համոզված եք, որ այդքան ներդրում է արվել, դրեք, բաժանեք 570 հազար թոշակառուների վրա ու բարձրացրեք թոշակը, գոնե նվազագույն աշխատավարձի չափ դառնա, ոչ թե լոլոներ կարդացեք ու հեքիաթներ ասեք։ Սոցիալական ոլորտն ամենաօբյեկտիվ արտացոլանքն է երկրի տնտեսական քաղաքականության, եւ պետք են համակարգային, ամբողջական լուծումներ, ոչ թե մեկ-երկու մարզում փորձարկումներ անեք ու հետո որոշեք։ Պետք է մշակել քաղաքականություն ու մեխանիզմներ, որոնք այս նախագծում ես չտեսա։ Ես վստահաբար կարող եմ պնդել, որ այս նախագիծն ավելի վնաս է բերելու, քան օգուտ»։

2009 թվականին Գեւորգ Պետրոսյանը, երբ սոցապնախարարն էր, զտումներ է արել «Փարոսում», մաքրել համակարգը «հարուստ» նպաստ ստացողներից։ Նրանից հետո նոր զտումներ եղան, սակայն նախարարներից ու կառավարության ղեկավարներից ոչ մեկը չհամարձակվեց զտել նպաստառուների համակարգի 80 տոկոսը։ Եթե Փաշինյանի կառավարությունը հաշվարկել է, որ նպաստառուների 20 տոկոսն է միայն ծայրահեղ աղքատ, ինչպես գրված է նախագծի հիմնավորման մեջ, ապա կարելի է ենթադրել, որ նոր համակարգի պայմաններում շահառուների մոտ 80 տոկոսը զրկվելու է նպաստից։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image