Մշակույթ

Ինչպե՞ս կարող է դպրոց մտնել պատմության մի դասագիրք, որը ոչ մի կապ չունի հայոց պատմության հետ

Ինչպե՞ս կարող է դպրոց մտնել պատմության մի դասագիրք, որը ոչ մի կապ չունի հայոց պատմության հետ

Պատմաբան Աշոտ Ղուկասյանը «Հրապարակի» հետ զրույցում պատմում է, որ ԿԳՄՍ նախարարությունն այս տարվա հունիսին անհիմն պատճառներով մերժել է իր հեղինակած «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը:
«Այս տարի հայտարարվեց նոր դասագրքերի մրցույթ: Մենք` հեղինակներս, «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից ներկայացրինք Հայոց պատմության դասագրքերը, որը նախատեսված է 7-րդ դասարանի համար: Հանձնաժողովի հիմնական մասը մանկավարժներից էր կազմված: Մեր խումբը ներկայացրել էր երկու դասագիրք` «Իմ հայրենիքը» եւ «Հայոց պատմություն»` նախատեսված 7-րդ դասարանի համար: Հայոց պատմության դասագիրքը, որն այդպես էլ ԿԳՄՍՆ-ն չցանկացավ կյանքի կոչել, ունի երեք հեղինակ. ես եմ, որդիս` Արսեն Ղուկասյանը, եւ Անժելա Տերյանը: Երկու շաբաթ անց արդյունքներն ամփոփելուն պես մեզ հայտնեցին, որ բավականին լավ արդյունքներ ենք վաստակել, ավելին` այն հաստատվել է որպես դասագիրք: Սակայն ավելի ուշ մեզ հայտնում են, որ մեր հեղինակած դասագրքերի վերաբերյալ բողոքներ կան, եւ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է այն տպագրության չարժանացնել»,- պատմում է պատմաբանը: 

Նրան մինչ օրս չի հաջողվել պարզել, թե խոսքն ինչ բողոքների մասին է, ովքեր են բողոքողները, եւ որտեղ են իրենք թերացել: Սակայն դատելով իշխանությունների վարած թրքաբարո քաղաքականությունից, ենթադրում է, որ պատճառն այն է, որ իրենք պատմությունը խմբագրված, իրականությունն աղավաղված չեն ներկայացրել` դա է դասագրքերի մերժման պատճառը: «Երեք անգամ դիմում եմ գրել, որպեսզի ինձ ներկայացնեն, թե ինչ բողոքների մասին է խոսքը, երեք անգամ էլ ոչ մի բողոք ինձ չեն տրամադրել»,- նշում է նա: 

Մեր զրուցակիցը կարծում է, որ ԿԳՄՍՆ-ն միտումնավոր է մերժել իր հեղինակած դասագիրքը։ ««Անտարեսի» ներկայացրած դասագիրքը մերժել էին սկզբում, իսկ մեր դասագրքին՝ հավանություն տվել, սակայն որոշ ժամանակ անց մերժում են նաեւ մեզ` Սմբատ Հովհաննիսյանի գրքին են հավանություն տվել: Ասում են, որ դասագրքերն ուղարկվել է անկախ փորձագիտական ինչ-որ խմբի, եւ հենց նրանք են որոշել մերժել մեզ, բայց թե ովքեր են այդ խմբում ներառված, ես չգիտեմ: Ծիծաղելին այն է, որ փորձագիտական խումբ կոչվածն անգամ, կարգի համաձայն, մեզ եզրակացություն չի ուղարկել, ընդամենը մեկ թղթի կտոր ենք ստացել, որտեղ ինչ-որ անստորագիր կարծիք է գրված: Թե ում կարծիքն է, չգիտեմ: Մեր հեղինակային խումբը հանդիպեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանի հետ, նա եւս ոչինչ հստակ չասաց: Մենք եկել ենք այն եզրակացությանը, որ նպատակադրված` քաղաքական նկրտումներից ելնելով որոշում է սա, ուրիշ ոչինչ: Ինչու, որովհետեւ մեր հեղինակած դասագիրքը հայրենասիրության մեծ խնդիր է լուծում, իսկ ԿԳՄՍՆ-ի հավանությանն արժանացած դասագիրքը` ոչ: Այդ դասագիրքը սկսվում է հայկական լեռնաշխարհից, սակայն այն, որպես մարդկության բնօրրան, չի ներկայացնում որեւէ պատկեր, ոչ մի նկար անգամ չկա»,- ասում է պատմաբանը: 

Նրա պնդմամբ` Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած դասագրքում պատմությունը կեղծված է։ «Մրցույթն անցկացվել է երկու չափանիշով. մեկը՝ համապատասխանություն գիտականությանը, մյուսը վերաբերում է ծրագրի բովանդակությանը: Սակայն հավանության արժանացած այդ դասագիրք կոչվածն ուղղակի խոտան է, այլ ոչ թե դասագիրք: Այն արդեն իսկ մտել է դպրոց: Խոսեմ դասագրքի բովանդակությունից. ներկայացված է շուրջ 7 թեմա, 7-ի վերնագրերն էլ փոխված են` հարմարեցված իշխանությունների դավանած գաղափարներին: Օրինակ` գրված է Հայկական լեռնաշխարհը եւ նրա բնակիչները: Ի՞նչ ասել է բնակիչ: Իրականում այն եղել է եւ պետք է լիներ Հայկական լեռնաշխարհը` որպես մարդկության զարգացման օրրան եւ հայոց քաղաքակրթության բնօրրան: Մեկ նախադասություն եւս նշեմ. ասում է` նախամարդը դուրս եկավ Աֆրիկայից եւ ժամանակի ընթացքում հասավ նաեւ Հայկական լեռնաշխարհ, ինչից հետո Հայկական լեռնաշխարհը դարձավ կարեւոր հանգրվան: Ի՞նչ է ստացվում՝ որ հայոց լեռնաշխարհը զուտ հանգրվան է: Հետեւությունները թողնում եմ ձեզ: Մեր խմբին ասում են, թե իբրեւ մենք գիտական նոր տեսությունների վրա չենք հիմնվել եւ ամեն բան ներկայացրել ենք որպես անառարկելի ճշմարտություն: Այսինքն` պատմությունը կասկածի տակ են դնում, ուզում են ասել՝ իրենք Մովսես Խորենացուց լավ գիտեն Հայոց պատմություն, բայց չէ՞ որ Խորենացին դարեր շարունակ սերունդներ է կրթել: Ինձ, որպես պատմաբանի, ամենեւին չի հուզում, թե դրսում ինչ կարող են ասել: 44-օրյա պատերազմից հետո բռնապետ Ալիեւը հայտարարել է, որ հայերին հաղթած սերունդը դեռ դպրոցական էր, երբ ինքը դարձավ Ադրբեջանի նախագահ: Ալիեւը հանգամանալից նշել է, թե ինչպես է դաստիարակել ադրբեջանցի աշակերտներին, ինչ տեսակի ատելություն է սերմանվել հայ ժողովրդի նկատմամբ: Ցավոք, այդպես է` Ադրբեջանի կեղծ պատմությունը ներկայացնում է, որ հայերը գրավել են Երեւանը, Սեւանը, թե իբրեւ դրանք էլ են իրենց պատմական տարածքները: Իսկ ի՞նչ ենք անում մենք: Ադրբեջանն իր գիտությունը ծառայեցնում է ազգային շահերին, բայց մենք փաստացի մեր ճշմարիտ պատմությունն այսօր փորձում ենք խմբագրել: Գիտականության չափանիշը պետք է փոխել, պետք է հասկանալ, թե դա որքանով է օգնում մեր ազգային խնդիրների լուծմանը: Այսօր ես ուզում եմ իմանալ, թե ով է այն մարդը, ով իմ հեղինակած դասագիրքը, հայոց պատմությունը վերջապես կասկածի տակ է դնում: Սվաջյանն ասում է, որ չի կարող անուններ տալ, բայց ինչո՞ւ` պետական գաղտնի՞ք է: Այսօրվա դպրոցում չկա դասագիրք: Եթե անգամ դասագիրքն ունենում է թերություն, այն շտկում են, այլ ոչ թե ասում` պիտանի չէ: Այսօրվա իշխանությունները դրսի հետ են աշխատում, դպրոցն առանց գիրք են թողել: Առաջին անգամ չէ, որ ես դասագիրք եմ գրում: Գործող մի շարք դասագրքերի հեղինակ եմ: Անաչառ մասնագետ եմ: Կողմ եմ` թող անցնի լավը, բայց ինչպե՞ս կարող է դպրոց մտնել մի դասագիրք, որը ոչ մի կապ չունի հայոց պատմության հետ»,- եզրափակում է Աշոտ Ղուկասյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image