Մի քանի օր առաջ մոտ 50 հոգանոց խմբով Կիրանցի պատի մոտ էր խոսում էր, թե այդ միջնորմը ինչպես է պաշտպանում կիրանցիներին և ինչպիսի հաջողությունների են հասել։ Կիրանցիների անվտանգության մասին ձոնատիպ հայտարարություններ էր անում։ Իբր իր այցի նպատակն է ցույց տալ Հայաստանի անվտանգության ապահովման այն կոնցեպտը, որով առաջնորդվում է ՀՀ Կառավարությունը։ Խոսում- խոսու՜մ էր, բայց ես չէի կարողանում լսել նրա կոնցեպտները, ուղեղս՝ խղճալով ինձ, արգելակվում էր։ Կարողացա նրա փաստարկներից մի բան հասկանալ։ Ինքը Կիրանցի պատի տակ է՝ առանց սաղավարտի և իրեն անվտանգ է զգում, որ հակառակորդը չի կրակում ու ինքը հանգիստ զրուցում է։ Պաշտպանական պատի տակ կանգնած մարդը փորձում էր համոզել՝ «տեսեք, չեմ վախենում»։
Պահը, որը ես մի հստակ բան հասկացա նրա խոսքից, հետևյալն էր.
Ինքը՝ առանց սաղավարտի, կանգնած է այդ պատի մոտ, և քանի որ հակառակորդը չի կրակում, ուրեմն այս ամենը հերոսական ապացույց է, որ մեր երկրի անվտանգությունը ապահովված է։ Սահմանապահներն էլ՝ առանց զրահաբաճկոնի։
Ու այդ ամենը մատուցվում էր որպես ՀՀ կառավարության անվտանգության բովանդակություն։
Բայց իրական հարցն այս է․
ինչու՞ պետք է քո վրա կրակեն, երբ առանց կրակելու համաձայնություններով դու բացում ես հաջորդ տարածքի դուռը։ Իսկ ինչու՞ պիտի կրակի, երբ ,, իբր չկրակելու,, գործընթացով մյուս տարածքները հանձնելու շարունակական գործընթաց է գնում։
Հետո նա հայտնվեց եկեղեցում։
Ժողովուրդը չկար։ Նա, իր պաշտոնյաների, ուժայինների, ոստիկանների հավաքով, մտավ այնտեղ, որտեղ պիտի լիներ լռություն, աղոթք, հոգևոր շունչ։
Եվ եկեղեցին էլ, այդ պահին, հիշեցնում էր արդեն ոչ թե աղոթավայր, այլ պատի այն կողմի անվտանգ միջանցք։
Ու մի պահ մտածեցի՝
եթե Կիրանցի պատը այդքան դուր է եկել նրան, թերևս մի պատ էլ դնի եկեղեցու դիմաց։
Որպեսզի հանգիստ անցնի ներս։
Որպեսզի մարդ չտեսնի։
Որպեսզի ժողովուրդը պատարագին չհասնի, իսկ ինքը ներս մտնի՝ առանց «անվտանգության ռիսկեր»։