Հունվարի 20-ին գրել էի «Առաջիկա շաբաթներին Սրբազանների կալանքը կմեղմվի» հոդվածը։ Արձագանքները, մեղմ ասած, հակասական էին։ Լավ լուրը, բնական է, ուրախացնում է այն մարդկանց, ովքեր ապրում են Երկրի, Եկեղեցու մտահոգությամբ, ովքեր ցավում են ոչ թե անձերի, այլ Հայոց Տան համար։ Բայց ինձ խորապես անհանգստացրեց մարդկանց այն փոքրիկ խմբաքանակը, որոնք չարացած գրում էին՝ «նրանք բանտում էլ կփտեն» կամ «էդ քեզ ո՞վ ասաց»։ Այդ բառերի մեջ ոչ թե տարակարծություն կար, այլ ցավոտ խզում՝ հոգևոր արմատներից կտրվածության։
Այդ մարդկանց էլ հասկանալ կարելի է։ Իրենց էներգիայի ողջ ռեսուրսով աշխատում են՝ Եկեղեցու, երկրի ինքնության դեմ, երբեմն՝ չհասկանալով անգամ, թե ինչի դեմ են կանգնած։ «Ինձ ոչ ոք չասաց»․ պարզապես քաղաքական տրամաբանություն էր պետք՝ հասկանալու, որ նախընտրական շեմին Նիկոլ Փաշինյանը կալանքը փոխարինելու է մի այլ կալանքով, որպեսզի մարդկանց մոտ տպավորություն ստեղծի, թե ինքը ինչ-որ հումանիստական քայլ է անում։ Բայց նա խնդիրը լուծեց «մեղմելով» կալանքը՝ առանց գործը փակելու։ Քաղաքական իմաստով սա կորչվում է կալանքների չափավորում։ Դա անում են, որպեսզի նվազեցնեն հասարակական լարվածությունը՝ խափանման ձևը փոխելով։ Ըստ էության, վերահսկողության իմաստով ոչինչ չէր փոխվում․ շղթան պարզապես այլ ձև էր ստանում։
Մի քանի շաբաթ անց դատարանը մեղմեց Սրբազանների կալանքը։ Բայց Բագրատ Սրբազանին պահում են որպես պատանդ ու հիշեցում՝ որպես լուռ ճնշում, որպես անտեսանելի սպառնալիք։ Եվ այդ լռության մեջ շատերը տեսան ոչ թե արդարություն, այլ հաշվարկ։
Ինչևէ, այսօր նույն քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ առաջիկայում Եկեղեցուց հեռացածներից շատերը դարձի կգան։ Քանի որ նրանք հոգևոր մարդիկ են։ Եվ որքան էլ արտաքին աշխարհը նրանց մղի մեկ ուղղությամբ, ներսում նրանք կռիվ ունեն իրենց հետ՝ Եկեղեցուն ու՞մ հետ են փոխում՝ Փաշինյանի՞… Այդ կռիվը լուռ է, բայց անողոք։ Նրանք արդեն համոզվել են, որ նյութական մարդու խոստումները փուչ են, որ քաղաքական աղմուկը չի կարող փոխարինել հոգևոր հիմքին։ Այսօր արդեն տարբեր անկյուններից նրանց դժգոհությունն է լսվում՝ որպես ներքին խղճի ձայն։
Հասկացել են, որ արշավը ոչ թե կաթողիկոսի, այլ Եկեղեցու, հայոց պատմության, ինքնության դեմ է։ Արշակ Սրբազանի վրա հորինված հեքիաթը նրանց զգաստացրել է։ Երբ հարվածը դիպավ ոչ թե անձին, այլ սրբազան կարգին, շատերի աչքերը բացվեցին։
Եպիսկոպոսաց ժողովում խոտորյալների ականջին Տուն Կանչողի ձայնը լսվեց՝ եկեք Տուն, Մեր Տանը կորոշենք ձեզ անհանգստացնող հարցերը։ Այդ ձայնը քաղաքական չէր, այլ հայրական։ Այդ ձայնը դատապարտող չէր, այլ կանչող։ Օրինակը կա։ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, որը նախ մասնակցեց, ապա ստորագրեց Եպիսկոպոսաց ժողովի ամփոփիչ հայտարարությունը, որով իրենց հավատարմությունն էին հայտնում կաթողիկոսին։ Առաջին դարձն էր սա, բայց ոչ վերջինը։
Վերջինը չի լինելու, որովհետև եպիսկոպոսները տեսնում են, որ հոտը իրենց չի ընդունում, և նա, ում հետևից են ընկել, ուժային կառույցներով է Եկեղեցի մտնում, որովհետև վախենում է… Վախը միշտ է ուժային լծակներով խոսում։ ՈՒժով, պետական լծակներով գնում է Եկեղեցու դեմ, որովհետև վստահություն չունի։
Եվ նրանք, որ հեռացել են Եկեղեցուց, բայց իրենց սրտում փայփայում են Եկեղեցին, կլսեն Տուն Կանչողի ձայնը և դարձի կգան։ Այդ ձայնը չի լռելու։ Եկեղեցին իրենց Տունն է, իրենց ծնողը։ Տուն է կանչում՝ ոչ թե պարտադրանքով, այլ սիրով։ Նրանք չեն ուզի, որ իրենց Հոր Տունը քանդեն կամ մասնակից լինեն քանդելուն։ Որովհետև խորքում գիտեն՝ Տունը քանդողը նախ ինքն է մնում անտուն։
Եվ երբ մարդը նորից լսում է Տան ձայնը, նա վերադառնում է։ Ոչ թե քաղաքական հաշվարկով, այլ սրտի մաքրությամբ։