ՀՀ էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, Գևորգ Պապոյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սպառնացել են քաղաքացիներին ներգրավել վարժական հավաքների, ենթադրելով, թե նրանք Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանում են Հայաստան՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար։
Այսօր՝ հունիսի 4-ին «Ռադիո Ավրորայի» տարածած տեսանյութում երևում են անցագրային կետերում քաղաքացիների անձնագրերը ստուգող ռազմական ոստիկանականներ։ Ըստ լրատվականի՝ Հռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում Ռուսաստանից ժամանող մինչև 55 տարեկանը չլրացած, հայկական անձնագիր ունեցող տղամարդկանց ծանուցագրեր է հանձնում՝ 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու համար
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը չի կարող ստուգել՝ արդյո՞ք արտերկրից (ներառյալ՝ ՌԴ-ից) ընտրակաշառք ստանալու մասին հայտարարությունները ճիշտ են, թե ոչ։ Նման հանցանքների բացահայտման համար առկա են իրավապահ, դատական մարմիններ և քրեական օրենքով նախատեսված ընթացակարգեր։ Այս հարցի քննարկումը երկրորդային է։ Վարժական հավաքները պարտադիր զինծառայության տեսակ են և դրա ընթացքում պահեստազորայինները ներգրավվում են մարտական հերթապահության։ Դրանք որպես ենթադրյալ կաշառքի դեմ պայքարի միջոց գործադրելով` քաղաքական իշխանությունը քաղաքացիների նկատմամբ կիրառում է օրենքով չնախատեսված պատիժ։
Վարժական հավաքների վերաբերյալ օրենսդրությունը չի նախատեսում ռոտացիոն կամ վիճակահանության հիման վրա պահեստազորայիններ ներգրավելու պահանջ։ Օրենքի այս թերության պատճառով մի պահեստազորայինը կարող է բազմաթիվ անգամ ներգրավվել վարժական հավաքի, մինչդեռ մեկ այլ պահեստազորայինը՝ երբեք։ Այս մոտեցումը հայեցողական է և կամայական։
Մարտական հերթապահության ներգրավումը հավասարազոր է զինվորական ծառայության, դրանից բխող բոլոր սահմանափակումներով և ռիսկերով։ Քաղաքական ընդդիմախոսներին պատժելու, քաղաքական մրցակիցների աջակիցների քվեարկությունը սահմանափակելու համար քաղաքացիներին մարտական հերթապահությանը ներգրավելու առկա գործելաոճը և օրենքի թերի կարգավորումներն անհամատեղելի են իրավական պետության չափանիշների հետ։
Հայտարարությունը հասանելի է հետևյալ հղումով.
ՔԻՀԿ