«Օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով եւ տարբեր տեսակի մեկնաբանություններով»,- երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը: «Առաջարկված նախագծով կունենանք մեկ միասնական տարբերակ, որը կօգտագործվի բոլոր միջոցառումներին՝ որակյալ ձայնագրություններով եւ ճշգրիտ կատարումներով։ Հիմնը պետք է ունենա իր դինամիկան, որպեսզի տրամաբանական զարգացում կատարվի։ Առաջին տնով մենք խոսում ենք հայրենիք-պետության մասին, երկրորդ տնով՝ ազատության փիլիսոփայության մասին, երրորդ տնով խոսում ենք մեր պետականության մյուս կարեւոր նշանի՝ դրոշի մասին եւ վերջապես վերջացնում ենք ուղերձով, որն ուղերձ է այսօրվա քաղաքացուն»,- ասաց փոխնախարարը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ շրջանառության մեջ դրվեց Հայաստանի հիմնի փոփոխության հարցը: Դա փոփոխություն անվանել էլ չի կարելի․ ընդամենը երգի խոսքի մի տունը տանում են առաջ, մյուսը` ետ, այնպես, որ «հայրենիքի համար կզոհվի» տունն ավելի շուտ հնչի, այլ ոչ թե հիմնի վերջում: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի հետ:
- Որպես կոմպոզիտոր` Դուք ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի հիմնի մասին, այն իսկապե՞ս անորակ է: Ի դեպ, հիշում եմ` 2000-ականներին եւս ցանկանում էին օրհներգը փոխել, մրցույթ հայտարարվեց, որին Դուք նույնպես մասնակցում էիք, սակայն այդպես էլ այն ժամանակ օրհներգը փոփոխության չենթարկվեց:
- Այո, Քոչարյանի ժամանակ էր կոնկուրսը: Փակ քվեարկությամբ իմ ստեղծագործությունն առաջին տեղը զբաղեցրեց, որի երաժշտության հեղինակը ես էի, խոսքերի հեղինակը՝ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, հետո ինտրիգներ սկսվեցին, եւ կոնկուրսը փակվեց: Ամեն ինչ մնաց օդի մեջ:
- Ի՞նչ ինտրիգ էր:
- Ժյուրիի ներսում էին ինտրիգները, ինձ հետ կապ չունեին: Ժյուրիի անդամները վատ հարաբերությունների մեջ էին իրար հետ: Ռազմիկ Դավոյանը Դավիթ Հովհաննեսի հետ լավ հարաբերությունների մեջ չէր, իսկ հիմնի խոսքերը Դավոյանն էր գրել, թեպետ ինքն էր ժյուրիի անդամներից մեկը: Հիմա նրանք՝ երկուսն էլ չկան: Մի քանի գործ էր անցել մրցույթով` իմ գործը, Ռոբերտ Ամիրխանյանինը, Տիգրան Մանսուրյանինը եւ մի կտոր՝ Էդգար Հովհաննիսյանից, ինչպես նաեւ Արամ Խաչատրյանի գործն էր: Բոլոր նշված անձանց գործերն անցել էին վերջին փուլ, բայց իմն առաջին տեղը զբաղեցրեց: Շատ լավ գործ է: Անդրադառնալով Ձեր առաջին հարցին՝ ես կասեմ, որ չեմ գտնում, որ մեր այսօրվա հիմնը հեչ բան է եւ բանի պետք չէ:
- Արժե՞ այսօր փոխել հիմնը:
- Այդ կոնկուրսի ձայնագ- րությունները կան: Անկեղծ ասած, սպասում եմ, որ մի օր մրցույթ կլինի, եւ ես կներկայացնեմ իմ հիմնը: Այն այնքան լավն է, որ ես կարմրելու տեղ չունեմ: Թե ինչ են ցանկանում հիմա անել, տեղյակ չեմ: Հավանաբար, աղավաղված ասելով` խոսքերը նկատի ունեն: Եթե նորից կոնկուրս անեն, ես կմասնակցեմ: Օրհներգն ունի երաժշտական եւ բանաստեղծական օրենքներ: Առաջին հերթին այն պետք է կարճ լինի` երկու րոպեից ոչ երկար, երկրորդ` օրհներգում երաժշտական մատերիալը պետք է դեպի վերեւ լինի, ոչ թե՝ ներքեւ: Մեր հիմնը այլ ձեւով է: Օրինակ` Խաչատրյանի հիմնը վերեւ է տանում: Ճիշտն այդպես է: Բացի այդ, գործող հիմնը վերցված է «Ալեկո» օպերայից: Դա գիտեն բոլորը: Ես հիշում եմ, որ Լորիս Ճգնավորյանն այն ժամանակ մոտ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ այդ հիմնը տարավ ու տարավ մինչեւ վերջ, իսկ հետո, երբ եկավ Քոչարյանը, տեսավ՝ դաշնակցականները նեղանում են, չեղարկեց կոնկուրսը, ու դրանով ամեն ինչ վերջացավ: