Մարդու օրգանիզմն առողջ է այնքան ժամանակ, քանի դեռ մարսում է սնունդը։ Երբ սնունդը դառնում է անորակ, օրգանիզմը սկսում է թունավորվել։ Այս իշխանությունը հենց այդպես է․ անընդհատ «կերակրվում» է իր համար վտանգավոր որոշումներով ու ողբերգություններով, բայց երբեք չի մտածում՝ ունա՞կ է արդյոք դրանք մարսելու։ Վերջին «կերակուրը»՝ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի սպանությունն է։ Դեպքի իրավական կողմին գնահատական չտանք․ այդ գործը քննիչներինն է։ Բայց ահա քաղաքական դաշտը թեժացել է։ Իշխանությունը՝ իր քարոզչամեքենայով, փորձում է այն ներկայացնել որպես կենցաղային սովորական սպանություն։ Ընդդիմությունը, բնականաբար, հակառակն է պնդում՝ քաղաքական ենթատեքստ։ Իսկ ժողովու՞րդը։ Ժողովուրդը չի հավատում ոչ իշխանությանը, ոչ էլ ընդդիմությանը։ իշխանությունը պաշտպանում է իրեն, ընդդիմությունը փորձում է դա քաղաքական կապիտալի վերածել։ Բայց իրականությունը շատ ավելի վտանգավոր է․ ժողովուրդը սկսում է չհավատալ ոչ մի իրավական գործընթացի։ Եվ հենց սա է ամենամեծ աղետը։
Երբ հանրությունը չի վստահում, իշխանության բոլոր ջանքերը՝ գործը բացահայտելը, մեղավորներ «ներկայացնելը»՝ պարզապես բախվում են անվստահության պատին։ Բնական է, իշխանությունը պիտի իրեն պաշտպանի, ընդդիմությունն էլ պիտի այդ քաղաքական գործիքն օգտագործի։ Արդյունքում՝ հանրությունն իշխանության ենթակա ոչ մի իրավական գործընթացի չի հավատում և ավելորդ է դառնում իշխանության կողմից դեպքը արագ հայտնաբերելու ու հանրությանը ներկայացնելու ջանքերը։ Բազում փակ ողբերգությունների հետ մեկտեղ այս ողբերգությունն էլ մնում է իշխանության կողմից չմարսված։ Եվ այդպես է եղել տասնյակ դեպքերի հետ․ 15 զինվորների մոխրանալը, տարածքները սահմանազատման անվան տակ հանձնելը, Արցախի կորուստը, հղի կնոջը վրաերթի ենթարկելն ու անպատիժ մնալը, Եկեղեցու դեմ արշավները, Սրբազանների ձերբակալությունն, ու բազում չթվարկածս ողբերգությունները մնալու են չմարսված՝ իշխանության բկին կանգնած։ Բոլոր այդ պատմությունները դառնում են անորակ սնունդ, որը կանգնում է իշխանության բկին։ Եվ որքան էլ իշխանությունը փորձի իր «իրավական լծակներով» մարսել այդ ամենը, արդյունքը նույնն է․ ժողովուրդը չի հավատում։
Երբ հանրությունը կորցնում է հավատը, իշխանության համար չի գործում ոչ օրենքը, ոչ դատավորը, ոչ քննիչը։ Ամեն ինչ վերածվում է դատարկ ձևականության։ Իսկ դա նշանակում է, որ իշխանության ամեն վտանգավոր ճգնաժամը դեռ առջևում է․ այն օրը, երբ ժողովրդի վստահության ու համբերության բաժակը կլցվի ու սելավի նման նրան կքշի։