Մշակույթ

Հայոց լեզվի ատեստավորման թեստերը եղել են ծավալուն, խրթին ու ծուղակներով լի

Հայոց լեզվի ատեստավորման թեստերը եղել են ծավալուն, խրթին ու ծուղակներով լի

Նոյեմբերի 9-ից մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որն այս տարվանից կանցկացվի բացառապես էլեկտրոնային եղանակով: Թղթային եղանակով իրականացվելու է միայն «Եզդիերեն», «Պարսկերեն» եւ «Ասորերեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը:

Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 6 հազար մանկավարժ։ Երեւանում եւ ՀՀ բոլոր մարզերում ձեւավորվել է 35 քննական կենտրոն, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով։ Ատեստավորումների մեկնարկը տրվել է նոյեմբերի 9-ին, այդ օրը տեղի է ունեցել «Ինֆորմատիկա» եւ «Աշխարհագրություն», իսկ նոյեմբերի 10-ին՝  «Անգլերեն» եւ «Ռուսաց լեզու» առարկաների ուսուցիչների ատեստավորումը։

Հաջորդաբար, նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու» առարկաների ուսուցիչների ատեստավորումը։ Սոցիալական ցանցերում՝ մանկավարժների տարբեր խմբերում դժգոհությունները շատ են հատկապես հայոց լեզվի հետ կապված։ 

Այդ խմբերից մեկում ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը նշել է, որ, առաջնային տվյալներով՝ հայոց լեզվի կամավոր ատեստավորման մասնակիցների 72%-ը հաղթահարել է 60%-ի շեմը, ընդ որում՝ 18%-ը 80%-ից բարձր արդյունք է գրանցել։

«Եթե մասնակիցները թղթային տարբերակն ունենային ձեռքի տակ՝ վրան նշումներ անելու համար, շատ ավելի բարձր միավորներ կունենայինք։ Հայոց լեզվի պարագայում թղթային տարբերակը շատ անհրաժեշտ է։ Երբ ուղեղը խիստ ծանրաբեռնված աշխատում է, թեստի վրա նշումներ անելն անհրաժեշտություն է։ Հիշողությունը չի կարող այդ պահին շատ ինֆորմացիա պահել ու համադրել։ Իսկ մասնագիտական առումով՝ հաղթահարելի թեստ էր»,- ԿԳՄՍՆ պաշտոնյանին այսպիսի կարծիք է ուղղել ատեստավորման մասնակիցներից մեկը։

Գրեթե բոլոր մասնակիցները մատնանշել են 3 բացասակա հանգամանք, այն, որ հայոց լեզվի թեստերը ծավալուն են, խրթին ու ծուղակային հարցերով։ «5-6 ժամ պետք էր գրելու համար։ Բացի այդ, թեստը ձեռքիդ տակ չէ, որ վրան նշումներ անես, գծապատկերի համար նախադասությունները համարակալես, ճիշտ ու սխալ ընդգծես եւ այլն։ Միայն ինը ծավալուն նախադասություն բայի սեռի վերաբերյալ էր։ Մի խոսքով... հավաքել եմ 73%, նախորդ տարի` 77%»,- նկատել է ատեստավորումը հաղթահարած ուսուցիչներից մեկը։

Փաստացի, գոհ չեն եղել նաեւ նրանք, ովքեր բարձր միավորներ են հավաքել․ «Շատ վատն էր, պահանջների ձեւակերպումները՝ խառը, անորոշ: Չնայած լավ եմ վաստակել, բայց գոհ չեմ: Շտեմարանից ոչ մի առաջադրանք չկար, նախորդ տարիների թեստերից տարբեր էր. նախորդ տարիներին եղածներից ամենաբարդ ու անհեթեթ թեստն էր»:
Օգտատերերից մեկի դիտարկմամբ՝ հարցաշարը նախորդ տարիների հարցաշարերից տարբեր էր, որտեղ կային ե՛ւ անհասկանալի, ե՛ւ հեշտ հարցեր․ «Արհեստականորեն բարդացված էր, ավելորդ ենթահարցեր ունեին, որոնց վրա բավական ժամանակ է գնում, մինչեւ փնտրում-գտնում ես։ Այս տարիների ամենաբարդ թեստն էր»։

Մեկն էլ մատնանշել է թեստում առկա սխալները․ «Թեստում կային սխալ պահանջներ` կապված ստորոգյալի եղանակների հետ։ Ճիշտ ընդունված պատասխաններում կան բաղադրյալ ստորոգյալներ, որոնք չեն կարող պատկանել որեւէ եղանակի։ Դիտարկումն այն մասին, որ հայոց լեզվի շատ հարցեր խիստ դժվար է առանց թղթային տարբերակի գրել, շատ տեղին է։ Մեզ պարզապես ծաղրում են։ Երեւի հաջորդ տարի հարցերն առաստաղից կկախեն...»։
«Մի դիտարկում՝ վերադարձրեք 10 միավորանոց հարցից ուսուցչին հասանելի 10 միավորը, 10-ից կրճատել եք 4 հարց, դարձրել 6, իսկ մյուս առաջադրանքները դարձրել շատ աշխատատար ու անհասկանալի ձեւակերպումներով (բայի եղանակային ստորոգյալ, սեռի վերաբերյալ անհասկանալի առաջադրանք, շարահյուսական դեր՝ ստորադաս նա՞խ, թե՞ անդամի, չգիտես ինչ, ինչ, ինչ…)։ Իսկ այս ամենին գումարած՝ անընդհատ չաշխատող մկնիկ եւ պրկված նյարդեր։ Ուժերիս գերլարումով ոչ մի միավոր չավելացրի նախորդ տարվա արդյունքիս՝ 80%»,- բովանդակային սխալներից բացի, նաեւ տեխնիկական խնդիրներ է մատնանշել մեկ ուրիշը։

«Չափազանց խրթին, ծուղակներով լի, ծավալուն թեստ էր, բոլոր տարիներին էլ մասնակցել եմ, բայց երբեւէ եղած ամենաանհաջող թեստն էր։ Մեկ անգամ եւս համոզվեցի, որ հայոց լեզվի այդ տեսակի թեստը պետք է նաեւ թղթային տարբերակ ունենար, քանի որ հարցերի մեծ մասի պատասխանները ճիշտ նշելու համար թեստի վրա պետք է աշխատես։ Ճիշտ է, սեւագրության թուղթ կար, բայց էկրանից արտագրությունը ժամանակատար էր եւ հոգնեցնող»,- նշել է մասնակիցներից մեկը, որի խոսքին երկրորդել է մեկ ուրիշը։ «Ես համոզվեցի, որ հայոց լեզվի թեստ գրողը խորին ատելություն ունի բանասերների նկատմամբ։ Նա չի ցանկանում, որ հայոց լեզվի մասնագետները տարին մեկ անգամ գոնե ուրախանան։ Բավական է նշել, որ միայն հայոց լեզվի քննության ժամն է ավելացվում։ Բայց առնվազն չորս ժամ էր պետք։ Հետո «Աշխարհս միզ մնալու չէ»․․․»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image