44-օրյա պատերազմից հետո Հայաստանում գոյացել է մի սոցիալական խումբ, որը խարխափում է աղքատության մեջ եւ որը մեր պարտության խարանն է` աղքատների գնացքի վերջին վագոնը։ Խոսքն Արցախից տեղահանվածների մասին է։ Պետական մարմիններն աշխատում են մոռանալ նրանց տված խոստումները, չնկատել նրանց պրոբլեմները, բանկերն արհամարհում են որպես ակնհայտ անվճարունակների, Հայաստանում նրանք, կարծես, ոչ մեկին պետք չեն։ Ժամանակ առ ժամանակ նրանք կառավարության շենքի մոտ ակցիաներ են անում, թքում-մրում են իրենց խաբող իշխանավորներին ու էլի անհետանում սոցիալական անդունդում։ Ու խումբն այս օրեցօր ավելանում է։
Բժիշկն ասաց՝ երեխայիդ քաշը չի ավելանում
Արտեմիս Գրիգորյանի ընտանիքում 5 անձ է՝ 3 անչափահաս երեխա, միջնեկն Արցախն է, փոքրը՝ Անգելինան, 3 տարեկան էր, երբ Քաշաթաղի Հերիք գյուղից տեղահանվեցին ու եկան Արթիկ, հարեւաններից մեկն Արցախիկին համակարգիչ նվիրեց։ Այսօր այդ համակարգիչն Արթիկի քարուքանդ մեկ սենյականոց վարձով տան միակ ճոխությունն է։ Մյուսն օգտագործված լվացքի մեքենան է, որով երեխաների շորերն են լվանում, բայց լողանալ այդ տանը չեն կարող՝ գնում են բարի հարեւանուհու տուն։ Այսօր բարի հարեւանուհին 6 հատ ձու է նվիրել Արտեմիսին՝ ընտանիքի մեկ օրվա սնունդը։ Արտեմիսը երջանիկ է, այսօր էլ երեխաների առաջ բան կունենա դնելու։ Երեխաներից ամենամեծ հոգսը փոքրիկն է պատճառում՝ Անգելինան։ Նա վերջերս կեղծ կրուպով է հիվանդացել, մանկապարտեզ չեն թողնում։ Եթե թողնեն էլ, չի կարողանա գնալ, որովհետեւ 2 ամսվա մանկապարտեզի վարձը կուտակվել է՝ 16 հազար դրամ, որն Արտեմիս Գրիգորյանը չունի։ Նրա միակ եկամուտը 18 հազար դրամ նպաստն է, որն ամբողջությամբ գնում է խանութում «նիսիայի» պարտքը փակելու վրա։ «Անգելինային որ տարա բժշկի, ասեցին՝ երեխայի քաշը չի ավելանում։ Ես բան չասեցի, ո՞նց բացատրեմ, որ Անգելինան սոված է մնում»,- ասում է երիտասարդ կինը։ Նա նախկինում բնակվում էր վարձով տանը, բայց տան վարձը 20 հազարից դարձրին 25 հազար, ստիպված՝ դուրս եկան։ Մեկ սենյականոցում անվճար են ապրում՝ պայմանով, որ կվերանորոգի քանդուքարափ տունը, բայց ո՞նց նորոգի, եթե փող չունի, իսկ ամուսինը շաբաթը մեկ-երկու անգամ բեռնակրություն է անում, ամեն անգամ 2-3 հազար դրամ տուն բերելով։ Մեկ սենյականոց տան տերը, որտեղ հիմա մնում է արցախցի ընտանիքը, իրենց շուտով դուրս է հանելու, քանի որ տունը չեն կարողանում նորոգել։ Արտեմիսը գիշերները չի քնում։ «2022 թվականի հոկտեմբերին սերտիֆիկատ ստացանք պետությունից՝ 10 մլն դրամ, տուն գտանք, որ առնենք, գնացինք Արթիկի Յունիբանկ, բայց մեզ մերժեցին։ Ասեցին, որ վատ վարկային պատմություն ունենք։ Ի՞նչ կապ ունի դա, եթե այդ 10 մլն դրամը ոչ թե ես եմ տալու, այլ՝ պետությունը։ Թող մեզ էդ սեւ ցուցակից հանեն, գործարքն անեն, էլի հետ գցեն սեւ ցուցակ»,- առաջարկել է կինը Յունիբանկին։ Իսկ մեզ խոստովանում է՝ այո, ունի 250 հազար դրամի չմարած վարկ՝ վարկով 79 հազար դրամի «Սամսունգ» հեռախոս էր վերցրել, մնացածն էլ Քաշաթաղ եկող-գնացող առեւտրականի համար էր վերցրել, որ դնի առեւտրի մեջ, իրեն մի քիչ փող տա, առեւտրականը մի քանի օր երեւացել էր ու փախել՝ վարկը թողնելով միամիտ Արտեմիսի ուսերին։
Ասում եմ՝ 4 անչափահաս ունեմ, ամուսինս մահացել է, բանկն ասում է՝ մեզ ի՞նչ
Արեւիկ Նազարյանը պատերազմի առաջին օրն է տարհանվել Քարվաճառի Նոր Կարաչինար գյուղից՝ սեպտեմբերի 27-ին։ 4 անչափահաս բալիկների, քաղցկեղով հիվանդ, զինվորական թոշակառու ամուսնու եւ նրա մոր հետ տեղափոխվել է նախ Ապարան՝ բարի մարդկանց տուն, հետո՝ Էջմիածին։ Ամուսինը, որը ներուղեղային ուռուցք ուներ, երրորդ վիրահատությունից հետո մահացավ։ Սկեսուրը մնաց որդու գերեզմանի մոտ՝ Էջմիածնի «դոմիկում»։ Արեւիկը 11, 10, 8 եւ 1 տարեկան երեխաների հետ գնաց Արտաշատ, մեծ դժվարությամբ վարձով տուն գտավ։ Բայց եթե մինչեւ 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսները մարզերում ամիսը 20-30 հազար դրամով կարելի էր տուն գտնել, այսօր նույն բնակարանը 3 անգամ ավելի արժե։ 4 անչափահասի հետ՝ ավելի թանկ։ 120 հազար դրամ է տալիս Արեւիկն Արտաշատի տան համար ու դեռ համարում է, որ էժան է պրծել։ Նա ամսական 130 հազար դրամ նպաստ է ստանում, որից իրեն մնում է 10 հազար։ Նախկինում, երբ դեռ տան վարձերի համար տրվող պետական աջակցությունը չէին կտրել, Արեւիկը մի կերպ տեղավորվում էր ծախսերի մեջ, հիմա նրանք ապրում են բարեկամների եւ հազվագյուտ՝ Արտաշատի քաղաքապետարանի օգնությամբ։ 22 թվականի նոյեմբերին Արեւիկ Նազարյանը ՀՀ կառավարությունից ստացել է բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ, տարել է Յունիբանկ, Արդշինբանկ, էլի մի քանի տեղ ու մերժվել։ Ասել են՝ 140 հազար դրամի վարկ ունի եւ չի աշխատում։ «Բայց չէ՞ որ պետությունն է էդ 10 մլն-ն տալու, իմ աշխատանքն իրենց ի՞նչ կամ էդ 140 հազարը։ Ասում ես՝ 4 անչափահաս ունեմ, ամուսինս մահացել է, բանկը պատասխանում է՝ մեզ ի՞նչ, դա մեզ չի վերաբերում։ Բայց չէ՞ որ իմ ամուսինը բոլորի, նաեւ նրանց համար է կռվել, հայրենիքը պաշտպանել որպես զինվորական, հիվանդացել ու մահացել»։ 140 հազար դրամ վարկի պատմությունն ուշագրավ է։ Արեւիկը հեռախոս է վերցրել Ինեկոբանկի ապառիկ վարկով, դեռ մինչեւ 44-օրյան, բարեխղճորեն մուծել է պարտքը, երբ մնացել է 40 հազար, կառավարությունը հայտարարել է, որ իր վրա է վերցնում վարկերը, ու Արեւիկը կարծել է, թե իր 40 հազարը ջնջվեց։ Վերջերս տեղեկացել է, որ ոչ թե ջնջվել է, այլ դարձել է 140 հազար։ Այժմ բանկը պահանջում է, որ զրոյացնի վարկը, նոր նրա հետ գործարք կանեն, բայց 140 հազարն աստղաբաշխական գումար է բազմազավակ մոր համար։
Սերտիֆիկատների ծրագիրը մոգոնել են, որ աջակցության 40 հազարը չվճարեն
Դիանա Մասուրյանը 7 երեխա ունի։ Մեծը՝ 23 տարեկան, 44-օրյա պատերազմի մասնակից է։ Արցախի Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղն Ադրբեջանին հանձնելուց հետո նա իր բազմազավակ, 12 հոգանոց ընտանիքով եկել է Շիրակի մարզ՝ Ախուրյան։ Նրա բախտը բերել է․ տուն է վարձել ընդամենը 15 հազար դրամով։ Թեեւ առանց կոմունալ հարմարությունների։ Ջուրը վառարանի վրա տաքացնում են, լողանում տաշտում։ Կահույքից 3 մահճակալ ունեն։ «Վորդ Վիժնն» աջակցել է, եւ Դիանան պահարանի ու լվացքի մեքենայի տեր է դարձել, օրերս էլ գազ են քաշել։ Բայց մարտին Դիանան ստացել է սերտիֆիկատը եւ այս ամիս այլեւս աջակցության 40 հազարը չի ստանալու։ Բանկն էլ ասել է, որ գործարք չի անելու ընտանիքի հետ, քանի որ Դիանայի ամուսինն ունի չմարված վարկային պարտավորություն։ «Գործարքը կանգնեց, տանտերը փոշմանեց մեզ տուն վաճառի, 40 հազարից էլ զրկվեցինք»,- ասում է կինը։
Սերտիֆիկատ տրամադրելու պահանջներն ու պայմաններն անհարմար են, անտրամաբանական։ Սերտիֆիկատը տրամադրելուց 2 ամիս հետո, ըստ սահմանված կարգի, շահառուն այլեւս չի ստանում ամենամսյա 40 հազարական դրամ աջակցությունը։ Այդ գումարով տարհանվածները տան վարձ էին տալիս։ Համարվում է, որ ստանալով սերտիֆիկատ՝ մարդը տուն է գնել, ու նրան էլ տան վարձ պետք չէ։ Սակայն վերցնելով պետությունից սերտիֆիկատը՝ շահառուն չի կարողանում տուն ձեռք բերել, որովհետեւ բանկը հրաժարվում է դրա դիմաց գումար տրամադրել։ Արդյունքում նա զրկվում է ե՛ւ 40 հազար դրամ աջակցությունից, ե՛ւ բնակարան գնելու հեռանկարից։ Ստացվում է, որ սերտիֆիկատների ծրագիրը Փաշինյանի կառավարությունը մոգոնել է մեկ նպատակով, որ զրկի փախստականներին աջակցության 40 հազարից։ Դիանան հաշվել է, որ 10 մլն դրամով չի կարողանա տուն գտնել։ «Բացի դա, բանկը ոչ թե 10 մլն է տալիս, այլ՝ 9 մլն։ 500 հազար դրամը վերցնում է որպես կանխավճար, 500 հազարն էլ՝ որպես տոկոս»։ Իսկ ամենաաբսուրդ պահանջն այն է, որ այդ 9 մլն դրամով 12 հոգանոց ընտանիքը պետք է միմիայն քարե տուն առնի։ «Դոմիկ գնել չի կարելի»։
Մենք փորձեցինք կապվել Արցախի բնակարանային կոմիտեի նախագահի տեղակալ Իննա Իշխանյանի հետ, որը զբաղվում է տեղահանված ընտանիքների խնդիրներով, նա խոստացավ կապվել ավելի ուշ։ Կսպասենք նրա պարզաբանումներին։