Այլ

Զանգ կախող չկա․․․

Զանգ կախող չկա․․․

Բոլորս ճառ ասող ենք, զանգ կախող չկա։ Շարքային քաղաքացին, որ ասում է՝ այլ ելք չկա, Նիկոլին պետք է հեռացնել, հասկանում ես։ Բայց երբ նույն բանը՝ ավելի պաճուճավորված ասում է քաղաքական գործիչը, ժողովրդի շարժիչ ուժը, զարմանում ես։ Ինչի՞ եք սպասում։ 

Բանակը հայ ժողովրդի ամենացավոտ կետն է, զինվորը հայ ժողովրդի սիրտն է եղել։ Շատ պարզ տեսնում եք, որ այս իշխանությունը իր գալու հենց առաջին օրվանից Բանակն է գլխատում։ Հերոսներին քրեական հետապնդումների ենթարկելով, նվաստացնելով խփում է ուղիղ հայ ժողովրդի սրտին։ Պատկերացրեք մեկը, որ թիրախ է բռնել ուղիղ ձեր սրտի վրա, իսկ դուք դիտելով այս ամենը, ասում եք՝ պետք է մեկուսացնել նրան։ Պետք է հեռացնել հայ ժողովրդի սրտի վրա կրակողին։ Ասում ու լռում եք։ Ասում ու սպասում եք՝ միգուցե փամփուշտը փուստ գնա։ 

Խոստովանենք, որ զանգ կախող չունենք։ Այն ժամանակ, երբ հայ ժողովրդի սրտին չէին հասել, հեշտ էր մանիպուլյացիաներով՝ նախկինների ու թալանչիների,  խաբել ժողովրդին։ Գուցե դա էր պատճառը, որ ժողովուրդը մի մարդ չէր դարձել։ Հիմա, երբ նշանակետը մեր երկիրն է, Բանակը, մեր Սիրտը, երբ զոհասեղանին դրվել է հայոց Զինվորը, ժողովուրդը պատրաստ է պաշտպանվելու։  Առաջնորդող է պետք։ Զանգ կախող է պետք, իրեն զոհող է պետք, քանի որ իշխանությունը վիշապի մի գլխից վերածվել է տասը գլխի։ Օր օրի շատանում են վիշապի գլուխները, հետո ավելի դժվար է լինելու։ Փրկել է պետք մեր Բանակը։ Փրկել է պետք մեր Զինվորին, որը դարձել է իշխանության խոցման առարկան։ Փրկել է պետք հայ ժողովրդի արժանապատվությունը, պատիվը՝ հայի մարտական ոգին վերականգնելու գնով։ Այն ոգին, որով թշնամուն հաղթել ենք։ Այն ոգին, որն այսօր երկաթե սալի վրա դրած ծեծում է այս իշխանությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image