Օրեր առաջ, վարչապետի որոշմամբ, Կարեն Գիլոյանն ազատվեց ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից: Թեեւ ԿԳՄՍ նախարարը նշեց, որ Գիլոյանն իր գործունեությունը շարունակելու է սպորտի ոլորտում, բայց մենք տեղեկացանք, որ նա իր գործունեությունը տեղափոխել է բիզնես ոլորտ։
ԿԳՄՍ արդեն նախկին փոխնախարար Կարեն Գիլոյանից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է, որ բիզնես գործունեություն է այսուհետ ծավալելու։ «Այո․․․, բայց սպորտի հետ է կապված։ Ներդրող ընկերներ ունեմ, ովքեր մարզաբազաներ, մարզակառույցներ են ուզում ստեղծել, դրանով ակումբային սպորտին զարկ կտանք»։ Այսինքն՝ բիզնես ոլորտում էլ սպորտից շատ չի հեռանալու։ «Ընդհանրապես չեմ հեռանալու, իմ ամբողջ գիտակցական կյանքը սպորտի մեջ է եղել, ես չեմ կարող սպորտից հեռանալ, ուրիշ տեղ ինձ չեմ պատկերացնում, ու որ բիզնես եմ ասում, դա էլ է սպորտային բիզնես լինելու։ Սկզբից կառույցներ ենք ստեղծելու, որ ունենանք տարածք, դահլիճ, բազա, որ հետո կարողանանք աշխարհի առաջատար սպորտային երկրների օրինակով զարկ տալ ակումբային բիզնես սպորտին»։
Ի՞նչ է իրենից ներկայացնում ակումբային բիզնես սպորտը, ի՞նչ ծառայություններ է մատուցելու։ «Որպես օրինակ վերցնենք ֆուտբոլային ակումբները՝ «Ռեալը», «Բարսելոնան», որոնք ունեն նաեւ բասկետբոլի, վոլեյբոլի, ջրագնդակի, հանդբոլի թիմ․․․, այսինքն՝ ակումբ կոչվածը մի մարզաձեւ չէ, դա ակումբ է, որի մեջ կան թե՛ ֆիթնես խմբեր, թե՛ մարզաձեւեր, թե՛ ֆանատների խմբեր, թե՛ վերապատրաստման, հավաքների անցկացման տեղեր։ Ամբողջական մի սպորտային կառույց է, որը շնչում է սպորտով եւ տարբեր հարթակներում գործունեություն է ծավալում։ Սա է աշխարհի սպորտի ապագան, եւ ժամանակն է, որ Հայաստանն էլ այդ ճանապարհով առաջ գնա։ Դրա համար, իմ մանկության ընկերների հետ, ովքեր արտասահմանում են ապրում, իրենց հետ նախ կստեղծենք համապատասխան կառույցներ, որոնց հիմքի վրա հետագայում կզարգացնենք ակումբային սպորտը»։
Կ․ Գիլոյանն ընդգծում է՝ այդ կառույցները Երեւանից դուրս են լինելու, քանի որ «ամեն ինչը Երեւանում է կենտրոնացված, իսկ մարզերում երեխաները հնարավորություն չունեն անգամ բասկետբոլ պարապել։ Դրա համար փորձենք Երեւանից դուրս գալ, հետագայում բոլոր մարզերում էլ ինչ-որ գործունեություն կծավալենք»։
Ասում է՝ փոխնախարարի պաշտոնից հեռանալու որոշումը իրենն է եղել, ինչ վերաբերում է նրան, որ մամուլում գրվեց, թե տարաձայնություններ է ունեցել նախարարի հետ, Գիլոյանը նշեց, որ ոչ միայն նախարարի, այլեւ ոչ մեկի հետ տարաձայնություն չի ունեցել․ «Աշխատանքային, մարդկային բոլոր կապերը պահում ենք, զանգում ենք, որեւէ այդպիսի խնդիր չի եղել, իսկ աշխատանքի մեջ երբեմն մարդն ինքն իր հետ էլ է որոշակի խնդիրներ ունենում։ Աշխատանք է, կարող է մի բան էլ այնպես ստացված չլինել, բայց ոչ այդ ասեկոսեների մակարդակի։ Շարունակում եմ աշխատել նույնկերպ, շուտով համահայկական խաղերի բացումն եմ վարելու, մեծ միջոցառումներում եմ ներգրավված լինելու, այնպես որ՝ ես ու սպորտն անբաժանելի ենք»։
Թե ում կամ ինչ է նկատի ունեցել նախարարը, երբ ասել է, որ թարմ հայացքի կարիք կա, Գիլոյանը դժվարանում է ասել․ «Ընդհանրապես, թարմությունը շատ լավ բան է, թարմությունից վատ բան պետք չէ սպասել․․․ նորից եմ ուզում նշել, որեւէ հարկադրաբար բան չի եղել, խորհրդակցել ենք եւ եկել այդ որոշմանը»։
Գիլոյանը հավելում է, որ իրենից հետո ով էլ գա, պատրաստ է աջակցել, օգնել, իր գիտելիքներով կիսվել։
Ավելին՝ զուգահեռաբար գործունեոթյուն է ծավալելու նաեւ VADA-ում․ «Ես արդեն սկսել եմ իմ գործունեությունը VADA-ում՝ հակադոպինգային համաշխարհային ասոցիացիայում, այժմ գործնական դաշտ եմ տեղափոխվել, շուտով գրասենյակ եմ բացելու Երեւանում, որովհետեւ մեծամասամբ այստեղ եմ լինելու, աշխատելու եմ օնլայն, իսկ ընթացքում նաեւ հաճախակի գնալու եմ եւ իրենց հետ տեղում աշխատեմ։ Բավական լայն ներգրավվածություն են ակնկալում իրենք, ես էլ համաձայնել եմ»։