Հասարակություն

2026-ին մեր պետությունը պետք է վստահելի ձեռքերի հանձնենք․ Շնորհավոր Նոր տարի ու Սուրբ ծնունդ

2026-ին մեր պետությունը պետք է վստահելի ձեռքերի հանձնենք․ Շնորհավոր Նոր տարի ու Սուրբ ծնունդ

Տարվա վերջին օրն է: Աղջիկներս, կարելի է ասել, այս տարի ինձ ազատել են ամանորյա սեղանի հոգսից, միայն հնդուհավն են թողել ինձ վրա: Թռչունը ջեռոցում է, ես էլ տարին եմ մտքումս ամփոփում, փորձում եմ լավ ու վատ անել, դասակարգել ու դարակներում շարել ապրածս, զգացածս...

Ասել, որ բարդ տարի էր 2025-ը, նշանակում է` ոչինչ չասել: Ասել, որ մեծ հաջողություններ ու առաջընթաց գրանցեցինք, նշանակում է խիստ չափազանցնել, ասել, որ աշխարհի թոհուբոհից Հայաստանը դուրս մնաց, կամ Հայաստանի կառավարիչները կարողացան մեզ զերծ պահել այդ թոհուբոհից և ինչ որ ապահով հանգրվանի հասցնել, նշանակում է ինքնախաբեությամբ զբաղվել: Ասել, որ երկիրն արդեն 8-րդ տարին կառավարող մարդն ու իր թիմը գոնե «փոխադրվեցին» երկրորդ դասարան` իրենց սխալներից հետևություններ արեցին, ինչ որ բան սովորեցին, ինչ որ դասեր քաղեցին, ավելի հասուն ու խելամիտ, ավելի լայնախոհ ու հանդուրժող, միավորող, ոչ թե պառակտող դարձան, քաղաքական հակառակորդների ու իրենց քննադատողների կարծիքը սկսեցին հաշվի առնել, կնշանակի անխղճորեն ստել: 

Այնուամենայնիվ տարվա վերջին օրը ուզում եմ լավատես լինել, երախտապարտ լինել Բարձրյալին այն ամենի համար, ինչ տվել է մեզ, ինչ չի առել մեր ձեռքից (դեռ չի առել), ինչով մեզ փորձությունների է ենթարկել ու ինչի մասին մեզ ահազանգել է` հույսով, որ այդ ահազանգերը լսելի կլինեն մեր կողմից...
Շնորհակալ եմ իմ զավակներին ու թոռներին, այն բոլոր երջանիկ պահերի համար, որ պարգևել են ինձ այս տարի: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, «Հրապարակի» ողջ կոլեկտիվին` բազում դժվարություններ միմյանց հետ հաղթահարելու և համառորեն ու նվիրումով մեր գործը շարունակելու համար: Շնորհակալ եմ իմ ընկերներին` իմ կողքին լինելու և ինձ աջակցելու համար: Շնորհակալ եմ ինձ հետևող, ինձ ընթերցող մարդկանց, որոնց ջերմ խոսքերը, ուշադրությունը ուժ ու էներգիա են ինձ փոխանցում:

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում համար հայրենիքը սոսկ աշխարհագրական վայր չէ, ովքեր հայի պատմական հիշողության կրողն են ու ապրում են ապագա լավ օրերի հույսով: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր գիտակցում են, որ եկեղեցու դեմ արշավը, թուրքի հետ սիրախաղերն ու ամեն ինչ զիջելու այս նսեմ քաղաքականությունը վտանգում է մեր երկիրը և մեր գլխավոր անելիքը 2026-ին պետք է լինի նման քաղաքականություն վարող չար, ցինիկ ու անսկզբունք իշխանությունից ազատվելը: Մենք մեր պետության առաջ պատասխանատվություն ենք կրում և պետք է այդ պետությունը վստահելի ձեռքերի հանձնենք:

Շնորհավոր Նոր տարի ու Սուրբ ծնունդ և թող իրականություն դառնան բոլոր բարի, ազնիվ ու հայրենասեր մարդկանց ցանկությունները:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image