«Հրապարակը» զրուցել է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանի հետ։
-Ադրբեջանը նոյեմբերի 9-ի պայմանագրով ստորագրված որևէ դրույթ, կետ չի պահպանում։ Փոխարենը շարունակում է ցինիկ պահվածքով պահանջներ ներկայացնել։ Կա՞ արդյոք վտանգ, որ Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Սուսի և Աղավնոյի հանձնումից հետո Ադրբեջանը Արցախի այլ տարածքների պահանջ կներկայացնի։
- Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու քաղաքական վարքագծին կարող ենք տարբեր որակումներ տալ` ցինիկ, հայատյաց, ահաբեկչական և այլն, բայց իրականում դա բնական է, հաղթող կողմ է, ունի մի քանի անգամ գերազանցող ռազմական պոտենցիալ, օգտվում է ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններից, իր էներգառեսուրսների հանդեպ ուժային կենտրոնների հետաքրքրված լինելու հանգամանքից և փորձում է ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի ներքո հնարավորինս զիջումներ կորզել։ Այսինքն` օգտագործում է այն շանսը, որը հայկական կողմը բաց էր թողել 1994-98 թվականներին` հասկանալով, որ ստատուս քվոն կարող է և փոխվել ի վնաս իրեն։ Ինչ վերաբերում է նոր տարածքների հանդեպ պահանջներին, ապա կարծում եմ՝ նորություն չէ, որ պաշտոնական ամենաբարձր մակարդակով միշտ էլ եղել են այդ պահանջները` ընդհուպ մինչև միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի առումով։ Այս տրամաբանության մեջ մեզ ոչ թե պետք է հետաքրքրի, թե ինչ տարածքներ է պահանջում Բաքուն, քանի որ պահանջում է ամբողջը, այլ պետք է հետաքրքրի, թե այդ պահանջի բավարարման ինչպիսի հնարավորություններ ունի, իսկ այդ հնարավորությունները ձեւավորվում են բազմաթիվ ներքին և առավել ևս արտաքին գործոնների բերումով, ինչպես նաև այդ հնարավորություններին հակազդելու մեր ունեցած պոտենցիալով։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի նոր երթուղու ժամանակից շուտ փոփոխությանը, ապա ինչպես նշեցի Ադրբեջանը օգտվելով ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններից փորձում է հասնել իր համար մաքսիմալ արդյունքների, իսկ Ռուսաստանը որպես այդ փաստաթղթի արբիտր չի էլ ընդդիմանում դրան, քանի որ տվյալ դեպքում Ադրբեջանը յուրովի է մեկնաբանում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 6-րդ կետի երկրորդ պարբերությունը և փաստորեն ուժի կիրառման սպառնալիքի ներքո ու ռուսական խաղաղապահ զորակազմի անգործության կամ գուցե անգործունակության պայմաններում հասավ ներկայացված վերջնագրի բավարարմանը։ Մենք պետք է գիտակցենք, որ միայնակ Արցախը չի կարող դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին, դա արկածախնդրություն կլինի, իսկ ռուսական խաղաղապահ զորակազմը թույլ չի տալիս միջանցքով զորք և զինտեխնիկա բերել Արցախ, բայց և ինքն էլ որպես անվտանգության երաշխավոր լիարժեքորեն չի կատարում իր պարտականությունները։
-Հնարավո՞ր է առանց Արցախի կարգավիճակի հստակեցման Նիկոլ Փաշինյանը գնա խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-Այսօր զուգահեռ գործող երկու հարթակներն էլ կարծես փորձում են հասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը` շրջանցելով ղարաբաղյան հակամարտությունը, բայց կարծում եմ, գործնականում, անհնար է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն առանց ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման, քանի որ հենց դա է եղել երկու երկրների միջև հարաբերությունների հիմնական որոշիչ գործոնը։ Այն, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացակայում է ԼՂ-ի հակամարտության թեման կարծում եմ, գաղտնիք չէ։ Ընդհանրապես այսօր որևէ ֆորմատով հակամարտության կարգավորման հարց չի քննարկվում, բայց չնայած Ալիևի կողմից պարբերաբար արվող պնդումներին, թե հակամարտությունն այլեւս լուծված է, այնուամենայնիվ, իրողությունն այլ է, հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված և սրա մասին վկայում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություները։
-Արցախցիները կհամաձայնվեն ադրբեջանցիների հետ համակեցությամբ ապրել։
-Արցախում ադրբեջանցիների և հայ ժողովրդի համակեցությունը գործնականում անհնար է, դա բացառված իրողություն է, քանի որ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո նույնիսկ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայության պայմաններում խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական սադրանքները վկայում են, որ դա բերելու է ցեղասպանության։ Եվ սա ամենևին էլ ընդամենը իմ կարծիքը չէ, սա քաղաքական իրականությունն է, որի հետ պետք է առերեսվեն ռեգիոնալ կայունության և անվտանգության ճարտարապետության նախագծողները` միջազգային դերակատարները։ Իհարկե, մի քանի մտավոր հաշմանդամներ հիշելով մեկ ընդհանուր պետության` ԽՍՀՄ սահմաններում տարբեր ժողովուրդների համակեցության օրինակը կարող են ընդունելի համարել դրա հնարավորությունը նաեւ առանձին պետության` Ադրբեջանի կազմում, բայց դա հավաքական տեսակետ լինել չի կարող։ Եթե կան միջնորդներ, ովքեր խոսում են անվտանգության երաշխիքների մասին, ապա իհարկե մենք պատրաստ ենք քննարկելու դրանք, բայց այդ երաշխիքները պետք է բավարար լինեն մեզ` շահառուներիս համար, իսկ մեզ համար բավարար երաշխիքները գործնականում պարզապես չեն կարող ենթադրել մի կարգավիճակ, որը կգտնվի Ադրբեջանի իրավազորության տակ։