Քաղաքականություն

Ով է Կարեն Սիմոնյանի հետ վերցնելու ավագանու մանդատը

Ով է Կարեն Սիմոնյանի հետ վերցնելու ավագանու մանդատը

Գյումրի համայնքի մարտի 30-ի արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 47 434 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 111 236 է։ 9 քաղաքական ուժից անցողիկ 6 տոկոսը հաղթահարել են 5-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 17 188 քվե- 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 9 727 քվե — 8 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 904 քվե- 2 մանդատ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 7 380 քվե- 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 739 քվե- 3 մանդատ։

Գյումրու ավագանին, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, կազմված է լինելու 33 անդամից: Քաղաքապետ ընտրվելու համար կուսակցություններին եւ դաշինքներին անհրաժեշտ է լինելու 50 տոկոսից ավելի ձայն: Տվյալ դեպքում դա 17 անդամի «կողմ» ձայնն է:  Ավագանու անդրանիկին նիստին՝ ապրիլի 16-ին  ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը հայտարարել են, որ իրենց  միավորման արդյունքում քաղաքապետ են ընտրելու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Նշենք, որ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ամենաքիչ ավագանու անդամն է ունենալու՝ 2 մանդատ է բաժին ընկել այս քաղաքական ուժին։ Hraparak.am-ը կուսակցության գրասենյակից հետաքրքրվեց, թե ովքեր են պատրաստվում վերցնել մանդատները եւ գործուղվել համայնքապետարան։

Մեզ փոխանցեցին, որ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը  վերցնելու է մանդատը, իսկ երկրորդ համարը ներկայացնող հեռուստալրագրող, քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի փոխարեն մանդատը տրվելու է 3-րդ համարը զբաղեցնող կին թեկնածուին` 48-ամյա Աննա Մուրադյանին։ Վերջինս մասնագիտությամբ մենեջեր է, ավարտել է Երևանի մենեջմենթի համալսարանը։ Բանն այն է, որ ըստ օրենքի յուրաքանչյուր կուսակցություն պարտավոր է պահպանել գենդերային ներկայացվածությունը եւ ԿԸՀ որոշմամբ է 2 մանդատից մեկը բաժին հասել կնոջ, այլ ոչ թե դաշինքի ցանկությամբ: 

Հիշեցնենք, որ  «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը 56 հոգանոց ցուցակ էր ներկայացրել ԿԸՀ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image