Արցախից բռնի տեղահանվածներից շատերը դեռ հիմնական կացարան չունեն։ Նրանց մի մասն ապրում է բարեկամների ու ծանոթների տներում, մի մասը՝ պետության տրամադրած կացարաններում, որոնք կացարան անվանելն անգամ մեղք է։ Տարբեր բնակավայրերում նրանց լքված ու կիսաքանդ տներ են առաջարկել, որտեղ պարզ չէ, թե ինչպես են ձմեռելու: Չնայած իշխանությունների խոստումներին, արցախցիներին հիմնական կացարաններ չեն տվել: Բնակարանների վարձակալության գներն էլ Արցախից բռնի տեղահանությունից հետո Հայաստանում կրկնապատկվել, նույնիսկ եռապատկվել են: Բայց կան մարդիկ, ովքեր իրենց տներն ու ամառանոցներն անվճար տրամադրել են արցախցի մեր հայրենակիցներին:
ԱԻՆ նախկին նախարար, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն, օրինակ, Շիրակի մարզում գտնվող իր հայրական տունն անվճար հիմունքներով տվել է արցախցի մի ընտանիքի` 9 հոգուց բաղկացած: Այդ մասին մեզ տեղեկացրել էր «Շիրակ» կենտրոն ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը:
Մենք կապվեցինք Ֆելիքս Ցոլակյանի հետ: Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ անգամ չի ճանաչում այդ ընտանիքին, սակայն կարծում է, որ նեղության և անորոշության մեջ հայտնված մեր հայրենակիցներին պետք է բոլոր հնարավոր ձևերով օգնել. «Շիրակի մարզի Ջրափի գյուղում է տունը: Դա մեր հայրական տունն է: Արցախի ընտանիքը` 9 հոգուց բաղկացած` ապրում էր Մասիս քաղաքում: Տուն չէին գտնում, տեղավորեցի իմ հայրական տանը: Փորձում ենք ամեն ինչով օգնել: Այդ մարդկանց չէի էլ ճանաչում: Մասիսում մեր տանն էլ մի ընտանիք էր ապրում, մինչև տուն գտան` գնացին», - պատմեց Ցոլակյանը: Նրա կարծիքով` բարոյական չէ, երբ բնակարանների գներն արցախցիների դժբախտության հաշվին ցանկանում են բարձրացնել եւ մեծ եկամուտ ստանալ.
«Անշնորհքություն է դա: Անշնորհք մարդիկ են, չի կարելի: Արցախցիներին պետք է շատ լավ վերաբերվել: Նրանց վիճակն ի՞նչ է, որ այդպես են վարվում, չի կարելի», -եզրափակեց Ֆելիքս Ցոլակյանը: