Քաղաքականություն

ՔՊ-ականների անունից խոսելու լիազորագիր ունե՞ք

ՔՊ-ականների անունից խոսելու լիազորագիր ունե՞ք

Իմպիչմենտի գործընթացը Հայաստանում վերածվեց իսկական արենայի՝ մե՛րթ կոլիզեյան եւ մե՛րթ կրկեսային: Որովհետեւ դրա անվան ներքո կա՛մ կյանքի ու մահվան մենամարտեր են տեղի ունենում եւ կա՛մ կրկեսային բնույթի ներկայացումներ: Մենամարտերի փուլը, փառք Աստծո, կարծես ավարտվեց: Բայց դրան հետեւում է երկրորդը, որը դեռեւս, որպես այդպիսին, չի ընկալվում դերակատարների կողմից: Օրինակ, ի՞նչ է նշանակում ՔՊ-ական պատգամավորի կողմից իր գործընկերների անունից երաշխավորելը, որ խմբակցությունում առկա չէ իմպիչմենտի թեմայով քննարկում կամ նույնիսկ այդ մասին մտածող մեկը: Դիմացինի տեսակետից ինքնասարկաստիկ բնույթի այդ պնդումին հետեւել է համապատասխան հարցադրումը՝ իսկ ՔՊ-ականների անունից խոսելու լիազորագիր ինքը ստացե՞լ է արդյոք: Բայց այդ ներկայացման մեջ դերակատարում ունեն նաեւ լրագրողները: Որովհետեւ ի՞նչ պատասխան էին ակնկալում ստանալ իրենք, երբ տալիս էին այդ հարցը: Այսինքն՝ ՔՊ-ում պատգամավորներ կա՞ն, արդյոք, որ պատրաստ են անձնազոհության գնալ՝ միանալով իմպիչմենտի գործընթացին։

Թե՛ իրական Հայաստանը, որտեղ ՀՀ վարչապետի պաշտոնը դեռեւս զբաղեցնում է Փաշինյան Նիկոլը, եւ թե՛ երեւութական «իրական Հայաստանն» այն երկիրը չէ, որտեղ իշխող խմբակցության անդամն իր գործընկերոջ հետ կարող է ազատորեն քննարկել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը եւ կամ էլ անկեղծորեն պատասխանել նման քննարկման վերաբերյալ հարցին: Բայց, որպես նախկին լրագրող, ես գիտակցում եմ, որ լրագրողների ձեռքն է ընկել խոսող բերաններից մեկը, եւ իրենք էլ առիթը բաց չեն թողել՝ նրան խոսեցնելու համար, ինչն էլ օբյեկտիվորեն նպաստում է իշխող կուսակցության անդամներից մեկին լուսարձակի ներքո ներկայացնելու հասարակությանը: Եվ այդ տեսակետից պետք է ընդունել, որ լրագրողներն անում են իրենց գործը եւ վատ չեն անում:
Վերադառնանք իմպիչմենտի բուն հարցին: «Ժողովրդավարության բաստիոնի» անվան ներքո երկրում հաստատված անձնիշխանության պարագայում այդ գործընթացի առումով հաջողության հույս կարելի է ունենալ այն դեպքում, երբ իշխանությունում, նախ, ճեղքվածք է առաջանում: Եվ երկրորդ․ իշխանության նկատմամբ զանգվածների հավատը մեծ հարված է ստանում: Օրինակ, իմպիչմենտը կարող էր հաջողվել 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո՝ հաշվի առնելով «հաղթում ենք» կարգախոսի կեղծ լինելն ու իշխող խմբակցության մի քանի անդամի ինքնակամ հեռացումը: Բայց այն ժամանակվա խորհրդարանական ընդդիմությունը չհամարձակվեց դիմել այդ քայլին: Չնայած փողոցում ժողովրդի հավաքվելն էլ նպաստում էր դրա իրականացմանը: 

Երկրորդ անգամ, բայց շատ ավելի թույլ, հնարավորություն առաջացավ Աղազարյան-Ասլանյան պատգամավորական զույգին խմբակցությունից հեռացնելու ժամանակ: Եթե գործընթացն այդ ժամանակ նախաձեռնվեր, ու նրանց էլ առաջարկվեր իրենց շրջապատից գտնել վարչապետի թեկնածու... Վերջին հանգամանքը կարեւոր էր այնքանով, որ մինչեւ հերթական ընտրությունները նորընտիր վարչապետը դժվար թե նախաձեռներ իր նախկին շրջապատի անդամների նկատմամբ վհուկների որս: Այդ պարագայում իսկապես կարող էին գտնվել ՔՊ-ականներ, ովքեր կարող էին միանալ «մեծարգո վարչապետից» ազատվելու գործընթացին: Ասվածը մոտավորապես նման է Հին Հռոմում Սպարտակի բարձրացրած ապստամբությանը նոր ստրուկների միանալու գործընթացին: Իսկ այն հանգամանքը, որ Սպարտակը պարտվեց, ոչինչ չի ուսուցանում, քանի որ ինքը փորձեց տապալել դեռեւս հզորացող կայսրությունը: Իսկ Նիկոլն այսօր գտնվում է վարընթաց իրավիճակում՝ ունենալով միայն արտաքին աջակցություն: Այն է՝ թշնամական զույգի ու Արցախի կորստյամբ պայմանավորված՝ արեւմտյան երկրների ու կառույցների որոշակի աջակցությունը: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image