Քաղաքականություն

Ինքը նույնիսկ մեր գրասենյակի տեղը չգիտի

Ինքը նույնիսկ մեր գրասենյակի տեղը չգիտի

«Հանրապետություն» կուսակցության անդամ, բայց ամբողջ ուժով նիկոլական Լյովա Եղիազարյանը հրապարակավ քննադատել է իր կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին՝ Նիկոլ Փաշինյանին չմիանալու համար․

«Անկախությունը պաշտպանելու համար այսօրվա հրամայականը պետք է լինի համախմբումը Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի շուրջը։ Ակնկալում էի իմ կուսակցության հայտարարությունը հենց այդ մասին, սակայն կուսակցության ղեկավարի կողմից արվում է առաջարկ, ըստ որի՝ բոլոր կուսակցությունները ստորագրեն մի փաստաթուղթ, որը կհաստատի այդ ուժերի միակամությունը Հայաստանի անկախության ու տարածքային ամբողջականության հարցում ու շարունակում, որ եթե անգամ այդպիսի նախաձեռնություն ձեռնարկի Քոչարյանը, ինքը կստորագրի»,- գրել է նա։

«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանից փորձեցինք ճշտել, թե արդյոք Արամ Սարգսյանը նման բան ասե՞լ է, երբ քննարկվել է Նիկոլ Փաշինյանին միանալու հարցը․ «Ինքը (Եղիազարյանը) դեռ 3 տարի առաջ հայտարարել է, որ առողջական խնդիրներ ունի ու իր կարծիքը միայն իր կարծիքն է, և ինքն արդեն 5 տարի է՝ «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում չի եղել, ինքը նույնիսկ վերջին 5 տարիներին մեր գրասենյակի տեղը չգիտի...»:

«Փողոցային ընդդիմությունը մեզ մեղադրում է իշխանության հետ լինելու, մեր կուսակիցները՝ իշխանությանը դեմ լինելու մեջ։ Պարոն Սարգսյանը լրիվ այլ ենթատեքստում է ասել․ եթե ՀՀ անկախության շուրջ է, ապա դեռ 2 տարի առաջ ասաց, որ պետք է միանալ, նույնիսկ թող այդ կազմակերպողը լինի հանրապետական կուսակցությունը, քանի որ անկախությունը անսակարկելի արժեք է, պետք է բոլորս միանանք իրար։ Նույն բանն ասաց վարչապետը 2 օր առաջ, և ես կարծում եմ, որ քննարկման ենթակա չէ։ Այդտեղ ուղղակի անուն է ասվում, որովհետև մարդիկ համարում են, որ Քոչարյանի հետ թշնամական վատ վերաբերմունք ունենք, բայց անկախության շուրջ չկա թշնամանք, չկա ոչինչ ցանկացած մարդու համար»։

Խաչատրյանին հարցրինք՝ այնու ամենայանիվ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնելու հարց քննարկվե՞լ է, կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի։ Հիշեցնենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանը ուղիղ միացմամբ հայտարարել էր անկախության համար պայքար սկսելու մասին` կոչ անելով բոլորին միանալ իրեն, որ «ծայրագավառ չդառնանք»․

««Հանրապետություն» կուսակցությունն ունի իր որդեգրած քաղաքականությունը, և առհասարակ մեզ համար սրբություն է անկախությունը և մենք չենք քննարկում նույնիսկ նման հարց։ Մենք մեր անցած ճանապարհով ենք ապացուցել, որ հենց անկախության պահպանումն է մեզ քաղաքականություն բերել, մեր կուսակցությունը հենց դրա հիման վրա է ստղծվել, և նույնիսկ քննարկման ենթակա չէ դա մեզ համար»: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image