Կարգալույծ արվածների դատարան դիմելը այլաբանորեն հիշեցնում է կատվի ու մկների խաղը․ մկները կարծում են, թե դատարանի դուռը բացելով՝ կատվի թաթի տակ չեն ընկնի։
Իրականում նրանք վաղուց արդեն վերածվել են խաղալիքի։ Մի քիչ կվազեն, մի քիչ աղմուկ կանեն, վերջում կմնան առանց կարգավիճակի և առանց հովանավորի։
Երկու նախկին քահանա՝ Ստեփան Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը, դատարանում վիճարկում են Գարեգին Բ-ի որոշումները՝ իրենց կարգալույծ հռչակելու մասին։ Այլաբանական կատուն շատ երկար է խաղում նրանց հետ։ Ինքը լավ գիտի՝ եթե շատ երկար խաղա մկների հետ, նրանք կարող են անշնչանալ, և խաղը կավարտվի։ Բայց նպատակը դա չէ։
Նա ուզում է այնպես խաղալ, որ մկները խուճապահար ինչ-որ տեղ վազեն ու քանդեն ամբողջ տունը։
Քաոս է ուզում ստեղծել Տան ներսում։
Այլաբանական կատուն նաև մի բան լավ գիտի․ մկնիկը վախից ինքն իրեն ավելի շատ է վնասում, քան իր ճանկերից։
Դրա համար նրանց բաց է թողել ու պարզապես հետևում է՝ մինչև իրենք իրենց կարյունոտեն։ Կարգալույծները չգիտեի՞ն այս խաղը։
Չգիտեի՞ն, որ երբ հոգևոր վեճը տեղափոխվում է դատարան, ստացվում է մի տարօրինակ բան․ իրականում ոչինչ չի փոխվում։ Նրանք մնում են նույն կարգալույծը, բայց իրենց խաղով վնասում են տանը։ Սա քաղաքական-կանոնական կատակերգություն է մեկ գործողությամբ՝ «Քահանան դատարանում»։
Բեմ է դուրս գալիս կարգալույծ քահանան՝ սև հանդերձով, ձեռքին հաստ թղթապանակ։
-Պարոն դատավոր, -ասում է նա լուրջ դեմքով, - խնդրում եմ վերականգնել ինձ հոգևոր հովվի պաշտոնում։
Դատավորը մի պահ շփոթվում է, նայում է գործի նյութերին, հետո՝ երկինք, ասես սպասելով վերևից պատասխան։
-Ներեցեք,- ասում է զգուշորեն,- բայց ես մուրճ ունեմ… ոչ թե ձեռնադրության իրավունք։
Վարագույրը փակվում է։
Խաղը շարունակվում է։