Հասարակություն

«Հրապարակ». Քիմիական ֆակուլտետի պայթյունից շուրջ մեկ ամիս է անցել

«Հրապարակ». Քիմիական ֆակուլտետի պայթյունից շուրջ մեկ ամիս է անցել

Երեւանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկի սենյակներից մեկում երկու քաղաքացու կյանք խլած պայթյունից շուրջ մեկ ամիս է անցել, սակայն մեղավորների շրջանակը դեռ չի պարզվել։ Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեից «Հրապարակին» հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է, նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացվել։

Բուժհաստատությունից ստացված հաղորդման համաձայն, ԵՊՀ երկու աշխատակիցներն իրենց մոտ են տեղափոխվել «Քիմիական այրվածք» ախտորոշմամբ։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց՝ այս պահին նախաքննությունը շարունակվում է․ դեպքի հանգամանքները, այդ թվում՝ ինչպես պայթյունի պատճառների, այնպես էլ տուժած անձանց ստացած վնասվածքների բնույթը պարզելու ուղղությամբ դեռ շարունակվում են։ 

«Այդ նպատակով նշանակվել է դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատապայթյունատեխնոլոգիական, դատանյութագիտական, դատահրդեհատեխնիկական, դատաճարտարագիտատեխնիկական, դատաէլեկտրատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական հանձնաժողովային համալիր փորձաքննություն, որոնց եզրակացությունները դեռեւս չեն ստացվել»,- ասաց Աբրահամյանը։

Ավելի վաղ գրել էինք, որ հրդեհի բռնկումով այդ պայթյունի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումները տարակուսանքի տեղիք էին տվել։ Ըստ ներքին գործերի նախարարության՝ տեղում իրականացվել է հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել, այսինքն` պայթյունը գազի արտահոսքից չէ։ Սակայն Այրվածքաբանական ազգային կենտրոն տեղափոխված 2 քաղաքացու մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, քիմիական այրվածք», ինչը նշանակում է, որ պայթյունն առաջացել է կա՛մ գազից, կա՛մ քիմիական նյութերի պայթյունից։ Դեպքի վայրում մի քանի ժամ իրականացված քննչական գործողություններից հետո վարույթն իրականացնող մարմինը քրեական վարույթ էր նախաձեռնել՝ աշխատանքի անվտանգության եւ հակահրդեհային կանոնները խախտելու հոդվածներով։ Քննչական կոմիտեից հրդեհի պատճառների մասին ոչինչ չեն հայտնում։ Պարզ չէ, թե ինչպես են տուժածները քիմիական այրվածք ստացել, եթե պայթյունի սենյակում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։ Հայտնի է, որ այդ նկուղային հարկում ԵՊՀ կանաչապատման գրասենյակի բանվորներն են եղել եւ այնտեղ պահել են իրենց հանդերձանքն ու գործիքները:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image