Քաղաքականություն

Հայ-իրանական․ ամեն անգամ վերադառնում է նախկիններից մնացած հարցերին, որոնք ոչ մի կերպ տեղից չեն շարժվում

Հայ-իրանական․ ամեն անգամ վերադառնում է նախկիններից մնացած հարցերին, որոնք ոչ մի կերպ տեղից չեն շարժվում

Օգոստոսի 5-ից Իրանում աշխատանքային այցով գտնվող Նիկոլ Փաշինյանն, ինչպես հաղորդվում է՝  ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը քննարկել են հայ-իրանական համագործակցության ընդլայնման հարցերի լայն շրջանակ։

Սա, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի երրորդ իրանական այցն է։
2019-ի փետրրվարի 27-28-ը կայացել է ՀՀ վարչապետի և Աննա Հակոբյանի՝ Իրան կատարած 1-ին, իսկ երկրորդը՝ 2019թ. հուլիսի 2-ին Թեհրանում տեղի ունեցած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստի շրջանակներում։ 2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան էր այցելել ԻԻՀ նախկին նախագահ 
Հասան Ռոհանին, որի ժամանակ էլ հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ:

Իրանը Հայաստանի 4-րդ առևտրային գործընկերն է և Հայաստանի հետ 4-րդ առևտրային գործընկեր Իրանի պարագայում առևտրաշրջանառության առյուծի բաժինն ընկնում է էներգետիկային։ Հաղորդվում է, որ այս անգամ էլ «Հայաստանի եւ Իրանի ղեկավարները քննարկել են առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»։

Մասնավորապես, Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվ գործունեության ապահովումն ու ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի ռեժիմի կիրառման հնարավորությունը, տարածաշրջանային կապուղիների զարգացումը, որտեղ առանցքային նշանակություն կունենա Պարսից ծոցից Սեւ ծով տրանսպորտային եւ մալուխային կապի զարգացումը, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագիրը Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը սկսելու ուղղությամբ իրականացվող քայլերի ընթացքը, գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ժամկետի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ գծի շահագործումից հետո գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալների մեծացումը։ Իսկ «այս անգամ» էլ կամ ինչպես միշտ, որովհետև տպավորություն է, որ վերը նշված բոլոր հարցերը հայ-իրանական բոլոր մակարդակի հանդիպումներում քննարկվում են։

Էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց՝ տպավորություն չէ, այլ փաստ, որ այդ հարցերն ամեն անգամ քննարկվում են։

«Այստեղ նոր բան չկա։  Եվ այս հարցերի շուրջ վերջին 3 տարում ոչ մի զարգացում չի եղել։ Հակառակը հետընթաց է արձանագրվել։ Այսինքն՝ 3-րդ բարձրավոլտը պետք է կառուցվեր, որը չի կառուցվել, Երևանի Ջեկում պետք է 2019-ին ավարտին հասցվեր բարձրավոլտը, որը պետք է ապահովեր իրանական ուղղությամբ էլեկտրաէներգիա մատակարարելու ծրագիրը, որը սառեցված է։ Եվ երրորդը՝ Հյուսիս-Հարավ ծրագիրը պետք է արվեր՝ Ռուսաստան-Հայաստան-Իրան-Վրաստան։ Մի բան, որն ընդհանրապես մոռացվել է» ,-ասում է Արմեն Մանվելյանը։ Նրա խոսքով՝ սա ոչ միայն ինչ-որ գործ անելու իմիտացիայի փորձ է, այլև նախկին իշխանությունից ժառանգություն մնացած օրակարգ։

«ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը երկկողմ տնտեսական օրակարգի կարևոր ծրագրերից են համարել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա ավելացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծավալները՝ նպաստելով թե՛ երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, թե՛ այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը: Կողմերը մեծապես կարևորել են նաև Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը և պայմանավորվել առաջիկայում այդ ուղղությամբ իրականացնել գործնական քայլեր», -կարդում ենք Փաշինյանի 2019-ի իրանյան այցի մասին պաշտոնական հաղորդման մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image