Հարցազրույց

Եկեք ավելորդ էյֆորիայի մեջ չընկնենք

Եկեք ավելորդ էյֆորիայի մեջ չընկնենք

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնեց Թուրքիա` հանդիպեց Մեւլութ Չավուշօղլուի հետ: Խոսվեց Անիի կամուրջը նորոգելու-բացելու մասին, այստեղից կարելի է ենթադրել, որ իշխանությունները բանակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ճանապարհների բացման շուրջ: Երեկ տեղի ունեցած հանդիպումն իշխանական շրջանակները փորձում են ներկայացնել իբրեւ մեծ ձեռքբերում: Ի վերջո` ինչի՞ մասին էր երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

- Ես Արարատ Միրզոյանի այցին դրական եմ վերաբերվում: Կողմ եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն ցանկացած այցի պետք է առանց էմոցիաների արձագանքել: Ի՞նչ ունեցանք այդ այցի արդյունքում: Ունեցանք այն, որ երկու երկրների նախարարները հայտարարեցին, որ սահմանային ենթակառուցվածքները հարմարեցվելու են սահմանների բացմանը: Այս կոնտեքստում էլ խոսվեց նույն Անիի կամրջի մասին: Խոսվեց Մետաքսի ճանապարհի մասին եւ այլն, բայց արդյո՞ք սա նշանակում է, որ կա որոշում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով, իհարկե` ոչ: Այստեղ է, որ մենք ավելորդ էյֆորիայի մեջ չպետք է ընկնենք: Այո, երկրաշարժից հետո Հայաստանի կողմից դրսեւորված պոզիտիվ կեցվածքի հետեւանքով Անկարան իր շեշտադրումներում որոշակի փոփոխություններ է մտցրել: Դետալային քննարկումներ են գնում սահմանների բացման մասին եւ այլն, եւ այլն: Սա դրական է, սակայն մյուս կողմից պետք է նկատել, որ Չավուշօղլուն խոսեց նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, ընդ որում` մի քանի անգամ: Հետեւաբար, այո, փոքր տեղաշարժեր գուցե նկատում ենք հայ-թուրքական հարաբերություններում, սակայն դա չի նշանակում, որ թուրքական քաղաքականությունը դառնալու է սենտիմենտալ: Հայ-թուրքական սահմանի բացումը պայմանավորված է հայ-ադրբեջանական հարաբերությունների առաջընթացով: Սա օբյեկտիվ դիրքորոշում է, քանի որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները փոխկապակցված են: Դրանք իրարից տարանջատելն առհասարակ հնարավոր չէ:

- Առաջներում Հայաստանի գործող իշխանություններն ավելի շատ էին երկխոսության մեջ Ադրբեջանի հետ, այսօր, կարծես, առավել շատ թեքվել են դեպի Թուրքիա: Սա ի՞նչ է նշանակում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

- Դա մեթոդաբանական սխալ է, պատմությունն ու դիվանագիտությունը չիմանալու հետեւանք է: Հայ-թուրքական հարաբերություններից պետք չէ սպասելիքներ ունենալ, եթե հարաբերությունները կարգավորված չեն Ադրբեջանի հետ: Հիմա ես ուզում եմ մի պատմական անալոգ անել, որպեսզի ընթերցողի համար էլ պարզ լինի: Նման վարքագիծ Հայաստանը փորձել է դրսեւորել ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում: Ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում Ցյուրիխում արձանագրություններ ստորագրվեցին, կոնկրետ փաստաթղթեր գնացին վավերացման եւ այլն, սակայն այդ նույն ֆուտբոլային դիվանագիտությունը չհաջողեց, քանի որ զուգահեռաբար առաջընթաց չգրանցվեց հայ-ադրբեջանական հարաբերություններում: Կազանի գործընթացը Լեռնային Ղարաբաղի խնդրի մասով տապալելուց հետո ճգնաժամ առաջացավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններում, անկախ այն բանից, որ կային ստորագրված արձանագրություններ: Այժմ հույս ունենալ, թե հայ-թուրքական հարաբերությունների միջոցով կարելի է ազդել հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա` անարդյունավետ մոտեցում է:

- Թուրքիան այսօր էլ ակնարկում է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը չկարգավորեն իրենց հարաբերությունները, սահմանը չի բացվի:

- Չավուշօղլուն նրբանկատորեն արտահայտվեց, սակայն ասաց այն, ինչ ես եմ հիմա ասում: Նա խոսեց, որ երեք երկրների միջեւ պետք է խաղաղություն հաստատվի` Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի: Քանի դեռ այս մասով առաջընթաց չկա, մենք չենք կարող ակնկալել սահմանի բացում: Սա շատ ակնհայտ է:

- Ադրբեջանն ուզո՞ւմ է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ: Ալիեւն ամեն օր Հայաստանը գրավելու մասին է խոսում:

- Ադրբեջանը, բնականաբար, ավելին է ուզում: Իրենք միշտ ավելի մաքսիմալիստ են:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image