Հասարակություն

«Ցորենից ու գառան մսից բացի ուրիշ ոչինչ չկար ուտելու». գիշերը հարիսա են եփել Մուսա լեռան բարձունքին

«Ցորենից ու գառան մսից բացի ուրիշ ոչինչ չկար ուտելու». գիշերը հարիսա են եփել Մուսա լեռան բարձունքին

Մուսա լեռան ինքնապաշտպանության հուշահամալիրի տարածքում այսօր նշվեց մուսալեռցիների մաքառման 109-րդ տարեդարձը: Աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան եկած մուսալեռցիները ողջ գիշեր պատրաստեցին ավանդական հարիսան ու, որպես հոգեհաց, բաժանեցին տոնախմբության մասնակիցներին:

Հարիսան մեծ խորհուրդ ունի: Մուսա լեռան վրա ինքնապաշտպանության ժամանակ ցորենից ու գառան մսից բացի ուրիշ ոչինչ չկար ուտելու: Ցորենն ու ի փրկություն մատաղ արված գառան միսը ջրով խառնում են իրար, հարում, այստեղից էլ ուտեստը ստացավ իր անունը՝ «հարի՛ր սա» կամ «հարիսա»: 

Մուսա լեռան հուշահամալիրի բարձունքից ողջ գիշեր հնչեցին ազգային երգն ու պարը: Օրը նշանավորվել է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ Սրբազանի աղոթքով և համախմբման կոչով: 

Հարիսայի կրակի շուրջ մուսալեռցիները «Հրապարակ»-ի հետ զրույցում հիշեցին իրենց պապերի սխրանքները: Երբ երիտթուրքերը սկսեցին հայերի զանգվածային տարհանումը, Մուսա լեռան շուրջ հաստատված 7 գյուղերի հայությունը հրաժարվեց ենթարկվել: Նրանք գերադասեցին բարձրանալ Մուսա լեռը, ինքնապաշտպանվել ու պայքարել սեփական հողում մնալու համար: 53 օր տևած ինքնապաշտպանության ընթացքում՝ հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը, շուրջ 5 300 մուսալեռցիներն ընդամենը 18 զոհ տվեցին մարտերում, թեև զոհվեցին նաև բնական դժվարին պայմաններին չդիմացողները: 53-րդ օրը ֆրանսիական և անգլիական նավերը նկատեցին ինքնապաշտպանվողների գրությունը՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են», օգնության եկան և տեղափոխեցին կենդանի մնացած 4 231 մուսալեռցիներին Եգիպտոս: Առաջին աշխարհամարտից հետո նրանք հնարավորություն ստացան վերադառնալու հարազատ գյուղերը, սակայն 1939-ին այդ տարածքը մտավ Թուրքիայի կազմի մեջ, և այդժամ արդեն նրանք ստիպված եղան վերջնականապես լքել հայրենի հողը: Մուսալեռցիների մի մասը ապաստան գտավ Լիբանանում, իսկ մյուս մասը Հայաստանում հիմնեց Մուսալեռ գյուղը:

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image