Այսօր հայտնի դարձավ, որ ևս մեկ դաշնակցականի՝ Արենի Մարկոսյանին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։ Մարկոսյանը ԱՄՆ քաղաքացի է, երիտասարդ դաշնակացական։ Նրան 24 ժամից ավել պահել են օդանավակայանում, ապա ասել, որ ՀՀ-ի համար անցանկալի անձ է։ Ավելի վաղ Հոլանդիայի քաղաքացի, դաշնակցական Ասլան Ասլանյանին չէին թողել մուտք գործել Հայաստան։ Փաստորեն ԱԱԾ սև ցուցակը միայն Եվրոպան չէ, որ ներառում է, և աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյան մեզ հետ զրույցում ասաց, որ Արենի Մարկոսյանին ուղարկել են Լիբանան, որովհետև նա Լիբանանից էր Հայաստան ժամանել։ Վարդանյանին հարցրինք՝ Դաշնակցությունը դիմե՞լ է ԱԱԾ-ին՝ հասկանալու համար, թե՞ որ դաշնակցականները կարող են Հայաստան գալ, իսկ որոնք՝ ոչ, ԱԱԾ-ն ունի՞ նման ցուցակ․
«Հարցումներ, իհարկե, ուղարկել ենք, ասացին, որ երկիր մուտք գործելու անցանկալի անձանց ցուցակը որպես այդպիսին տրամադրել չենք կարող, անհատական դեպքերով կարող եք մարդու անուն-ազգանունն ուղարկել, իմանալու համար կարո՞ղ է մուտք գործել, թե ՞ ոչ։ Դա էլ ենք պրակտիկայում օգտագործում, բայց մարդիկ միլիոնավոր են, և բոլորինը չես կարող ճշտել»,- ասաց Վարդանյանը։ Այսինքն՝ ԱԱԾ տրամաբանությամբ՝ ցանկացած դաշնակցական, որը ցանկանում է գալ Հայաստան, պետք է դիմի Դաշնակցությանը, Դաշնակցությունն էլ պետք է դիմի ԱԱԾ-ին, որպեսզի իմանան կարո՞ղ է գալ, թե՞ ոչ․
«Խոշոր հաշվով այո, ամեն ինչ անում են՝ բարդացնելու․․․, թիրախում նաև Դաշնակցությունն է, բայց միայն Դաշնակցությունը չէ, այլ ընդհանուր սփյուռքը, ամեն ինչ անում սփյուռքի ու հայրենիքի միջև կապը հնարավորինս նվազեցնելու, դժվարացնելու։ Այո, մարդկանց համար ստեղծում են արհեստական խոչնդոտներ, և դա անում են նրա համար, որ մարդիկ սփյուռքում խուսափեն իրենց տեսակետներն արտահայտելուց, որովհետև բոլոր դեպքերում այդ մարդիկ չեն խորշել իրենց տեսակետը արտահայտել վարվող քաղաքականության, Արցախի հանձնման վերաբերյալ, դա է միավորում այդ մարդկանց։ Արենի Մարկոսյանը ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ է, ակտիվ միութենական, մասնակցել է միութենական միջոցառումներին, համայնքային միջոցառումներին, և ինքն էլ իր տեսակետը չի խորշել արտահայտել հարկն եղած դեպքում»։
Վարդանյանին հարցրինք՝ Մարկոսյանը փորձելո՞ւ է ԱՄՆ կառավարության միջոցով հարցը լուծել՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ քաղաքացի է․
«Մենք դատական կարգով բողոքարկում ենք, ինքը, հականում եք, այժմ սթրեսային իրավիճակում է, ավելի հանգիստ պայմաններում կորոշի նաև՝ ուզում է բողոքարկել դատական կարգով, թե որ, բայց հակվածություն ունի, նախնական տրամադրվածություն ունի, որ այս ապօրինությունների դեմ պետք է նաև դատական կարգով պայքարել»։