Քաղաքականություն

Այդ նախագիծն անիմաստ է, բացառապես մեկ նպատակ ունի` ավելացնել մուտքերը

Այդ նախագիծն անիմաստ է, բացառապես մեկ նպատակ ունի` ավելացնել մուտքերը

Տարեվերջին Երեւանի քաղաքապետարանն ավագանու նիստով անցկացրել է Երեւանի 2024 թվականի բյուջեն եւ զարգացման ծրագիրը, այդ թվում` հունվարի 1-ից Երեւանի` կարմիր գծանշումներով ավտոկայանատեղիներում կայանելու համար 160 հազար դրամ վարձավճարի նոր դրույքաչափի սահմանումը։ Այս որոշումը չէր ընդունվի, եթե ՔՊ-«Հանրապետություն» կոալիցիային չաջակցեր «Հանրային ձայն» խմբակցությունը, որն ապահովեց քվորում՝ նիստի անցկացման եւ բոլոր նախագծերի ընդունման համար:

Այսուհետ Երեւանը բաժանված է 2 գոտիների․ «Ա» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված է մեկ օրվա համար` 2 հազար դրամ, մեկ շաբաթվա համար` 5 հազար, մեկ ամսվա համար՝ 18 հազար դրամ, իսկ մեկ տարվա համար` 160 հազար: Փաստացի ՔՊ-ական իշխանությունը, որը 2018-ին հեղափոխություն իրականացրեց՝ ֆանտաստիկ բարեփոխումների խոստումներով, հայտարարելով, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», այսօր կեղեքում է «հպարտ քաղաքացիներին», բացառապես եւ մեծ արագությամբ ավելացնելով ՀՀ քաղաքացիների ֆինանսական բեռը: 

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ՝ Հայկ Մարությանի թիմակից Իզաբելլա Աբգարյանը մեզ հետ զրույցում նշում է, որ 2024 թվականի բյուջեի նախագիծն ու զարգացման ծրագիրն այլեւս իրողություն են, եւ այս տարի ինչ-որ բան փոխել հնարավոր չէ, քանի որ «Հանրային ձայն» խմբակցության կողմից քվորում ապահովելու արդյունքում ՔՊ-ական իշխանությունները կյանքի կոչեցին կարմիր գծերի թանկացման ծրագիրը: Աբգարյանի կարծիքով` հնարավոր է ինչ-որ բան փոխել միայն հաջորդ տարվա համար, սակայն ՔՊ-ական իշխանությունները վճռական են եւ դժվար թե հետ կանգնեն իրենց կայացրած որոշումից:

«Այդ նախագծերն ընդունվում են ամեն տարի դեկտեմբերին` հաջորդ տարվա համար: Ինչպես գիտենք` այն ոչ միայն կարմիր գծերին է վերաբերում, այլեւ պարտադիր վճարումներին: Փաստացի կայանատեղիների վճարի չափն արդեն իսկ սահմանվել է: Արդեն կան մարդիկ, ովքեր վճարել են, եւ եթե փոփոխություն տեղի ունենա, անպայման պետք է մարդկանց վերադարձվեն այն գումարները, որոնք նրանք վճարել են: Սա, անխոս, բարդություն է առաջացնում, իսկ որ ամենակարեւորն է` իշխանությունները մտադիր չեն որեւէ ձեւով գնալ զիջումների: Համենայնդեպս, ես դա հասկացա քննարկումների եւ բանավեճերի ժամանակ: Ողջ խնդիրը հենց սա է: Ես պնդում եմ, որ այդ որոշումն անտեղի է եւ ժամանակավրեպ, իսկ նպատակին ընդհանրապես չի ծառայում` կենտրոնը որեւէ ձեւով չի բեռնաթափվում: Արդեն իսկ մարդկանցից բազմաթիվ բողոքներ ենք ստանում: Քաղաքացիներն այդ գումարները վճարել են, բայց կայանելու տեղ չեն գտնում: Տեսնում ենք նաեւ, որ առանց պետհամարանիշների ավտոմեքենաներ են կայանում այդ գծանշումների վրա: Էլեկտրական մեքենաներն էլ ազատված են այդ վճարումներից, իսկ մենք գիտենք, որ դրանք շքեղ մեքենաներ են, որոնք, փաստորեն, հանգիստ կայանում են որտեղ ցանկանան: Այսինքն` կենտրոն վարչական շրջանը բեռնաթափված չէ: Բեռնաթափում կլիներ այն դեպքում, եթե գոնե նեղ փողոցներում կայանում չլիներ: Այս պարզ բաները, փաստորեն, իշխանությունները չեն հասկանում կամ գուցե չեն ցանկանում հասկանալ: Իշխանության նպատակը միայն մեծ գումարներ գանձելն է: Այդ մասին, եթե ուշադիր լինենք, իրենք էլ են խոստովանում: Ասում են, որ այս տարի պատրաստվում են նոր ավտոբուսներ բերել, իսկ դրա համար անհրաժեշտ է գումար: Իմ կարծիքով` ազնիվ կլիներ, եթե պարտատոմսեր թողարկվեին, իսկ քաղաքացիները դրանք գնեին եւ գումար տրամադրեին քաղաքային իշխանություններին: Ես պնդում եմ, որ այդ նախագիծն անիմաստ է եւ բացառապես մեկ նպատակ ունի` ավելացնել մուտքերը»,- ասում է Իզաբելլա Աբգարյանը: 

Դուք նշում եք, որ հնարավոր է ինչ-որ փոփոխություններ անել, բայց պետք է քաղաքացիների վճարած գումարները վերադարձնել, ինչպե՞ս եք պատկերացնում այդ փոփոխությունները՝ հետաքրքրվեցինք մենք։ «Հարցն այն է, որ արդեն ողջ տարվա համար նախագիծն ընդունվել է: Գուցե հաջորդ տարվա համար ինչ-որ բան անել հնարավոր լինի: Պետք է հասնել նրան, որ նոր վճարի չափ սահմանվի: Այս տարվա համար դժվար թե ինչ-որ բան փոխել լինի: Պետք է 160 հազար դրամը դառնա, օրինակ, 50 հազար դրամ, իսկ տարբերությունն անպայման վերադարձվի երեւանցուն: Ես այս պահին հստակ տվյալներ չունեմ, թե քանի քաղաքացի է կատարել այս նոր սահմանված վճարները: Առաջիկայում մտադիր եմ հարցում կատարել` հասկանալու համար, թե նախորդ տարվա համեմատ քաղաքացիներն այս տարի որքան վճարում են կատարել»,- ասաց մեր զրուցակիցը: 

Ավագանու անդամը նաեւ անդրադարձավ «Հանրային ձայն» խմբակցությանը, նշելով․ ««Հանրային ձայնն» արել էր երկու առաջարկ, իրենց ասելով՝ քանի որ դա ընդունվեց, այդ իսկ պատճառով քվորում ապահովեցին, բայց իրականում մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում: Սա այն դեպքը չէ, երբ դու մասնակցում ես պրոցեսներին՝ քաղաքի կամ քաղաքացու համար: Մենք բազմիցս ասել ենք, որ այդ նախագիծը քաղաքին որեւէ օգուտ չի տալու»: Աբգարյանը նշեց, որ դեռեւս ծանոթ չէ տուգանքի չափերի փոփոխություններին. «Տուգանքների հետ կապված՝ աշխատելու է Ազգային ժողովը: Ես այս պահին հստակ չգիտեմ` փոփոխվելո՞ւ է տուգանքների չափը, թե՞ ոչ»: Հիշեցնենք, որ տուգանքները սահմանվում են «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով, որը դեռ փոփոխությունների չի ենթարկվել, այսինքն՝ կարմիր գծերի համար չվճարելու դեպքում գործում է 5 հազար դրամ տուգանքի սխեման։ Գոնե՝ առայժմ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image