Հասարակություն

Այս մարդիկ այսօր որոշում են երբեմնի կանաչ Երեւանի ճակատագիրը

Այս մարդիկ այսօր որոշում են երբեմնի կանաչ Երեւանի ճակատագիրը

Օրեր առաջ մի շարք բնապահպաններ, ուղղակի երեւանցիներ աղմուկ բարձրացրին Երեւանի բուսաբանական այգում հատված ծառերի առթիվ: Մարդիկ լուսանկարներ հրապարակեցին, մենք դիմեցինք պատասխանատուներին` հասկանալու, թե ինչու են կանաչ ծառերը հատվել, սակայն որեւէ հոդաբաշխ բացատրություն չստացանք: Այդ աղմուկից հետո Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հաշվել է Երեւանի բուսաբանական այգու ապօրինի ծառահատումների արդյունքում բուսական աշխարհին պատճառված վնասը եւ գնահատել 16 մլն 570 հազար ՀՀ դրամ։

Վարույթի շրջանակներում «Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի այգու հարավ-արեւելյան հատվածում զննել ու արձանագրել են «Կաղնի ամառային» տեսակի՝ 35-74 սմ տրամագծով ապօրինի հատված 34 ծառ։ Նյութերը Քննչական կոմիտեում են, սակայն կոմիտեն դեռ չունի հանրության համար նորություններ՝ այս աղմկոտ վարույթի ընթացքի մասին։ Կա՞ արդյոք մեղադրյալ այս գործով, ո՞վ եւ ո՞ւմ հրահանգով են հատվել երեւանցիների սիրելի այգու ծառերը, եւ արդյոք չե՞ն պատրաստվում մեղադրանք առաջադրել Բուսաբանության ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, այգու նախկին տնօրեն Ժիրայր Վարդանյանին, որն ընդամենը 10 օր առաջ մոլորության մեջ էր գցում հանրությանը՝ հայտարարելով, թե ծառերի հատման վերաբերյալ կան եզրակացություններ։ «Այս պահին նախաքննություն է ընթանում։ Դատավարական կարգավիճակ ունեցող անձ այս պահին չկա, խափանման միջոցի վերաբերյալ որոշում եւս չկա։ Դեռեւս չեն ներկայացվել պատճառները, թե ինչու են ծառերը հատվել»,- մեր հարցերին պատասխանեց ՔԿ խոսնակը։ Ի դեպ, պրոֆեսոր Վարդանյանի գործունեության հետ կապված՝ Քննչական կոմիտեում արդեն մի անգամ քննվել է քրեական վարույթ՝ դեռեւս 2019 թվականին։

Վարույթը հարուցվել էր բուսաբանական այգու ավագ գիտաշխատող Մերինե Սարգսյանի դիմումի հիման վրա։ Կասկածելով, որ մուտքավճարները եւ վարձակալությամբ տրված տարածքների վարձավճարները մուտք չեն եղել ինստիտուտի բյուջե, որ աշխատավարձի ցուցակներում եղել են «մեռյալ հոգիներ», Մերինե Սարգսյանը դիմել էր դատախազություն։ Ժիրայր Վարդանյանին, որն այն ժամանակ արդեն նախկին տնօրեն էր, այգու աշխատողները մեղադրում էին նաեւ իր պարտականությունները չկատարելու, ինստիտուտի շինություններն ու այգին վատ վիճակում պահելու, մասնաշենքերը չվերանորոգելու, լաբորատորիայի եւ հին ջերմատների հումքը որպես մետաղի ջարդոն վաճառելու եւ այլ դատապարտելի գործողություններում։ Դիմեցինք նաեւ Քննչական կոմիտե՝ պարզելու, թե 2019 թվականի այս վարույթով կա՞ն արդյոք մեղադրյալներ։

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ կատարվել են չարաշահումներ տնօրենի եւ աշխատակիցների կողմից: Տնօրենի կողմից կատարվել է վերականգնում: Քանի որ քրեական հետապնդման վաղեմության ժամկետներն անցել են, քրեական հետապնդում չի հարուցվել»,- պատասխանեցին Քննչական կոմիտեից։ Մերինե Սարգսյանին քննիչները չեն էլ հայտնել քրեական հետապնդումը դադարեցնելու ու գործը փակելու մասին։

Նույն անձը՝ պրոֆեսոր Վարդանյանը, նաեւ Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրենի՝ Արմեն Բեգոյանի խորհրդականն է եւ միաժամանակ ղեկավարում է Բեգոյանին կից գիտատեխնիկական խորհուրդը, որի որոշումներով են երկու տարի կտրվում հին ծառերը` փոխարինվում նոր շիվերով։ Փաստորեն անձը, որը չարաշահումներ էր կատարել իր աշխատողների հետ, ներվել է իշխանությունների կողմից ու այսօր ոչ միայն բուսաբանական այգու ճակատագիրն է որոշում, այլեւ՝ ամբողջ մայրաքաղաքի կանաչապատման։ Նրա ստորագրությամբ են ոչնչացվում քաղաքի հաստաբուն, սաղարթախիտ ծառերը։ Պրոֆեսոր Վարդանյանին, որը նախաքննությամբ ապացուցված չարաշահումներ է կատարել, հղում են անում քաղաքապետարանի պաշտոնյաները՝ որպես եզակի ու անկրկնելի մասնագետի, ու եթե նա ասել է՝ կտրել, ուրեմն ծառը պետք է կտրվի, անգամ եթե Երեւանի 1 մլն-ից ավելի բնակչությունը մի մարդու նման անիծի ՀՈԱԿ-ին էլ, պրոֆեսորին էլ, ինչպես դա ամեն օր տեղի է ունենում ֆեյսբուքյան տարածքում։ 

Հիշեցնենք, որ 2020 թվականին չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է քննվել նաեւ Արմեն Բեգոյանի դեմ։ Այն ժամանակ նա «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենն էր։ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը բազմաթիվ խախտումներ եւ առերեւույթ չարաշահումներ էր հայտնաբերել, նյութեր էր հավաքել ու ուղարկել քննչական, առանձնապես խոշոր չափերի յուրացման մեղադրանքով գործ հարուցվեց, որը հետո ջրվեց։ Իսկ Արմեն Բեգոյանը հայտարարում էր, որ այս ամենը հերյուրանք է, ու հիմքում իր եւ քաղաքապետ Հայկ Մարությանի լարված հարաբերություններն են։ Այս մարդիկ այսօր որոշում են երբեմնի կանաչ Երեւանի ճակատագիրը, որն անապատացման ուղին է բռնել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image