Եկեղեցու դեմ արշավը գիտե՞ք ինչի եմ նմանեցնում։ Երբ հիվանդը տեղեկանում է, որ ինքը քաղցկեղ ունի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, ասենք՝ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի մոտ պատարագի է։ Ցանկացած քրիստոնյա հայի մոտ այս զգացումն է առաջանում՝ իր օրգանիզմում չար նորագոյացություն է առաջացել։ Մյուս կիրակի հայտարարում է, որ Թալինում մի այլ կարգալույծ քահանայի մոտ է պատարագի։ Մարդը սկսում է անհանգստանալ՝ քաղցկեղը տարածվում է․․․ Հետո հաջորդ կիրակի է հայտարարում՝ Եղեգնաձորի մի գյուղի եկեղեցում եմ պատարագի․․․ Սա այն վիճակն է, երբ մարդ հասկանում է, որ հիվանդությունը ճյուղավորվում, բայց լռում է, ոչինչ չի անում։ Մոտավոր այս վիճակն է այսօր։ Չարիքի այս հիվանդությունը, որը բույն է դրել, փրկություն չկա։ Մարդը մտածում է՝ սպասեմ, տեսնեմ՝ ինչ է լինելու վերջը։ Ու չարի բջիջները, որոնք կլանում են մարդու հյուսվածքները, սկսում են քայքայել նրան․․․
․․․ Իսկ դուք նստել ու հաշվում եք, թե քանի մարդ է հավաքվել Եկեղեցու շուրջ ու փորձում եք սփոփել հանրությանը՝ դեռ այնքան էլ չի տարածվել, գուցե փրկենք։ Գիտե՞ք զարհուրելին որն է։ Որ հիվանդությունը գիտի, որ ինքը հյուծելու է օրգանիզմը, որ ինքը դրա համար է ստեղծված, որ իր նպատակը օրգանիզմն ուժասպառ անելն է։ Իր ճյուղավորումների ցանցը հիմնված է այն մեխանիզմի վրա, որ բացասական, չարորակ բջիջները քողարկվեն ու նմանվեն առողջ բջիջներին, որպեսզի նրանք չպայքարեն ու մտածեն, որ չարի պայքարը առանձին օրգանի դեմ է։ Չարի պայքարը առանձին օծյալների դեմ է․․․ Այսօրվա իշխանությունը պատկերացնում է իր դերը ու դրա համար մարմինը ախտահարում է մաս- մաս, հողը հանձնում է մաս- մաս․․․
Լսեք ձեզ մոլորեցնողներին, նայեք նրանց դեմքերին՝ տեսեք՝ որևէ մեկի դեմքին լու՞յս կա։ Երեկ ես մեր Եկեղեցում մասնակցում էի պատարագին ու ինձ թվում էր, թե բոլորի դեմքին լույս կա, բոլորի մոտ Աստծո մասնիկ կա։ Երբ պատարագի ավարտից հետո եկա տուն ու բացեցի լրահոսը, շանթահարվեցի։ Թալինի Եկեղեցում հավաքված էին անլույսները, Աստված նրանց զրկել է լուսապսակից։ Նայեք Նիկոլ Փաշինյանի ու իր շքախմբի մթնած, անլույս դեմքերին, ասես սգո հանդեսի են․․․ Գուցե իրենք էլ հասկանում են, որ շատ վատ բան են անում, բայց չեն կարող չանել․․․ Շատերը հարցազրույց են տալիս ու թվում է, թե նրանց շուրթերով դևն է խոսում։
Եվ մի բան էլ, որը հենց այնպես չեղավ։ Նման բան ես իմ կյանքում չէի տեսել, երբ սարկավագը ուշաթափ լիներ։ Այո, նա էլ մարդ է, բայց Աստծո լույսի մեջ գտնվող մարդը չէր ուշաթափվի։ Նրա հոգում կռվում էին հրեշտակն ու սատանան։ Աստված ի ցույց դրեց։ Սուրբ հոգին նրա մեջ էր ու կռիվ էր տալիս դևի հետ։ Նման ու ավելի հուշող բաների ականատես կլինենք մոտակա ժամանակներում։ ԱՍտված տեսնում է, ու Նրա համար անհնարին բան չկա։ Ես դա ասում եմ այն սարկավագների համար, որոնց հոգին ամբողջովին Նեռինը չէ։ Աստված մարդկանց միջոցով է ի ցույց դնում։ Ուշքի եկեք։ Սա վերաբերվում է օծյալներին։ Ուշքի եկեք, եթե չարը դեռ ամբողջովին ձեզ չի լափել․․․