Չորս տարվա վերափոխումից հետո Հայաստանի ազգային պատկերասրահը պաշտոնապես վերաբացվել է` բոլորովին նոր տեսքով, բովանդակային նոր լուծումներով եւ նոր հնարավորություններով:
Հայաստանի ազգային պատկերասրահում վերանորոգման աշխատանքները սկսվել էին 2021-ից։ Փոխվել ու արդիականացվել են օդափոխության, ջերմախոնավային համակարգերը, տեղադրվել են նոր վերելակներ: Վերանորոգման եւ արդիականացման աշխատանքներ են իրականացվել մի շարք մասնաճյուղերում։ Ժամանակակից լուծումներով են վերաձեւավորվել նաեւ ցուցասրահները: Ի դեպ, պատկերասրահի վերանորոգման համար ավելի քան 800 մլն դրամի հատկացում է արվել։
Մինչ բացման պաշտոնական արարողությունը, մամուլի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի հետ շրջել ցուցասրահներում։ Մարինա Հակոբյանն ասում է՝ պատահական չէ, որ պատկերասրահի վերաբացումը հենց այս օրն են անում, որովհետեւ ապրիլի 15-ին ծնվել է Արշիլ Գորկին, եւ նշվում է Արվեստի համաշխարհային օրը։
Ավելին՝ Գորկու ծննդյան առթիվ առաջին անգամ պատկերասրահի պահոցներից հանվել ու ցուցադրվում է Արշիլ Գորկու միակ ցուցանմուշը։ Հետաքրքրական է նաեւ Գորկու «Կժերով կինը» գծանկարի պատմությունը։ «1972 թվականին Գորկու քույրը՝ Վարդուշ Մուրադյանը, Չիկագոյում հանդիպում է բանաստեղծ Վահագն Դավթյանին։ Նրանք երկար զրուցում են, զրույցի ավարտին Վարդուշը մոտենում է պատին, հանում կախված նկարը, հանձնում Դավթյանին, որն էլ խոստանում է այն հասցնել պատկերասրահ՝ որպես նվեր Վարդուշ Մուրադյանից։ Գորկու աշխատանքը պատկերասրահ է բերվել 1974 թվականին»,-պատմում է Մ․ Հակոբյանն ու հավելում, որ նմուշը գրաֆիկական աշխատանք է՝ փոքրիկ գծանկար, եւ այն չէր կարող տեղ գտնել մշտական ցուցադրության մեջ, քանի որ գրաֆիկան զգայուն նյութ է։
Սակայն պատկերասրահում կատարված բարեփոխումների արդյունքում նոր շարժական-մոբիլ ցուցադրության մոդելի շնորհիվ այցելուները պարբերաբար կտեսնեն ոչ միայն այդ նմուշը, այլեւ նախկինում չցուցադրված գրաֆիկական թերթեր եւ հազվագյուտ գանձեր։ Գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի, դեկորատիվ-կիրառական արվեստի ութ հարկ բաց է այցելուների առաջ։ Բացվել են նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցները։
Մշտական ցուցասրահներ են վերադարձել ոչ միայն մեծանուն վարպետների գլուխգործոցները, այլեւ պահոցներից ցուցասրահներ են հասել երբեւէ չցուցադրված կարեւոր նմուշներ: Ավելի քան 41 հազար արվեստի ստեղծագործություն եւ 200 հազարից ավելի արխիվային բացառիկ նյութեր ընդգրկող թանգարանային հավաքածուից այսօր հնարավոր է ցուցադրել միայն 5%-ը` պատկերասրահի ցուցադրատարածքի սահմանափակ լինելու պատճառով:
Խոսելով հայեցակարգային փոփոխությունների մասին, պատկերասրահի տնօրենը նկատեց, որ փոփոխությունը կապված չէ նախկին էքսպոզիցիայի լավ կամ վատ լինելու հետ, այլ պայմանավորված է ժամանակի այլ թելադրանքով։ «Նախկին էքսպոզիցիան շեշտադրում էր առանձին մենագրական հեղինակներին, իսկ այժմ այդ ուղղությամբ չենք գնում, քանի որ այդ պարագայում հնարավոր չի լինի պատկերացնել մեր ամբողջական արվեստի պատմությունը, եւ մեր հիմնական նպատակն է՝ ցուցադրել ոչ միայն գեղագիտորեն լավ ներկայացված մի քանի հեղինակի, այլեւ ներկայացնել գիտակրթական լուրջ հենք ունեցող արվեստի պատմությունը։ Եթե առաջ ունեինք հայկական, եվրոպական եւ ռուսական բաժանումներ, ապա այժմ՝ հայ եւ համաշխարհային, ինչը կարեւոր է, քանի որ հայկականը չենք զատում համաշխարհային արվեստից։ Ցուցադրությունը կազմակերպվել է ոչ թե հեղինակներով, այլ՝ ուղղություններով։ Դա մատնանշում է, որ հայկական արվեստում եղել են իմպրեսիոնիզմ, մոդեռնիզմ, էքսպրեսիոնիզմ։ Մենք անմասն չենք մնացել համաշխարհային գործընթացներից»,- նշում է պատկերասրահի տնօրենն ու կարեւորում նաեւ դասական ու ժամանակակից արվեստի համադրումը։
Ըստ այդմ, պատկերասրահը միայն դասական արվեստ չի ներկայացնում, այն շեշտադրում է, որ արվեստը շարունակական բնույթ ունի, եւ պետք է կամրջել դասականն ու ժամանակակիցը։ «Որոշ սրահներում պարբերաբար ներկայացնելու ենք «Հեռապատում» շարքը, որի շրջանակում ժամանակակից տարբեր արվեստագետների գործերը երկխոսելու են դասական արվեստի հետ»,- ասում է Մարինա Հակոբյանը։
Հավելենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացված մշտական ցուցադրության տասնյակ սրահներում ներկայացված են հայկական կերպարվեստի ականավոր գործիչների` Հակոբ Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադեւոսյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի եւ մյուսների, իտալական վերածննդի եւ բարոկկոյի նշանավոր ներկայացուցիչներ Տինտորետտոյի, Դոնատելլոյի, Գարոֆալոյի, Բեռնարդո Ստրոցցիի, Գվերչինոյի եւ մյուսների, բարբիզոնյան դպրոցի հայտնի արվեստագետներ Թեոդոր Ռուսոյի, Դիաս դե լա Պենյայի, ռեալիզմի վառ ներկայացուցիչ Գյուստավ Կուրբեի, ռուսական ավանգարդի վարպետներ Վասիլի Կանդինսկու, Մարկ Շագալի, Ռոբերտ Ֆալկի եւ այլոց գեղանկարչական ու գրաֆիկական գործերը, գլուխգործոց քանդակները, ինչպես նաեւ դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի նմուշներ (բացառիկ կահույք, սպասք, զարդեղեն, զենք), որոնց մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ:




