Այլ

Ինչ էլ հագնի, մեկ է՝ «խփելու են»․ ինչու՞

Ինչ էլ հագնի, մեկ է՝ «խփելու են»․ ինչու՞

Երբ մեկին չես ընդունում, ցանկացած մանրուք սկսում է չափազանցվել ու աղավաղվել։ Հագուստը, ժպիտը, քայլը, արտասանությունը դառնում են «թիրախ»։ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ինչ էլ հագնեն, ինչ էլ խոսեն, ինչ էլ անեն, հանրության կողմից թիրախավորվելու են։ Ոչ թե այն պատճառով, որ նրանք ցիլո կամ խաչով գլխարկ են կրում, այլ որովհետև հանրության ներսում կուտակված հակակրանք կա նրանց նկատմամբ։

Սա շատ հստակ հոգեբանական մեխանիզմ է․ հաստատումային կողմնակալություն,  երբ մարդը չի ընդունում որևէ մեկին, նա սկսում է միտումնավոր որոնել այն ամենը, ինչը հաստատում է իր նախնական վերաբերմունքը։ Այդտեղից է գալիս զույգի նկատմամբ չափից դուրս քննադատությունը, սարկազմը։ Հասարակությունը զույգին չի ընդունում, և դա արտահայտվում է ցանկացած մանրուքի վրա։

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում Երևանի ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումն է տեղադրված։ Ավագանու անդամը սրտնեղած է Աննա Հակոբյանի հունվարի 6-ի հագուստի ու զարդերի մասին քննադատություններից։ Խոսում է մեր տղամարդկանց բամբասանքից։ Գրում է․ «Բայց երբ տղամարդն է նստում ու համացանցում կնոջ հագուստն է չափում, քննում, ծաղրում, բարոյական “եզրակացություններ” անում՝ դա արդեն ոչ թե բամբասանք է, այլ տղամարդկության լիակատար սնանկացում»։

Գրառում անողներն էլ, որոնք նրանց սազանդարներն են, նման տղամարդկանց «ղզիկ» են անվանում ու վիրավորում։

Ավագանու անդամը մոռանում է, որ խոսում է ոչ թե շարքային քաղաքացիների, այլ երկրի առաջին դեմքերի մասին։ Եթե Աննա Հակոբյանը կամ Նիկոլ Փաշինյանը սովորական քաղաքացիներ լինեին, կընդունեի նրան, բայց այս դեպքում խոսքը  Աննայի հագուկապի մասին չէ։ Առաջնային խնդիրը ոչ թե արտաքինն է, այլ խորքային հասարակական տրամադրությունը։

Այստեղ գործում է նաև մեկ այլ հոգեբանական երևույթ․ զանգվածային հույզերի ազդեցություն։ Երբ դժգոհությունը հավաքական բնույթ է ստանում, այն տարածվում է շատ ավելի արագ, ներքաշելով անգամ այն մարդկանց, ովքեր սկզբում այդքան բացասական չէին։ Արդեն ոչ թե անհատական, այլ խմբային քննադատություն է, որը վերածվում է ալիքի։

Եթե Աննա Հակոբյանը հագնվի նույնիսկ բծախնդիր ճաշակով, միևնույն է, ոչ միայն տղամարդիկ, այլ կանայք քննադատելու, ծաղրելու են նրան։ Եվ այս խորքային հոգեբանական շերտն է, որն ավագանու անդամը չի ուզում նկատել։ Քննադատությունն ուղղված չէ Աննայի հագուկապին, ոչ էլ կոնկրետ ժեստերին։

Դա պարզապես ձև է արտահայտելու հասարակության ներքին կուտակված դժգոհությունը իշխանության նկատմամբ։ Հոգեբանական առումով սա կոչվում է արտահոսք, երբ մարդը լարվածությունը տեղափոխում է առավել հասանելի թիրախի վրա։

Ու որքան խորն է դժգոհությունը, այնքան ավելի ագրեսիվ, ծաղրալից են դառնում մեկնաբանությունները։
Իշխանությունը սա պիտի հասկանա։

Երբ չկա վստահության մթնոլորտ, արտաքին դետալներով են ծաղրելու իշխանությանը։ Որևէ հագուստ, ժպիտ կամ հայտարարություն չի փոխի ընկալումը, եթե հիմքում կա չլուծված լարվածություն, հակակրանք։
Հոգեբանական օրինաչափությունը շատ պարզ է․
երբ մարդիկ չեն ընդունում, ամեն ինչ վատ է թվում։
երբ ընդունում են՝ ամեն ինչ ավելի հավասարակշռված է։
Իշխանությունը, երբ դա գիտակցի, կհասկանա, թե որն է ելքը։
Իսկ ավագանու անդամը, եթե մի փոքր մոտենա հարցի լրջությանը, չի գրի․ «եթե կնոջ հագուստը տեղին է՝ կասեն “ցուցադրական է”, եթե զուսպ է՝ “կեղծ բարեպաշտ”, եթե լուռ է՝ գոռոզ․․»։ Այս հարցում ես համամիտ եմ․ ինչ էլ հագնի Աննան, մեկ է՝ քննադատելու, խփելու են,,։
Սակայն թե դա ինչու են անելու, պատասխանը պարզ է․ կա խորը դժգոհություն, հիասթափություն, հակակրանք իշխանության հանդեպ։ Իսկ դա չի փոխվում հագուստով, այլ՝  վստահությամբ, հաղորդակցությամբ և պատասխանատվությամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image