Քաղաքականություն

«Հրապարակ». Ես համոզված չեմ, որ 7 շրջանները հանձնելուց հետո Ադրբեջանի ախորժակը չէր մեծանալու

«Հրապարակ». Ես համոզված չեմ, որ 7 շրջանները հանձնելուց հետո Ադրբեջանի ախորժակը չէր մեծանալու

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ, ընդդիմության հետ կարող է քննարկել միայն թալանն անցնցում վերադարձնելու տարբերակը»,- երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով ընդդիմության պայքարին։ Այդ ելույթից հետո մենք նրան մի քանի հարց ուղղեցինք։

- Ձեր կարծիքով՝ ո՞րն է ավելի ծանր մեղք՝ երկիր հանձնե՞լը, թե՞ երկիր թալանելը։

- Խնդրում եմ, ինձ առաջին հերթին բացատրեք՝ երկիր հանձնելն ինչ է նշանակում։

- Ձեր իշխանության քաղաքականության հետեւանքով չէ՞ր, որ մենք կորցրինք Արցախի զգալի հատվածը։

- Երբ դուք ամեն առիթով խոսում եք պետական շահի մասին, բայց ամեն գնով ուզում եք արդարացնել Ալիեւին՝ ողջ մեղքը գցելով Նիկոլ Փաշինյանի վրա, այն դեպքում, երբ սահմանի ողջ երկայնքով հարձակվել էր Ադրբեջանը, իսկ Հայաստանը պարտավոր էր պայքարել, պաշտպանել իր սահմաններն ու երկիրը, դուք ամբողջ աշխարհին անընդմեջ համոզում եք, որ Ալիեւը ոչ մի մեղք չունի, Նիկոլն արեց պատերազմ։

- Ես Ալիեւի հետ գործ չունեմ, բայց տեսել ենք, չէ՞, ոնց Նիկոլ Փաշինյանը հրահրեց այդ պատերազմը։

- Դուք հիմա ո՞ր երկրի լրագրողն եք։

- Իսկ Դո՞ւք որ երկրի պատգամավոր եք, որ արդարացնում եք կորուստները։ Ես ՀՀ քաղաքացի եմ, ու իմ բոլոր պահանջներն իմ երկրի իշխանությանն են ուղղված։

- Վարչապետը պատերազմ չի հրահրել։  

- Նա չէ՞ր սադրում, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ։

- Նա առաջին մա՞րդն է եղել, որ ասել է «Արցախը Հայաստան է, եւ վերջ» արտահայտությունը։ 

- Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարեց, որ ինքն է այս ամենի պատասխանատուն։

- Այո, ինքն ասաց, որ մեղավոր չէ, պատասխանատու է, եւ բոլորս միասին կրում ենք այդ պատասխանատվությունը՝ ընդհանրապես զոհերի եւ ամբողջի հետ կապված։

- Բայց պիտի մեղավոր լինես, չէ՞, որ կրես պատասխանատվություն։

- Հիմա որ դուք ամբողջ աշխարհին ուզում եք ապացուցեք, որ մեղավորն Ալիեւը չէ, այլ՝ Նիկոլ Փաշինյանը, ո՞րն է ձեր նպատակը։

- Ի՞նչ անենք՝ գնանք Ադրբեջան՝ Ալիեւի դե՞մ բողոքենք, մեր ղեկավարն Ալիեւը չէ, Նիկոլ Փաշինյանն է, մենք էլ Ադրբեջանի քաղաքացիներ չենք։

- Կրկնում եմ՝ դուք համայն աշխարհի մոտ փորձում եք արդարացնել Ալիեւին։

- Լավ, Ալիեւը մեղավոր էր պատերազմ սկսելու համար, բայց զոհերի, կորուստների մասով Փաշինյանն է, չէ՞, մեղավոր։ Անցած շաբաթ խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող էր պատերազմը կանխել, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի։ Հիմա Դուք իրեն հերքում եք՝ ասելով, թե ինքը մեղք չունի, Ալիեւն էր մեղավոր։

- Ես Նիկոլ Փաշինյանին չեմ հերքում, ես ձեզ ասում եմ անընդհատ, անդադար, հասկացանք, մի անգամ ասեցինք՝ հասկացանք։

- Զոհեր են եղել, որոնց մեղքը․․․․

- Պատերազմի ժամանակ զոհեր են լինում, շատ եմ ցավում, խոնարհվում եմ բոլոր զոհերի հիշատակի, նրանց ծնողների առաջ, ամբողջ կյանքս անելու եմ, որ այդ մարդկանց վիշտը մի փոքր թեթեւանա։ Ես համոզված չեմ, որ 7 շրջանները հանձնելուց հետո Ադրբեջանի ախորժակը չէր մեծանալու, այսպիսի հարցերը կարելի է անընդհատ քննարկել։ Երբ ամեն առիթով կանգնում՝ մեր հայրենակիցներն ասում են «թուրք» եւ փորձում են այդպիսով հայրենասիրություն ցույց տալ, ավելացնում են Ադրբեջանի միջազգային բողոքները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image