«Հրապարակի» տեղեկություններով՝ Արթիկում կոալիցիան փլուզվել է: Մեզ պատմեցին, որ դեռևս հունիսի 7-ի ընտրություններից առաջ Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանի և համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի հարաբերություններում լարվածություն է առաջացել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատճառն այն էր, որ Անանիկ Ոսկանյանը նկատել էր՝ «Ազատական» կուսակցության ներկայացուցիչներն աջակցություն են ցուցաբերում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։
Մեր տեղեկություններով՝ ընտրություններից հետո կողմերի միջև ծանր զրույցներ են եղել, որոնց արդյունքում որոշում է կայացվել խզել «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազատական» կուսակցությունների միջև ձևավորված կոալիցիան՝ փաստացի ավարտելով Արթիկում գործող կոալիցիոն կառավարումը։
Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով «Հրապարակը» կապ հաստատեց Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանի հետ։ Վերջինս չհերքեց տեղեկությունները` նշելով, որ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։ «Առայժմ ավելին ասել չեմ կարող»,- ասաց նա նա։
«Ազատական» կուսակցության ավագանու անդամ Արման Տոնոյանից էլ հետաքրքրվեցինք`արդյո՞ք կոալիցիայի խզումը կապված է այն հանգամանքի հետ, որ իր հորեղբոր որդին «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրվել էր պատգամավորի թեկնածու, պատասխանեց, որ այդ հանգամանքը որևէ առնչություն չունի ստեղծված իրավիճակի հետ։ Իսկ թե ինչն է «Ազատականի» և «Քաղաքացիական պայմանագրի» համագործակցության ավարտի պատճառը, Տոնոյանի կարծիքով՝ ավելի նպատակահարմար է, որ այդ հարցին պատասխանի հենց Արտակ Հարությունյանը։ Կոալիցիան պաշտոնապես լուծարվել է այսօր:
Նշենք, որ աշնանը ավարտվում է ավագանու ժամկետը և Արթիկում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ: