«Հրապարակ»-ի զրուցակիցը ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն է:
- Տնտեսությունն այսօր ի՞նչ վիճակում է, ցուցանիշներն ի՞նչ են հուշում:
- Ես միշտ փորձում եմ արձանագրել ե՛ւ լավը, ե՛ւ վատը: Իհարկե, բոլոր իշխանություններն անխտիր ձգտում են խոսել միմիայն հաջողություններից, ցույց տալ, թե ամեն ինչ լավ է, մինչդեռ հասարակությունը միշտ չէ, որ բավարարվում է արձանագրված արդյունքներով: Սա նորմալ է, հենց այդպես էլ պետք է լինի: Առավել եւս, որ ակնհայտ է՝ Հայաստանը դեռեւս չի գտել տնտեսական զարգացման կայուն, հուսալի ուղին: Ինչ-որ հաջողություններ, իհարկե, եղել են: Իհարկե, շատ բարդ շրջան ենք անցել՝ քաղաքական ցնցումներ, պատերազմ, համաճարակ, հսկայական մարդկային, բարոյական ու նյութական կորուստներ, բայց, դրանով հանդերձ, վերջին 8-10 տարիներին մակրոտնտեսական կայունություն, տատանվող, բայց տնտեսական աճ եւ գնաճ՝ միջինը տարեկան 5%-ի եւ 4%-ի չափով: Հարկ է արձանագրել նաեւ, որ տնտեսական կյանքի առանձին բնագավառներում ավելի մեծ առաջընթաց է եղել, հարկերի հավաքագրման, ստվերի կրճատման եւ այլն, որի էական պատճառը 2018-ից ի վեր առաջ եկած հասարակության մեծ դրական սպասումներն էին: Օրինակ, ակնհայտ հաջողություններից ամենամեծը հարկային ոլորտում տեղաշարժերն են՝ թե՛ օրենսդրության, թե՛ վարչարարության կատարելագործման: Միտումը դրական է, բայց եթե մասնատենք առանձին հատվածների, կան նաեւ հակառակ դրսեւորումներ, օրինակ, 2024-ին ծրագիրը չկատարվեց, եկամուտների հավաքագրումը մոտ 5-8%-ով ավելի ցածր էր ծրագրայինից: Այն տեմպը, որ բյուջեի եկամուտների հավաքագրման հարցում ունեինք, կոտրվեց: Իհարկե, այդտեղ որոշիչը ռուս-ուկրաինական հարաբերություններն էին, Ռուսաստանից, մասամբ՝ Ուկրաինայից, արտահոսքը՝ ֆինանսական ու մարդկային ռեսուրսների։ Մենք հիշում ենք, թե ինչ էր կատարվում Հայաստանում 2022-ից հետո, բայց անցած տարվա կեսերից այդ դրական դրսեւորումները չեզոքացան, աճի տեմպերն էապես նվազեցին: Առաջին տարիներին մենք մինչեւ երկնիշ տնտեսական աճ ունեինք, բյուջեի եկամուտների հավաքագրումը շատ բարձր էր, բայց այդ դրական դրսեւորումներն անցած տարի էապես նվազեցին: Ընդ որում, այդ միտումը շարունակվեց այս տարի՝ առաջին 4 ամիսներին ՏԱՑ-ը բավականին ցածր է՝ 2025թ. համար ծրագրավորվածի ստորին մակարդակում ենք գտնվում, այսինքն՝ չենք կարող ակնկալել, որ տարին ամփոփելու ենք բարձր ցուցանիշներով: Երբ մտնում ես բովանդակության մեջ, այո, եկամուտների աճ կա, բայց մենք մշտապես խնդիր ենք ունեցել ծախսերի թերակատարման մասով, ընդ որում՝ այն ոլորտներում, որոնք տնտեսության զարգացումը պետք է ապահովեին: Սա իսկապես ողբերգություն է, այս տարիների ընթացքում հսկայական միջոցներ են հավաքագրվել, բայց տնտեսական կյանքում լուրջ, էական որեւէ խնդիր չլուծվեց, չդրվեցին հետագա կայուն զարգացման հիմքերը:
- Սպասումներից եք խոսում, բայց սպառողական վարկերի պորտֆելն է մեծացել, եկել է վերադարձնելու ժամանակը, եւ ժողովուրդը փաստի առաջ է՝ սոցիալական ծանր վիճակ, վարկային ու հարկային բեռ։
- Կհամաձայնեմ, որ ոգեւորությունը նվազել է, հիմա արդեն տեսնում ենք տնտեսական ակտիվության անկում եւ որոշ բացասական դրսեւորումներ: Խոսքը գնաճի մասին է: Մենք, իհարկե, բարձր գնաճային միջավայրից տեղափոխվեցինք բավականին ցածր միջավայր, բայց արդեն գնաճի տեմպերի աճը նկատելի է, թեեւ դեռ նորմալ է, դեռ ծրագրավորվածի շրջանակներում ենք: Այսպես, եթե այս տարվա հունվար-մայիսին սպառողական գների աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 3%, մայիսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սննդամթերքի գներն ավելացել են 7.4 %-ով: Իսկ սա նշանակում է, որ մեր բնակչության մի հատված կա, որ գնաճի այդ տեմպին չի դիմանում: Բյուջեի եկամուտները 2017-ի համեմատ 2024-ի ավարտին երկու անգամ ավելացել են, սա շատ լավ թիվ է, միջին աշխատավարձի աճը կազմել է 164%, որն էլի տպավորիչ է, սակայն կենսաթոշակներն ավելացել են միայն 21%-ով, մինչդեռ թոշակառուները մեր հասարակության ամենախոցելի տարրն են:
- Բայց Փաշինյանն ասում է՝ ՀՀ քաղաքացին 50 տոկոսով լավ է ապրում:
- Որեւէ իշխանություն` լավը լինի, թե վատը, ուզում է տեսնել իր արածի ավելի մեծ արդյունք։ Դա նորմալ է, բայց իրական խնդիրները մնում են եւ անգամ խորանում, իսկ վարչարարները պետք է առավելապես խոսեն առկա խնդիրների, չլուծված հարցերի մասին: Ցավոք, մենք բախվում ենք ավելի լուրջ, խորքային խնդիրների՝ շարունակական արտագաղթի, նախորդ տարվանից նվազող ծնելիության, աճող մահացության, ամուսնությունների թվի կրճատման, ամուսնալուծությունների աճի հետ: Չեմ կարծում, որ լավ ապրելու դրսեւորումներից է նախորդ տարի արձանագրված Սյունիքի բնակչության թվի նվազումը: Էլ չեմ խոսում Հայաստան ժամանած ու ամեն ինչ կորցրած արցախահայության մասին, որոնց ամբողջական ինտեգրումը կարող է լուրջ խթան լինել մեր երկրի համար:
- Մասնագետներն ասում են՝ Հայաստանում միայն բանկերն են հարստանում, վարկերը թանկ են, ծառայությունների գներն աճում են: Բանկերը գերշահույթ են ստանում:
- Նախ՝ հարցադրման առաջին մասի հետ բնավ համաձայն չեմ․ ոչ միայն բանկերն են հարստանում, չեմ կարծում, որ վերջին 3 տարիներին բանկերն ավելացրել են տոկոսադրույքները: Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր շեշտակի աճեց դեպի Հայաստան ֆինանսական հոսքը, ու դա ոչ միայն Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցների, այլ նաեւ օտարների փոխանցումներն են, որոնք ձգտում էին ավելի ապահով տեղ փոխանցել իրենց խնայողությունները: Բանկային ոլորտը մեր տնտեսության կայացած, առավել զարգացած հատվածներից է, որը ստանում է շատ շահույթ, բայց նաեւ շատ հարկեր է վճարում: Այնպես չէ, որ մեզ մոտ տոկոսադրույքները շատ բարձր են, մեզ մոտ միջին տոկոսադրույքն է բարձր, բայց դա հետեւանք է ոչ թե բանկերի ագահ լինելու, այլ համակարգային խնդիրները չլուծված լինելու՝ սկսած սեփականության իրավունքի խնդիրներից: Ներկայում ես գլխավորում եմ «Գառնի ինվեստ» վարկային կազմակերպությունը, մի բանկ էլ սա է, մենք դեպքեր ունենք, երբ 10-ից ավելի տարիներ չենք կարողանում ապահովել գումարների վերադարձը: Համեցեք` Ձեզ կոնկրետ օրինակներ ներկայացնեմ պետական կառույցների անգործության, դատական իշխանության ոչ արդյունավետ գործունեության: Ցավոք, տնտեսական ու ֆինանսական իրավունքների պաշտպանության տեսանկյունից օրենքը լիարժեք չի աշխատում, ինչը, իհարկե, փողի գնի, վարկի տոկոսի վրա է ազդում, եւ արդյունքում այդ բացերի համար բարեխիղճներն են վճարում:
- Պետական պարտքը Փաշինյանի կառավարման տարիներին կրկնապատկվել է:
- Սա մեր տնտեսության ու մեր երկրի զարգացման կարեւորագույն խնդիրներից է: Պետական պարտքը 2025թ. մայիսի դրությամբ՝ 2017թ. համեմատ, այո, կրկնապատկվել է: Առանց պարտքի մենք, մեզ նման երկրները, իհարկե, չեն կարող զարգանալ, լուծել առկա խնդիրները, բարելավել կյանքի որակը: Եթե մենք տեսնեինք քիչ թե շատ շոշափելի արդյունքներ՝ որեւէ ոլորտի զարգացում, ենթակառուցվածքի ձեւավորում, դա հուսադրող կլիներ, բայց, ցավոք, պարտքն արդեն մոտ 13 միլիարդի է հասել, այսինքն՝ աճել է 7 միլիարդ դոլարով, որի միայն սպասարկմանը պետք է ուղղվի բյուջեի ծրագրավորված ծախսերի շուրջ 11.5 %-ը, իսկ մայր գումարների վճարումների հետ` բյուջեի ծախսերի շուրջ մեկ երրորդը: Միակ սփոփանքը թերեւս այն է, որ այս տարիներին կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է մինչեւ շուրջ 50% մակարդակ, թեեւ մտահոգիչ է` այս տարվա արդյունքներով այն պետք է աճի մոտ 4.5%:
- 7 տարվա ընթացքում այս իշխանությունը խրվեց կոռուպցիոն պատմությունների մեջ: Ինչպե՞ս ստացվեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակով եկած իշխանությունն ինքը բախվեց դրան:
- Դա հավերժական խնդիր է որեւ երկրի, որեւէ հասարակության համար: Իհարկե, մենք այս փորձությունների մեջ ընկնելուց հետո արդեն մտածում ենք` կոռուպցիան ամենավատ բանը չէ, որ մեզ հետ կարող էր կատարվել, բայց կոռուպցիան չարիք է, որը հասարակությունից զարգացման ապագան է խլում, եւ այստեղ յուրային ու ոչ յուրային չպետք է լինի: Այսքան դրսեւորումներ են եղել, թող օրինական պահանջներ ու կարգավորումներ դնեն, ոչ թե ասեն՝ սա սրա բարեկամն է, կուսակից ընկերն է` մի բանից էլ թող օգտվի: Ի՞նչ էր եղել, նախորդ իշխանությունը լավ էլ աշխատում էր` թող աշխատեր, եթե դա էր խնդիրը: Իշխանությունը մինչեւ վերջ բաց պետք է լինի, կոռուպցիայի դեմ պայքարի հաջողությունները պայմանավորված են, թե որքան բարձր կլինեն հասարակության պահանջները, զարգացած` ինստիտուտները, կոռուպցիայի կանխարգելման համակարգերը, բայց այս ոլորտում դեռ շոշափելի արդյունքներ չկան: Ավելին, տպավորություն կա, որ առկա են վախվորածություն, ժամանակավոր զսպում, ինչը բացասաբար է անդրադառնում ծրագրերի իրականացման վրա: Հասարակության ինստիտուցիոնալ զարգացման հնարավորությունները որքան վատ են եղել նախկինում, նույնքան վատն են հիմա:
- 2018-ին Փաշինյանը ներդրումային բում էր խոստանում: Այսօր ներդրողները փախչում են Հայաստանից:
- Զրոյական վիճակ է, եւ այստեղ մենք խայտառակ դրսեւորումներ ունենք, որն այս իշխանության ամոթն է: Ոչ միայն քաղաքականության մեջ ենք ծայրահեղությունից ծայրահեղություն ընկնում, այլեւ՝ տնտեսության մեջ: Ամենավառ օրինակն Ամուլսարի պատմությունն է, հիշո՞ւմ եք, թե ինչ գլխներիս բերեցին՝ կարգախոսներ, ցույցեր, անգամ իշխանավորներն էին ցույցեր անում… Հիմա եկանք հասանք նրան, որ, փաստորեն, բյուջեն է վարկավորում Ամուլսարի ծրագիրը, դա սարսափելի բան է: Մարդկանց, որոնք ուզում էին ներդրումներ անել, խոչընդոտում էին, հիմա պետությունն այդ բեռն իր վրա է վերցնում: Եվ, հավանաբար, այն պատճառով է վերցնում, որ ներդրում անելու ցանկություն չկա: Ամենամեծ սպառնալիքը փողի համար անորոշությունն է, անգամ վատ վիճակին ադապտացվում են, ֆինանսական զարգացման թիվ 1 թշնամին անորոշությունն է, կայունություն է պետք՝ ներքին, քաղաքական: Կներեք, բայց մեկի անունը տվեք, որ այս անհեթեթ իրավիճակից հետո պատրաստ կլինի ներդրում կատարել: Իշխանությունը նրա համար է, որ պատկերացնի իր որոշումների ազդեցությունը, ոչ թե 3, այլ 10 անգամ կշռադատի իր քայլերը, բայց եթե ըստ իրավիճակի է գործելու, չի հաջողի, ընդ որում՝ ոչ թե իշխանությունը, այլ երկիրը՝ ՀՀ-ն: Երկրում լիքը պրոբլեմ կա, դրեք՝ հատ առ հատ լուծեք եւ ոչ թե ամեն առիթով բզկտեք, պառակտեք առանց այդ էլ շիվարած հասարակությանը:
- Խոսեցիք հարկային վարչարարության ոլորտում տեղաշարժի մասին, բայց փոքր ու միջին բիզնեսներն են փակվում` բարձր հարկերի պատճառով:
- Այս հարցում ես դաշնակից չեմ ընդդիմախոսների հետ, կարծում եմ՝ մեր երկրում կա առողջ հատված, եւ կա որոշակի զարգացում: Հարկային վարչարարության տեսանկյունից այս տարածաշրջանում Հայաստանը լավագույնն է, իհարկե, ունենալով բազմաթիվ խնդիրներ: Լայն իմաստով լավ է, որ հասարակությունը դժգոհում է հարկերի բարձրացումից, գնաճից, դա նորմալ դրսեւորում է: Չէի ասի, որ հարկային օրենսդրության փոփոխություններն իդեալական են, բայց տեղաշարժերն ավելի շատ դրական են, քան՝ բացասական: Մենք միշտ ճիշտ ճանապարհ բռնում ենք, բայց սխալ քայլեր ենք անում, նույնը` այդ հայտարարագրման պատմությունը: Իհարկե, դա անհրաժեշտ քայլ է, բայց իրականացման ձեւերը, անհեթեթությունն ու անհետեւողականությունը, կարծես նպատակ ունի, որ հաջողության չհասնեն: Կան երեւույթներ, որ վաղը, մյուս օրը դառնալու են հասարակության ժառանգությունը` եթե հաջողես, հայտարարագրման ինստիտուտը դրանցից մեկն է: Բայց հարց դնելն ու հետ կանգնելը, որի ցայտուն օրինակներից էր Երեւանի տրանսպորտի սակագների հարցը, երբեք չեն կարող դրական արդյունք ապահովել: Որեւէ իշխանություն, ֆինանսների հետ գործ ունեցող որեւէ կառույց վճիռներ կայացնելուց առաջ պետք է շատ մտածի, ոչ թե ընկնի պոպուլիզմի հետեւից ու հակառակ գործողություններ անի: Ինչ-որ օղակներ, անհատներ, իհարկե, աշխատում են, բայց դրական զարգացումներ թերեւս միայն ֆինանսական հատվածում կան: Արդեն բանկային համակարգի ակտիվները գերազանցում են երկրի ՀՆԱ-ն, իսկ վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բավականին բարձր է, ինչը միջին զարգացածության երկրի բնութագիր է, բայց ընդհանուր տնտեսականը, կրթությունը, սոցիալական ոլորտը դեռ պետք է զգալի զարգացումներ ունենան: