Այլ

Աշխարհը ցնորվե՞լ է, թե՞ շանտաժ է՝ ՌԴ-ից խաղաղություն կորզելու համար

Աշխարհը ցնորվե՞լ է, թե՞ շանտաժ է՝ ՌԴ-ից խաղաղություն կորզելու համար

Մի կողմից՝ Արեւմուտքն ու Եվրոպան միանում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Շվեյցարիայում հունիսին կայանալիք խաղաղության գագաթնաժողովի նախաձեռնությանը, որտեղ, ի դեպ, չեն հրավիրել Ռուսաստանին, մյուս կողմից՝ շարունակում են զենք մատակարարել Կիեւին՝ «կանաչ լույս» վառելով վերջինիս համար՝ իրենց տրամադրած զինատեսակներով հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքներին: 

Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովի համատեքստում ուշագրավ է նաեւ եւս երկու գերտերության որոշումը: Չինաստանը հայտարարել է, թե սատարում է բոլոր խաղաղ նախաձեռնությունները, սակայն մերժում է Ուկրաինայի հրավերը, քանի որ կողմ է, որ նման ձեւաչափի կարեւոր քննարկումներին հավասարապես մասնակցեն հակամարտող կողմերը: Սպիտակ տան որոշումը եւս հայտնի է. ԱՄՆ-ն կմասնակցի Զելենսկու նախաձեռնած հանդիպմանը, բայց կոնկրետ Բայդենի մասնակցության հարցը դեռ անորոշ է: Հատկանշական է նաեւ Զելենսկու ակնարկը, թե հունիսյան գագաթնաժողովից հետո հնարավոր է այլ ձեւաչափով Ռուսաստանի ներգրավվածությունը բանակցային գործընթացին՝ որպես ռազմավարական նախաձեռնության հաջորդ փուլ: Բայց այս մասին՝ հաջորդիվ...

Աշխարհն ընդդեմ Աշխարհի՞, թե՞ Ռուսաստանի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Economist-ի հարցազրույցում Ուկրաինային զենք մատակարարող դաշինքի անդամներին կոչ է արել վերացնել այդ զենքով Ռուսաստանի տարածքի ռազմական օբյեկտներին հարվածելու սահմանափակումները. «Ժամանակն է, որ դաշնակիցները մտածեն Ուկրաինային մատակարարած զենքի կիրառման կապակցությամբ իրենց մտցրած որոշ սահմանափակումները վերացնելու մասին։ Հատկապես հիմա, երբ Խարկովում, սահմանից ոչ հեռու մարտական կատաղի գործողություններ են ընթանում, արգելել այդ զենքի կիրառումը Ռուսաստանի տարածքում ռազմական օրինական թիրախների դեմ՝ Ուկրաինայի համար խիստ բարդացնում է իր տարածքի պաշտպանությունը»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հակված է նրան, որ թույլ տա Ուկրաինայի զինված ուժերին՝ օգտագործել ամերիկյան զենք՝ ռուսական տարածքին հարվածելու համար։ Այս մասին էլ գրում է The New York Times-ը՝ ամերիկացի առաջնորդի որոշ խորհրդականների հետ զրուցելուց հետո։ Նրանք հրաժարվել են մեկնաբանել թեմայի շուրջ՝ Սպիտակ տանն ընթացող քննարկումները, սակայն կարծիք են հայտնել, որ Բայդենի դիրքորոշման փոփոխությունն «անխուսափելի է»: Այս քայլը, հավանաբար, կուղեկցվի պահանջով՝ ամերիկյան զենքը կիրառել բացառապես Ռուսաստանի տարածքում ռազմական թիրախները խոցելու համար եւ ոչ թե քաղաքացիական՝ նշում է թերթը։ Հրապարակման համաձայն, Սպիտակ տունն արդեն սկսել է «պաշտոնական եւ արագացված ընթացակարգ՝ վերանայելու» Ուկրաինայի զինված ուժերի կողմից ԱՄՆ ռազմական օգնության օգտագործման ներկայիս սահմանափակումները։

Հայտնի է արդեն, որ արեւմտյան տասը երկրներ՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Շվեդիան, Ֆինլանդիան, Չեխիան, Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան, համաձայնել են, որ Կիեւն իրենց տրամադրած զինատեսակներով հարվածի Ռուսաստանի տարածքին: Մայիսի 28-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ուկրաինական բանակի հարվածները Ռուսաստանի տարածքին համապատասխանում են միջազգային իրավունքին, եթե հարվածները հասցվեն «համաչափ»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ յուրաքանչյուր մատակարար երկիր պետք է ինքնուրույն որոշի՝ թո՞ւյլ տալ Կիեւին՝ զենք կիրառել Ռուսաստանի թիրախների դեմ, թե՞ ոչ։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը, խոսելով Կիեւի կողմից ամերիկյան զենքի կիրառման սահմանափակումները վերացնելու հնարավորության մասին, ասել էր, որ «Վաշինգտոնի վարչակազմը Ռուսաստանի հետ ռազմական գործողություններ իրականացնելու վերջնական որոշումները թողնում է Ուկրաինային»։ Համանման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին` նշելով, որ Օտտավան չի սահմանափակում Կիեւին՝ օգտագործել իրեն փոխանցված զենքը:

Մոսկվայի արձագանքը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չի կարող չհասկանալ, որ ուկրաինացի զինվորականների կողմից բարձր ճշգրտության արեւմտյան զենքի հարվածները Ռուսաստանի տարածքում կարող են իրականացվել միայն տիեզերական հետախուզական միջոցների օգտագործմամբ՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների օգնությամբ, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը. «Եթե նա խոսում է ռուսական տարածքը հեռահար ճշգրիտ զենքով հարվածելու հնարավորության մասին, նա, որպես ռազմաքաղաքական կազմակերպություն ղեկավարող մարդ, թեեւ ինձ նման քաղաքացիական անձ է, բայց դեռ պետք է իմանա, որ հեռահար ճշգրիտ զենքը չի կարող օգտագործվել առանց տիեզերական հետախուզական միջոցների»:

Ըստ Ռուսաստանի առաջնորդի, «թիրախի ընտրությունը եւ, այսպես կոչված, թռիչքային առաքելությունը կարող են կատարել միայն բարձր որակավորում ունեցող մասնագետները՝ հիմնվելով այս տեխնիկական հետախուզական տվյալների վրա»։ Այն հարվածային համակարգերի դեպքում, ինչպիսին է Storm Shadow-ը, այդ թռիչքային առաքելությունները կարող են ավտոմատ կերպով մուտք գործել «առանց ուկրաինացի զինվորականների ներկայության»,- նշել է Պուտինը: «Դե, ուրեմն, ՆԱՏՕ-ի երկրների այս ներկայացուցիչները, հատկապես Եվրոպայում, պետք է, ընդհանուր առմամբ, տեղյակ լինեն, թե ինչի հետ են խաղում, որ դրանք, որպես կանոն, փոքր պետություններ են տարածքով եւ շատ խիտ բնակչությամբ, եւ սա այն գործոնն է, որը նրանք պետք է նկատի ունենան՝ նախքան ռուսական տարածքի խորքերը հարվածելու մասին խոսելը»,- ասել է Պուտինը։

ՀԳ. Խաղաղության գագաթնաժողովն ու Ռուսաստանի տարածքին արեւմտյան զենքով հարվածելու Կիեւին վերապահված արտոնությունները դիտարկելով մեկ տրամաբանության մեջ, ողջամիտ է այն կասկածը, որ հավաքական Արեւմուտքն ու միասնական Եվրոպան փորձում են որոշակի ճնշում գործադրել կամ շանտաժի ենթարկել Ռուսաստանին՝ նրանից խաղաղություն կորզելու համար, մանավանդ, որ նույն Ստոլտենբերգն ու համաշխարհային այլ առաջորդներ խոստովանել են, որ վերջին ամիսներն ամենածանրն են Ուկրաինայի համար առաջնագծում, միաժամանակ արձանագրելով Ռուսաստանի որոշակի առաջխաղացումն ու հաջողությունները: Թե ինչ հունով կընթանա համաշխարհային խաղացողների խաղը՝ ցույց կտա ժամանակը, բայց որ աշխարհը վտանգավոր աղետի շեմին է, կասկածից վեր է...

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image