Առհասարակ, խուսափում եմ լրագրողների մասին խոսել, նրանց երբեմն տգեղ, լրագրողական կանոններին հակասող վարքագիծն ու գործողությունները քննարկել, անգամ եթե խոսքն ինչ-որ մի իշխանական լրատվամիջոցի լրագրողի մասին է: Այնուամենայնիվ, Հայաստանում կան լրագրողներ, ովքեր գրագիտությամբ, մասնագիտական հմտություններով, օբյեկտիվությամբ չեն փայլում, բայց ամեն տեղ իրենք են: Հանրությունը նրանց է ճանաչում որպես լրագրողի, լրագրող ասելով անմիջապես նրանց են պատկերացնում, թեեւ նրանց մեջ քիչ չեն այնպիսիները, ովքեր հոդված գրել չեն կարողանում, չունեն անաչառ հարցազրույց վարելու հմտություններ, տեսակով ագրեսիվ են, չունեն ինֆորմացիայի աղբյուրներ: Սակայն մի բան նրանց մոտ հրաշալի է ստացվում` բարձրախոսով հետապնդել մարդկանց, սադրել, վիրավորել, ծաղրել, հնչեցնել պատասխան չենթադրող հռետորական հարցեր եւ հետո զարմանալ, թե ինչու համարժեք պատասխան ստացան եւ այլն:
Խոսքը բնավ չի վերաբերում այն լրագրողներին, ովքեր բարեխիղճ կատարում են իրենց աշխատանքը, սուր հարցադրումներ են անում, ճկուն միտք ունեն եւ թիրախավորվում են այս կամ այն ուժին քննադատելու համար: Խոսքը ցուցամոլ եւ սադրող լրագրողների մասին է, որոնց գլխավոր նպատակը հայտնի դառնալն է, որպեսզի բոլորը խոսեն իրենց մասին, ասեն` տեսա՞ք ոնց շշպռեց այսինչ քաղաքական գործչին ու պաշտոնյային: Արդյունքում՝ համեստորեն իրենց գործն անող, վեճերի ու սադրանքների կիզակետում չհայտնվող լրագրողները մնում են ստվերում, առաջին պլան են գալիս շոուների սիրահարները: Իսկ որ ամենավատն է` հանրության մոտ տպավորություն է ստեղծվում, թե բոլոր լրագրողներն այդպիսին են: