Քաղաքականություն

Դուք իշխանությո՞ւն եք, թե՞ Բաքվի քարոզչական մեդիա

Դուք իշխանությո՞ւն եք, թե՞ Բաքվի քարոզչական մեդիա

Գաղտնիք չէ, որ հակամարտող երկրները, ի թիվս պայքարի այլ միջոցների, առանձնահատուկ ուշադրություն են դարձնում տեղեկատվական քարոզչության վրա: Այդպես եղել է միշտ եւ այդպես է հիմա. ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինա, ԵՄ, ՆԱՏՕ, Իսրայել, Իրան, Թուրքիա, Ադրբեջան եւ այլն: Այս շարքում Հայաստանն այսօր բացակա է: Բացարձակ անմասն: Նույնիսկ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը՝ Դոնալդ Թրամփի ներկայությամբ նախաստորագրված համաձայնագրերից, Երեւանի ու Բաքվի միջեւ կնքված հռչակագրից եւ խաղաղության հասնելու մասին բարձրագոչ հայտարարություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու իր ռեժիմին հավատարիմ քաղաքական, փորձագիտական եւ մասմեդիայի շրջանակները շարունակում են տեղեկատվական «ահաբեկչությունը» Հայաստանի դեմ, այս դեպքում՝ կոնկրետ հայ ժողովրդի, հայ ընդդիմադիր զանգվածի, արցախցիների: Մինչ Հայաստանում, եւ ոչ միայն, Նիկոլ Փաշինյանն ու նրա «փոքրիկ խմբակը շարունակում է կուրծք ծեծել», թե խաղաղությունն այլեւս իրականություն է, Ադրբեջանի նախագահն ու ադրբեջանական մասմեդիան պարբերաբար հայտարարում են «Հայաստանի կողմից ժամանակին օկուպացիայի ենթարկվելու, հայերի վայրագությունների, ադրբեջանցի ժողովրդին հալածելու», ինչպես նաեւ՝ ՀՀ իշխանություններից ունեցած անշեղ պահանջների, այդ թվում՝ Հայաստան ադրբեջանցիների վերադարձի, Սահմանադրության փոփոխության եւ այլնի մասին:

Առհասարակ, ուսումնասիրելով եւ վերլուծելով Բաքվից հնչող հայտարարություններն ու ԶԼՄ-ների հրապարակումները, միանգամից հասկանում ես, որ «կարմիր թելի պես» անցնում է հակահայկականության սեւեռուն թեման: Ադրբեջանական մասմեդիայի «սեւ ցուցակում» են հատկապես ՀՅԴ-ն, նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Բագրատ սրբազանն ու հոգեւոր դասի մյուս երեւելի ներկայացուցիչները, հակաադրբեջանական եւ հակափաշինյանական դիրքորոշումներով հայտնի հայաստանցի եւ արցախցի տարբեր գործիչներ: Առանձնակի հրճվանքով են լուսաբանում արցախցի եւ հայ գործիչների կալանավորումները, նրանց դեմ քաղաքական հետապնդումները՝ նշելով, որ «ի պատիվ Փաշինյանի ու նրա վարչախմբի», Հայաստանում «արժանիորեն փակում են ռեւանշիստների եւ ռուսամետների օդերը»:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին մինչեւ վերջերս գրեթե չէին էլ անդրադառնում, մինչեւ այն պահը, երբ հիմնադիր նախագահը հրապարակավ սատարեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ ընդունեց Վեհափառին ու դարձավ Նիկոլ Փաշինյանի թիրախը: Երբեմն նրան հիշատակում են Ղարաբաղյան շարժման, հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում, հիշում են նաեւ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունների ընթացքում հնչած ցուցմունքների եւ այդ գործին վերաբերող նյութերի շրջանակներում: Բայց փաստ է, որ նրա մասին ավելի նվազ բացասականությամբ են խոսում, քան Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի:

Այս ամենի հետ, հետաքրքրականն այն է, որ նույն՝ ադրբեջանական քարոզչանյութերում Փաշինյանի մասին, ճիշտ է, որոշակի վերապահումներ, կասկածներ կան, բայց նրա կերպարն ու գործունեությունը չեն լուսաբանվում բացասական ֆոնով։ Ավելին, հաճախ են հանդիպում այնպիսի նյութեր, որտեղ գովեստի խոսքեր են հղում ՀՀ վարչապետին, առանձնացնում հատկապես Ադրբեջանի մասին ասած «բարեկամական» խոսքերը, լուսաբանվում նրա եւ Ալիեւի հանդիպումները, «մասնավոր սրճախմությունները» եւ այլն: Հատուկ ուշադրության են արժանանում նաեւ Փաշինյան-Էրդողան հանդիպումները, Երեւանի ու Անկարայի փոխադարձ դրական ազդակները: Դրական լույսի ներքո է ներկայացվում Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի անձը, վերջինիս լայնաժպիտ համատեղ լուսանկարներն Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջին տիկնանց հետ:

Ադրբեջանական մասմեդիայի «լյուբիմչիկներից» է նաեւ ժամանակին Աղդամը (Ակնան) իր հայրենիքը համարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Մեծ խանդավառությամբ շրջանառում եւ տիրաժավորում են նրա խոսքերը հայ-ադրբեջանական «բարեկամության», ադրբեջանցիների հետ հաշտ-համերաշխ ապրելու, նրանց հետ առեւտուր անելու, նրանց՝ Հայաստան վերադառնալու «իրատեսական հեռանկարի» եւ այլնի մասին: Առանձին՝ չեզոք լույսի ներքո լուսաբանում են Ալեն Սիմոնյանի եւ նրա ադրբեջանցի գործընկերոջ Սահիբա Գաֆարովայի հանդիպումները: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին էլ անդրադառնում են համարժեք՝ Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, բարիդրացիության մասին խոսքերի եւ այդ գործընթացի շրջանակում: Առհասարակ, ադրբեջանական ԶԼՄ-ների աչքից չի վրիպում Հայաստանի ցանկացած իշխանավորի արտահայտություն, միտք, որը «սիրո եւ հավատարմության երդում է» պարունակում ալիեւյան ռեժիմի նկատմամբ: Ուշագրավ է, բայց Հայաստանի իշխանախմբի մեջ միայն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է, որ, թերեւս, «սպիտակ ագռավի» կերպարում է: Անշուշտ, Բաքուն նկատում է, որ եթե իրենց հասցեին հնչում է Հայաստանի որեւէ հակադարձում, եթե իրենց ապատեղեկատվությունը փորձում են հերքել, ապա դա միայն ՀՀ արտաքին գերատեսչությունից ու հաճախ՝ նաեւ նախարար Միրզոյանի շուրթերից է հնչում:

Միեւնույն ժամանակ ակներեւ է, որ ՀՀ իշխանություններին սպասարկող ԶԼՄ-ներին, հատկապես՝ Հանրային առաջին ալիքին, խստորեն հրահանգված է՝ ոչ մի «թթու» խոսք Ալիեւի ու Ադրբեջանի հասցեին: Փոխարենը ազատ եք՝ որքան կուզեք, «ծամեք Ռուսաստանի, Պուտինի մարմինը»: Ու հակառուսական տրամադրություններ կրող շատ գործիչներ ու փորձագետներ, որոնք անգամ հանրությանը հայտնի չեն, դառնում են ոչ միայն փաշինյանական քարոզչամեքենայի մշտական հյուրերն ու սիրելիները, այլեւ՝ ադրբեջանական մասմեդիայի:

Եվ, ուրեմն, ողջամիտ, բայց, ցավոք, հռետորական հարց է առաջանում. ՀՀ իշխանություններ, դուք իշխանությո՞ւն եք, թե՞ Բաքվի քարոզչական մեդիա....

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image