Եկեղեցու դեմ սկսած Փաշինյանի արշավի աղմուկի ու Իսրայել-Իրան հրետակոծության լրահոսում աննկատ մնաց Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը: 5 օր առաջ նրանք տեղեկացրին, որ «հանրապետության նախագահի առաջադրում եւ ընտրություն առայժմ չեն կայացել»: Նշելով հանգամանքները, թե ինչու չի հաջողվել նոր նախագահ ընտրել, խմբակցությունները տեղեկացրին, որ Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները կիրականացնի ԱԺ նախագահը՝ մինչեւ նոր նախագահի ընտրությունը:
Արցախի օկուպացիայից մինչեւ Արցախի հարցում ՀՀ իշխանությունների քաղաքականությամբ ու տարածաշրջանային իրավիճակով էր բացատրվում, թե ինչու ձախողվեց Արցախի նախագահի ընտրությունը, ինչը չափազանց կարեւոր նշանակություն ունի Արցախի պետական ինստիտուտների պահպանության ու հետագայում խնդիրը միջազգային օրակարգ բերելու տեսանկյունից: Իրողությունը, սակայն, այն է, որ փաստացի Նիկոլ Փաշինյանին, գոնե մինչեւ այս պահը, հաջողվեց ճնշումների, սպառնալիքների ու քրեական գործերի միջոցով զսպել Արցախի քաղաքական վերնախավին՝ անելու այդ կարեւոր քայլը:
«Հրապարակ»-ը տեւական ժամանակ ահազանգում էր, որ Սամվել Շահրամանյանին ճնշելու գործը «վստահվել» էր ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանին, որը հասավ նրան, որ Շահրամանյանը տեղի տվեց` չառաջադրվելով: Նախագահ չընտրելու հարցում իրենց դերակատարումը, ըստ ամենայնի, ունեցան նաեւ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք»-ՔԴՄ-ն ու Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը, որոնք ՔՊ-ական իշխանության շահերն են սպասարկում, բայց պետք է արձանագրենք, որ արցախյան էլիտայում չգտնվեց այն մեկ մարդը, որն այս դժվարին իրավիճակում պատասխանատվություն կստանձներ:
Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցություն պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադառնալով իրավիճակին, նախ շեշտեց, թե Արցախի նախագահի ինստիտուտը լուծարված չէ․ համաձայն Սահմանադրության՝ նրա լիազորությունները կատարում է ԱԺ նորընտիր նախագահը, ինչ վերաբերում է իրավիճակին, պատգամավորի գնահատմամբ, այն ֆորսմաժորային է եւ ստեղծվել է դեռ Արցախի Հանրապետության օկուպացիայից ու Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից ի վեր: «Եթե այս ամենը ձեւակերպենք որպես ճնշում, ապա, այո, դեռ այն ժամանակից արդեն կար ՀՀ իշխանությունների ճնշումը: Եթե հիշում եք, դեռ 2023թ․ սեպտեմբերից նրանք ջանք չխնայեցին, որպեսզի մենք չկարողանանք նախագահի ընտրություններ անցկացնել: Այնպես չէ, որ այդ ճնշումների ներքո մենք չենք կարողանա նախագահ ընտրել, պարզապես դրանք մի փոքր դանդաղեցրին ընթացքը»,- ասում է Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ իրենց խմբակցությունն ի սկզբանե դեմ է եղել երկար քննարկումներին ու գործընթացի ձգձգմանը, եւ հակված են եղել միասնական թեկնածու ունենալուն:
Գործընթացը, ըստ Հակոբյանի, ավարտված չէ, քննարկումները շարունակվում են: «Քաղաքական բարոյականության տեսանկյունից, մեր վերջին հանդիպման ժամանակ առաջարկել ենք ավելի մեծ խմբակցություններին, այն է՝ հենց իշխանական թեւին` «Ազատ հայրենիք»-ՔԴՄ-ին, որ նախ իրենք ներկայացնեն թեկնածու, որի շուրջ քննարկում լինի, այնուհետեւ երկրորդ խմբակցությունը, որը շատ է սիրում ասել, որ իրենք երկրորդ ամենամեծ խմբակցությունն են, ներկայացնի թեկնածու, եւ երբ կոնսենսուսային ընտրություն չի լինի, նոր մենք պատրաստ ենք մեր թեկնածուին առաջադրել: Մենք ավելի մեծ խմբակցություններին տվել ենք ողջամիտ ժամկետ եւ առաջարկել, որ հայտարարություն անեն՝ կա՛մ թեկնածու են առաջադրում, կա՛մ, եթե չունեն թեկնածու, պատրաստ են քննարկումներ սկսել մյուս խմբակցությունների առաջադրած թեկնածուների շուրջ: Սրանք քաղաքական կոնսուլտացիաներ են, որոնք շարունակվում են: Այո, տարբեր հանգամանքներ են ազդել, որ գործընթացը ձգձգվի, բայց այն տապալված չէ»,- ասում է պատգամավորը՝ հավելելով, որ ողջամիտ ժամկետ ասելով, նկատի պետք է ունենալ ոչ թե ամիսներ, այլ՝ օրեր:
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ ՀՀ գլխին կախված անվտանգային խնդիրներով ու այն քննարկումներով պայմանավորված, որոնց մասին ՀՀ իշխանություններից բացի որեւէ մեկը տեղեկացված չէ, փորձում են գործընթացը հնարավորինս անթերի ավարտին հասցնել՝ իրավական ու քաղաքական առումով, ու չգնալ, ինչպես պատգամավորը ձեւակերպեց, արկածախնդրության: Արդյո՞ք սա նշանակում է, որ Արցախի քաղաքական էլիտան մտավախություն ունի, որ նախագահ ընտրելով կարող է Փաշինյանի իշխանության կողմից, որն Արցախի պետական ինստիտուտները հռչակել է «ՀՀ անվտանգության համար սպառնալիք», թիրախավորվել ու մեղադրվել, թե սպառնալիք են ստեղծում: «Այո, հենց դա նկատի ունեմ, որովհետեւ ՀՀ իշխանության մեջ, բացի մի քանի հոգուց, որեւէ մեկը չի կարող իմանալ իրականությունը, որովհետեւ իրենք են այդ հակահայ գործունեությունը ծավալում: Վստահ լինելով, որ մեր՝ այսքան չափված-ձեւված գործունեությունը չի կարող որեւէ վտանգ հանդիսանալ ՀՀ-ի համար, մենք մտավախություն ունենք, որ հենց ՀՀ իշխանությունների՝ թշնամու հետ պայմանավորվածության ու հակահայ քաղաքականության շրջանակում կարող են օգտագործել այդ հանգամանքը: Սրանք ոչ թե վախեր են, այլ, ի տարբերություն ՀՀ իշխանությունների, արկածախնդրության չգնալ, բայց սա չի նշանակում, որ մենք այս ամենին զոհ ենք տալու Արցախի նախագահի ինստիտուտը»,- ասում է Մետաքսե Հակոբյանն ու ավելացնում՝ դա գլխավոր խոչընդոտը չէ, այլ պատճառներից մեկն է, որն առաջացել է այս ֆորսմաժորային իրավիճակում:
Ինչ վերաբերում է Արցախի վերջին նախագահ Շահրամանյանի դիրքորոշմանը, որը չցանկացավ իր վրա պատասխանատվություն վերցնել ու առաջադրվել՝ մայիսի 21-ին նրա պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո, Հակոբյանն այլեւս նրան տեսնելու եւ այդ հարցն ուղղելու առիթ չի ունեցել, ուստի պատասխանը չունի: «Նրա նկատմամբ ճնշումների, հարցաքննությունների մասին տեղեկացված եմ այնքանով, որքանով նրա փաստաբանն է տեղեկացնում, բայց ունեմ իմ կարծիքը եւ դա որպես ճնշում դիտարկում եմ, որովհետեւ մենք ականատես ենք եղել, որ նույն բանը սկսվել է մեր համայնքների ղեկավարների, ինքնակառավարման մարմինների ղեկավարների նկատմամբ: Հենց նրանք ակտիվացան եւ Սրբազան շարժման մասնակից դարձան, իշխանությունները սկսեցին քրեական գործեր հարուցել, կալանավորումների գնալ, նույնիսկ առայսօր քաղաքապետի գործը քննվում է դատարանում։ Այնպես որ, դա իրենց ձեռագիրն է: Ըստ փաստաբանի, դա կապ ունի 2023թ․ սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետ, այսինքն՝ այդ վարույթն իրենք սկսել են վաղուց, եւ, իրենց մեկնաբանմամբ, նոր հերթը հասել է Սամվել Շահրամանյանին, այն պարագայում, երբ այդ ժամանակահատվածում նա եղել է Արցախի Հանրապետության նախագահը։ Այսինքն՝ իրենք սկսում են այդ գործընթացները, երբ ճնշում գործադրելու ցանկություն են ունենում: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, կրկնեմ` այդ հարցը ես իրեն չեմ ուղղել եւ չունեմ դրա պատասխանը»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը: