Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն օրերս ընդունել էր գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը, հարցեր էր քննարկել, համագործակցություն էր կարեւորել, կառավարության մամուլի ծառայությունն էլ մի ճոռոմ հաղորդագրություն էր տարածել, որից հետեւում է, թե ամեն ինչ կարգին է: Իրականում, սակայն, KfW բանկի տված վարկերը մերոնք ստանում են ու ոչինչ չեն անում, արդյունքում ահռելի տոկոսներ են վճարում: Մեր տեղեկություններով՝ բանկի անձնակազմն ապշած է, թե որքան անփույթ է Հայաստանի կառավարությունը վերաբերվում իրենց ծրագրերին եւ պետական բյուջեի գումարներին, որոնցից տույժ ու տուգանք է վճարում` անիմաստ ձգձգումների, վատ աշխատանքի պատճառով: Մեր տեղեկություններով՝ խնդիրներ են ծագել ՎՎԲ աջակցությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերից մեկի՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I-III»-ի կատարման հետ կապված: Այս ծրագիրը սկսվել է դեռ նախկինների օրոք: 2019-2020 թվականներից վերսկսվել է, սակայն այս 7 տարում կառավարությունը ոչինչ չի արել, միլիոնավոր դոլարների տուգանք ու տոկոս է վճարել, քանի որ խախտվել են ծրագրի կատարման կետերն ու բոլոր ժամկետները: Ծրագրի իրականացման պատասխանատուն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է, որին դիմեցինք գրավոր հարցմամբ՝ խնդրելով տեղեկացնել, թե ՀՀ կառավարությունը KfW բանկի վարկերով ինչ վարկային ծրագիր է իրականացնում էներգետիկ ոլորտում, որ թվականից է այն մեկնարկել, եւ որքան տուգանք է կուտակվել նպատակային վարկային միջոցները ժամանակին չօգտագործելու եւ աշխատանքները չիրականացնելու համար:
Մեր հարցմանն ի պատասխան՝ ՏԿԵ նախարարությունը մանրամասն ներկայացրել է կատարված «չաշխատանքները»՝ նախ ծանոթացնելով, որ Հայաստանի եւ Վրաստանի էներգահամակարգերի միջեւ սինքրոն միացման ապահովման նպատակով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունն իրականացնում է Վերականգնման վարկերի KfW Բանկի ֆինանսավորմամբ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ)» ծրագիրը, որը «կապահովի էլեկտրաէներգիայի հուսալի, ճկուն եւ փոխշահավետ միջսահմանային փոխանակում ոչ միայն Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, այլեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի ներսում եւ դրանից դուրս»։ Ըստ նախարարության՝ ծրագիրը միանգամայն բարի նպատակ ունի, որը շահավետ է երեք երկրների համար՝ Հայաստանի, Իրանի եւ Վրաստանի՝ միացնել հայկական եւ վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ՝ Այրումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով, որի վերջնական հզորությունը 1050 ՄՎտ է։ «Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ օդային գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Դդմաշենում տեղակայվող 400/220 կՎ ենթակայանից 400 կՎ օդային գծի միջոցով։ Արդյունքում՝ Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը նախատեսվել է ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում հասցնել 350 ՄՎտ-ի, հետագայում, ելնելով տարածաշրջանային շուկայի պահանջարկից, հասցնել մինչեւ 1050 ՄՎտ-ի։ Ծրագրի նպատակն է նաեւ՝ ապահովել Վրաստանի եւ Իրանի էներգահամակարգերի հետ կայուն աշխատանքը՝ բոլոր երեք երկրների էներգահամակարգերի համատեղ աշխատանքը զուգահեռ ռեժիմում»,- գրել են մեզ ուղարկված պատասխանում։
Ծրագրի շրջանակներում կնքված վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերով ընդհանուր բյուջեն առանց հարկերի կազմում է 188,75 մլն եվրո։ Ծրագիրը մեկնարկել է 09.12.2014թ.։ Այն նախատեսված էր իրականացնել երկու լոտով՝ Դդմաշենի ենթակայանի եւ Այրումի Բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի եւ էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցում։ Բայց բարի նպատակներով այս ծրագիրը ձգձգվել է: 2015թ. դեկտեմբերին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն խորհրդատվական ծառայությունների մատուցման մասին պայմանագիր է կնքել Fichtner GmbH & Co. KG գերմանական ընկերության հետ: Մինչեւ 2017 թվականը իրականացվել են խորհրդատուի եւ գլխավոր կապալառուների ընտրության մրցութային գործընթացներ, նաեւ՝ փաստաթղթերի կազմման, որակավորման եւ տեխնիկական փաթեթների գնահատման աշխատանքներ։ 2017 թ. փետրվարին, «Հաշվի առնելով Ծրագրի արժեքի թարմացված գնահատականը՝ պետական պարտքի վրա լրացուցիչ ճնշում չգործադրելու նպատակով վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշվել է ժամանակավորապես դադարեցնել մրցութային գործընթացը եւ Ծրագրի ծախսերի օպտիմալացման նպատակով քննարկել Ծրագրի տեխնիկական նոր լուծումների հնարավորությունները»,- հաղորդում է ՏԿԵՆ-ը։
Բայց կառավարությունը, վարչապետի հորդորով կասեցնելով ծրագրի իրագործումը, հաշվի չի առել այն, որ վարկային համաձայնագիրը շարունակում է գործել, եւ վարկի սպասարկման ծախսերը պետք է շարունակեն իրականացնել` սառեցված ծրագրի համար ահռելի գումարներ վճարելով: 2019թ. հոկտեմբերի 30-ին վերջնական քննարկում է տեղի ունենում Փաշինյանի մոտ, եւ որոշում են նոր մրցույթներ հայտարարել` «արդեն իսկ կնքված վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսված տեխնիկական լուծումներով»: Ընթացիկ մրցութային գործընթացները դադարեցվել են, եւ երեք լոտով՝ Դդմաշենի ենթակայանի կառուցում, էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցում եւ Այրումի բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցման համար նոր մրցույթներ են հայտարարվել: Եվս 2 տարի է պահանջվել այս 3 լոտով նախաորակավորման մրցութային գործընթացների համար՝ 2020-2021 թթ․։ Յուրաքանչյուր լոտով 2-ական ընկերություն համարվել է որակավորված։ 2 տարի էլ՝ 2020-2022թթ․, մրցութային փաստաթղթեր են մշակվել, ֆինանսական եւ տեխնիկական մասերը։ Հետո վրա է հասել քովիդը, եւ կրկին ծրագիրը դադարեցվել է: «Համավարակով եւ տարածաշրջանային ֆորսմաժորային իրավիճակներով պայմանավորված՝ առաջացել են բազմաթիվ խոչընդոտներ, որոնք նաեւ հանդիսացել են պատճառ Ծրագրի իրականացման երկարաձգման համար»,- ասված է նախարարության պատասխանում։ Բայց քովիդի ավարտին էլ չի վերսկսվել, այլ այդ դեպրեսիան տեւել է մինչեւ 2023 թվականը, երբ վերջապես մրցութային փաստաթղթերը տրամադրվել են որակավորված հայտատուներին։
Հետո ավելի անհասկանալի բաներ են կատարվել` մրցույթները չեղարկվել են ու կրկին հայտարարվել: Դդմաշենի ենթակայանի ու Այրումի կայանի կառուցման մրցույթները չեղարկվել են հայտատուների բացակայության պատճառով: Զարմանալի է, բայց Հայաստանում չեն գտնվել շինարարներ, որոնք կցանկանային կառուցել այս ենթակառուցվածքները: Իսկ էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման մրցույթը չեղարկվել է` «նախաորակավորված հայտատուների կողմից ներկայացված ֆինանսական հայտերի բարձր գներով պայմանավորված»։ «Իրականացվում են գների նվազեցման շուրջ բանակցություններ՝ համեմատաբար ցածր գին ներկայացրած հայտատուի հետ»,- եզրափակում է ՏԿԵՆ-ը։
Փաստորեն, 2014-ից կնքված վարկային ծրագիրը վերջին 9 տարում դեռ մրցույթի հայտարարման փուլում է: Նախարարությունը հաղորդում է, որ ներկայում Դդմաշենի ենթակայանի ու Այրումի կայանի կառուցման համար «մրցութային փաստաթղթերը ներկայացվել են հայտատու ընկերություններին` գնառաջարկներ ստանալու նպատակով», իսկ էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման մրցույթի մասով «վերջնականացվում են պայմանագրային փաստաթղթերը՝ բանակցությունների արդյունքում համեմատաբար ցածր գին ներկայացրած ընկերության հետ պայմանագրի ստորագրման նպատակով»։
Հարցին, թե որքան տույժ ու տուգանք է պետությունը վճարել այս ձգձգումների, աշխատանքները 9 տարում չսկսելու համար, ՏԿԵՆ-ից պատասխանում են. «Ծրագրի շրջանակներում տուգանքներ չեն վճարվել, այլ սահմանված կարգով իրականացվել են ծրագրի վարկի սպասարկման ծախսեր, մասնավորապես՝ 2014թ. մինչեւ 2019թ. հոկտեմբերի 30-ը նշված սպասարկման համար հաշվարկվել եւ վճարվել է մոտ 1,6 մլն եվրո, իսկ 2019թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2025թ. մայիսի 31-ը՝ 2,3 մլն եվրո տոկոսագումար»:
Փաստորեն, 4 մլն եվրո հարկատուների գրպանից քամուն ենք տվել` չինովնիկների վատ աշխատանքի եւ պետբյուջեի գումարների վրա թքած ունենալու պատճառով: