Քաղաքականություն

Դատավորները Վարդազարյանին առաջարկել են հրաժարական տալ

Դատավորները Վարդազարյանին առաջարկել են հրաժարական տալ

Ռուբեն Վարդազարյանի՝ ԲԴԽ նախագահի պաշտոնում լիազորությունները ժամանակավորապես կասեցնելուց հետո ԲԴԽ տասը անդամների թիվը մեկով պակասեց։ Այսինքն, ֆորմալ առումով 10 անդամ ունի ԲԴԽ-ն, բայց մեկի լիազորությունները կասեցված են, ուստի ԲԴԽ-ն գործում է 9 անդամի կազմով, որտեղ 5 հոգին իրավաբան-գիտնականներն են` իշխանությունների կողմից նշանակված, 4-ը` դատավորները, ինչը նշանակում է, որ դատական համակարգը ԲԴԽ-ում ունի փոքրամասնություն, եւ իշխանությունը ցանկացած որոշում կարող է կայացնել ձայների մեծամասնությամբ: Հիշեցնենք նաեւ, որ վերջերս ԱԺ-ն օրենք ընդունեց, ըստ որի՝ կարեւոր որոշումների ժամանակ բավարար է ընդամենը 5 ձայնը, որն էլ ապահովում են ԲԴԽ իշխանական անդամները: Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարականի դիմում գրի, ապա դատավորների ընդհանուր ժողովը կկարողանա մեկ անդամ ընտրել եւ հարաբերակցությունը հավասարեցնել` 5 գիտնական անդամներ, 5 դատավորներ:

Դա է պատճառը, որ դատական համակարգում քննարկում են այդ հարցը եւ քանի որ չեն կարող այնպես անել, որ Ռ. Վարդազարյանը վերականգնվի իր աշխատանքում, քանզի իշխանությունը շարունակում է նրա նկատմամբ ապօրինի հետապնդումը, եւ դա կարող է տարիներով շարունակվել, ուստի ելքը վերջինիս հրաժարականն է: Ինչի մասին էլ դատավորները խոսել են Վարդազարյանի հետ` առաջարկելով «հանուն համքարության, գնալ ինքնազոհողության»: Մեզ հետ զրույցում Ռուբեն Վարդազարյանը չհերքեց այս տեղեկությունը․ «Ուղիղ առաջարկ չի եղել, նման խոսակցություն եղել է»։

- Իսկ Դուք ի՞նչ եք պատասխանել։

- Ես պատասխանել եմ, որ եթե ես վստահ լինեմ, որ դա ինչ-որ մի բանով կօգնի, ապա անպայման հրաժարական կտամ։

- Եվ ի՞նչ պետք է փոխվի, որ վստահ լինեք։

- Եթե ես վստահ լինեմ, որ կկարողանան ժողով կազմակերպել եւ նորմալ ընտրություն անել, ապա այդ քայլին կգնամ։ Բայց վստահ չեմ։ Էնպես է մեջքը կոտրված դատական համակարգի, որ նույնիսկ ժողով չեն կարողանում կազմակերպել։

- Այդ միջնորդը, որը Ձեզ հետ նման խոսակցություն է ունեցել, ո՞ւմ կողմից էր ուղարկված՝ Ջհանգիրյանի՞։

- Չէ, իմ կոլեգա դատավորներից։

- Բայց դա, կարծես, նաեւ ԲԴԽ ղեկավարության շահերից է բխում, որ հրաժարական տաք։

- Չէ, հիմա իշխանության շահերից է բխում, որ ուժերի այս հավասարակշռությունը մնա, եւ ես չլինեմ այնտեղ, ու իմ տեղը մարդ չլինի։

- Այսինքն՝ ոչ իշխանական թեւից էին այդ առաջարկն անում։

- Ուղիղ կերպով Ձեզ ասացի՝ իմ կոլեգաների կողմից է եղել, խոսակցությունը բացվել է իմ դատավոր կոլեգաների կողմից, թե արդյոք ճիշտ չե՞ս համարում հրաժարական տալ ԲԴԽ նախագահի եւ ԲԴԽ անդամի պաշտոնից, որ նոր ընտրություններ լինեն, որ կարողանանք ընտրել մի մարդ, որը կկարողանա հավասարակշռությունը պահպանել։ Ես էլ ասել եմ, որ եթե ես վստահ լինեմ, որ դուք կկարողանաք ժողով անել եւ նորմալ ընտրություն անել, ես այդ քայլին կգնամ։ Բայց փորձը ցույց տվեց, որ նույնիսկ քվորում չեն կարողանում ապահովել եւ ժողով կազմակերպել, ի՞նչ հրաժարականի մասին կարող է խոսք լինել։

- Իսկ այդ դատավորները ԲԴԽ անդա՞մ դատավորներ էին, թե՞ ԲԴԽ-ից դուրս։

- Թույլ տվեք չպատասխանել էդ հարցին։

ՀԳ․ Նաեւ տեղեկություններ են շրջանառվում, որ Վարդազարյանը նամակ-դիմում է ուղղել Նիկոլ Փաշինյանին` հորդորելով կարճել իր նկատմամբ հետապնդումը եւ իրեն վերադարձնել իր աշխատանքին, խոստանալով, որ հուսախաբ չի անի, սակայն պարոն Վարդազարյանը կտրուկ հերքեց այդ լուրերը․ «Դա ակնհայտ սուտ է` ոչ մի նամակ չեմ գրել եւ չեմ էլ պատրաստվում գրել... ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ իշխանության որեւէ ներկայացուցչի հետ կոնտակտ չի եղել»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image