Քաղաքականություն

Ընտրություններին ընդառաջ՝ նոր սկանդալ Գյումրիում

Ընտրություններին ընդառաջ՝ նոր սկանդալ Գյումրիում

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է  Գյումրի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող արտահերթ ընտրությունների ընտրողների թիվը, որը կազմում է 112160։ Նկատելի է, որ նախորդ ընտրությունների համեմատ՝ ընտրողների թվաքանակը կտրուկ շատացել է ։Այդ ցուցանիշը տարօրինակ է թվացել շատերին եւ ոմանց կարծիքով նոր սկանդալի հիմք է։
 Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը նշում է․ «2021 թվականի ԱԺ ընտրություններում Գյումրի համայնքում ընտրական ցուցակներում ընդգրկված է եղել 122.118 ընտրող։
2021 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրություններում` 109.453 ընտրող։
2025 թվականի ՏԻՄ ընտրություններում` ըստ ԿԸՀ հրապարակած թվերի` 112.160 ընտրող։
Ստացվում է` 2021 թվականի ընթացքում միայն Գյումրում (մոտ 4 ամիս տարբերությամբ, որը ողջամիտ կասկածի տեղիք է տալիս` ընդհուպ մինչև ընտրությունների արդյունքների անաչառության տեսանկյունից), ընտրողների թվի տարբերությունը կազմել է` 12.665:
Ներկայումս հրապարակված տվյալներով ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թվի տարբերությունը (ՏԻՄ ընտրություններ), 2021 թվականի թվի նկատմամբ կազմում է` 2707 ընտրող»։ Ավագանու անդամին նաև հետաքրքրում է, թե ինչպես այդքան զգալի տարբերությամբ ավելացավ ընտրողների թիվը:
Արդյո՞ք Գյումրիում ընդգրկվել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, թե՞ տարբերությունը կապված է այլ հանգամանքներով։
Մինչ ոմանք կարծիքներ են հայտնում, թե գուցե Ջավախքի տվյալների հաշվին են  կեղծված թվերը, կամ  իսկապես արցախցիների, Նարեկ Միրզոյանը պաշտոնական պարզաբանում է պահանջում՝ ասելով․« Մեր խնդիրն է ստանալ պաշտոնական պարզաբանում»։
Արձանագրենք նաև, որ ԱԺ ընտրություններին Գյումրիում տեղակայված զորամասերի  զինվորները մասնակցում են, իսկ  ՏԻՄ ընտրություններին՝ ոչ։

Հիշեցնենք, որ Գյումրիում արտահերթ ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image