Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեծ սեր ու կախվածություն ունեն Ֆեյսբուքից: Հատկապես 2018-ին եւ դրան հաջորդած տարիներին Փաշինյանը բավականին ակտիվ էր ֆեյսբուքյան տիրույթում: Նա անգամ Պուտինին եւ ԵԱՏՄ ղեկավարներին էր սելֆի անում եւ տեղադրում իր էջում: Միայն 2020 թվականի պատերազմից հետո մի որոշ ժամանակ, երբ դեպրեսիայի մեջ էր եւ մտածում էր, որ իրեն ժողովուրդը հեռացնելու է իշխանությունից, պասիվություն էր նկատվում: Երբ Ֆեյսբուքում էջի դիտումները սկսեցին ընկնել, Փաշինյանն անգամ կարճ ժամանակաշրջան «արտագաղթեց» Թվիթեր, Տիկ-Տոկ, որտեղ ավելի ցածրակարգ լսարան է, եւ կարելի է մեկնաբանությունները կառավարել:
Ֆեյսբուքում էլ Փաշինյանի աշխատակազմը սկսեց գրաքննել ու սահմանափակել հետեւորդների ակտիվությունը` մեկնաբանություններ էին ջնջում, անգամ «փակում էին» մեկնաբանությունների դաշտը: Եվ չնայած պատերազմին հաջորդած տարիներին ո՛չ երկրում իրավիճակն է կարգավորվել, ո՛չ էլ Փաշինյանի վարկանիշն է աճել, եւ դա սոցհարցումներն էլ են փաստում, սակայն նաՖեյսբուք վերադարձի որոշում է կայացրել: Եվ արդեն 1-2 ամիս է՝ գերազանցում է նախկին բոլոր ռեկորդները` ուղղակի դարձել է ֆեյսբուքաբնակ: Ամեն օր, օրական մի քանի գրառում է անում, տեսանյութեր տեղադրում, անգամ պատասխանում իր գրառման տակ վիրավորական եւ քննադատական մեկնաբանություններին: Զուգահեռ՝ մեծացրել է շփումը քաղաքացիների հետ, նորից սկսել է զբոսնել կնոջ հետ, համատեղ ընտանեկան փոդքաստ են անում: Ժողովուրդն ասում է` թքում են երեսին, ասում է` անձրեւ է գալիս: Հազարավոր անեծքները, հայհոյանքները, ծաղրն ու վիրավորանքը նրան հետ չեն պահում` նա շարունակում է ակտիվորեն խոսել, երեւալ, ավելի ու ավելի համառ, ինքնավստահ ու անհողդողդ։
Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը թերեւս առաջնորդվում է հայտնի սկզբունքով, որ սեւ փիառն էլ է փիառ, եւ իր ակտիվությամբ ինֆորմացիոն դաշտը ոչ միայն լցնում է, այլեւ օրակարգեր է թելադրում. «Մենք հստակ տեսնում ենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ խնդիր է դրել իր առջեւ՝ նա դրել է օրակարգեր ձեւավորելու, օրակարգեր զավթելու խնդիր եւ, ինչպես միշտ, այն արդյունավետ է իրականացնում»։
Նահապետյանն օրինակ է բերում տարեսկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի սպառնալից հայտարարություններին Փաշինյանի արձագանքը. «Նիկոլ Փաշինյանի առաջին արձագանքն այն էր, որ այդ հայտարարություններին լուրջ մի վերաբերվեք, անհանգստանալու առիթ չկա, հորդորում է՝ մի խոսեք այդ մասին։ Մի քանի օր հորդորելուց հետո, երբ տեսնում է, որ մարդիկ շարունակում են խոսել, ասում է. լավ, տեսեք՝ ձեզ այնքան թեմա կտամ, որ... Ու շրջանառում է թեմաներ, զբաղեցնում հանրությանը։ Այնպես որ, նա բավականին էֆեկտիվ քարոզիչ է, լավագույնս իրականացնում է իր առջեւ դրած նպատակներն ու խնդիրները, ավելին՝ բացի այն, որ Նիկոլ Փաշինյանը կարողացավ շեղել ուշադրությունն Ալիեւի սպառնալից հայտարարություններից, այլեւ այնպես փակեց դաշտը, որ միայն հպանցիկ քննարկվեցին իր էական մի քանի զիջումները՝ ի պատասխան Ալիեւի ագրեսիվ հայտարարությունների»։ Զիջումներից մեկը, ըստ Նահապետյանի, սահմանազատման գործընթացը Տավուշից վերսկսելն էր: Մեր զրուցակիցը հիշեցնում է Փաշինյանի նախընտրությունները․ «Ինքն ասում էր՝ Սյունիքից ենք սկսելու, որտեղ Հայաստանը կարող է շահեր ունենալ, բայց փոխարենը Տավուշից է արվելու, որտեղ կրկին մենք ենք զիջելու»:
Մյուս երկու զիջումներից մեկը Մինսկի խմբի ֆորմատից հրաժարումն է, մինչդեռ Փաշինյանը նախկինում նախապայման էր առաջ քաշում, որ այդ ձեւաչափից կարելի է հրաժարվել միայն խաղաղության պայմանագիր կնքելուց հետո, եւ, վերջապես՝ ՀՀ սահմանադրությունը մինչեւ 2026 թվականը փոխելու պատրաստակամությունը, այն պարագայում, երբ Սահմանադրությունը փոխելու հայեցակարգը նախատեսվում էր շրջանառության մեջ դնել միայն 2027 թվականին։
Նահապետյանի խոսքով, ճիշտ է՝ իր ակտիվությամբ Նիկոլ Փաշինյանը վարկանիշի հարց չի լուծում` նրա վարկանիշը չի բարձրանում, սակայն ոչ պակաս կարեւոր խնդիր է լուծում՝ ինֆորմացիոն դաշտը լցնում է սեփական օրակարգերով․ «Ինքը կոնստանտ ձայների քանակ ունի, ինքն ընտրություններին հետեւյալ խնդիրներն ունի` որ ընտրողների մասնակցությունը քիչ լինի, որպեսզի իր կոնստանտ ձայները մեծ տոկոս կազմեն, եւ երկրորդ՝ որ իր մրցակիցները տրոհված օրակարգերով, ճամբարներով լինեն, որպեսզի թե՛ մարդ չկարողանան բերել ընտրությունների, թե՛ ընտրողի քվեն տրոհեն իրենց մեջ։ Փաշինյանը, կարծում եմ՝ մեծ իլյուզիաներ չունի, որ այնպիսի քարոզչություն է անելու, որ 50 պլյուս տոկոս մարդկանց սրտերի տիրակալը դառնա, ինքը շատ լավ հասկանում է՝ ինչ խնդրի առաջ է կանգնած, եւ լուծում է այդ խնդիրը»։