Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Հրապարակի» հետ զրույցում ակնարկել էր Հարավային Կովկասում թալիբական ցունամիի մասին։
«Տարածաշրջանում իրադարձությունները դրամատիկ բնույթ են ստանում։ Եվ որքան էլ Աֆղանստանի իրադարձությունները հեռու են թվում, բայց առ ժամանակ հետո Հարավային Կովկասը կզգա դրա հետեւանքները։ Ուստի, հայկական բանակի պաշտպանունակության ավելացման հարցում ՌԴ-ն շահագրգռված է՝ տարածաշրջանային համատեքստում։ Եթե դիտարկենք նեղ ասպեկտով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների, ապա այստեղ փոփոխությունները շարունակում են նույնը մնալ, ու գործում են 20 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի առաջնահերթությունները։
Ապա՝ «Մոսկվային անհրաժեշտ են լուրջ քաղաքական գործիչներ, որովհետեւ, կրկնում եմ՝ հասունանում են լրջագույն իրադարձություններ։ Ուշադրություն դարձրեք Աֆղանստանին։ Դա կարող է առնչվել Իրանին, եւ այդ ցունամին կգա Հարավային Կովկաս, որտեղ պետք են լուրջ քաղաքական գործիչներ»։
«Հրապարակը» զրուցել է Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանի հետ, որը նաև աֆղանական պատերազմին մասնակցության փորձ ունի։
-Պարոն Պապյան, մտավախությունները հիմանականում որո՞նք են, որ «Թալիբան» շարժման առաջնորդներն ունեն պակիստանյան ծագում, որ ծայրահեղ իսլամակա՞ն են։
-Առաջինը՝ իրենք ծայրահեղ իսլամիստ են, հետևաբար, ինչ-որ քրիստոնեական է, իրենց համար ատելի է և իրենց համար սա լուրջ է։ Ժամանակին՝ 90 -ականներին մյուս թևը՝ մոջահեդները, որը ճիշտ է՝ դեմ է թալիբներին, բայց կռվում էր Ղարաբաղում մեր դեմ։ Մենք գերիներ ենք ունեցել և այլն։ Այսինքն՝ իրենք ունեն այդ ներգրավման փորձը։ Մյուսն այն է, որ թալիբներըմ ճիշտ էմ աֆղանցի են, աֆղանական փուշտուն են, բայց գտնվում են Պակիստանի ազդեցության տակ։ Իսկ Պակիստանը հիմա նեգրավված է այս ամբողձ կոնֆլիկտի մեջ, եթե հիշում եք՝ իրենց պառլամենտի ղեկավարը եկավ, ինչ-որ բան ստորագրեցին Բաքվում։ Այսինքն՝ թալիբների ուժեղացումը բերում է Պակիստանի դիրքերի ուժեղացման, որը․․․
-Վերածվել է մեր դեմ մարտնչող երրորդ պետություն։
-Այո, որն առ այսօր չի ճանաչել Հայաստանը։ Եվ կարծում եմ՝ կա երրորդ պատճառ։ Հայաստանը սեպտեմբերից դառնում է ՀԱՊԿ-ի նախագահող երկիր և հաստատ ռուսները կստիպեն, որ Հայաստանը որպես նախագահող երկիր ինչ-որ բանաձև անցկացնի՝ կապված ՀԱՊԿ-ի մյուս անդամների՝ թալիբներից պաշտպանվելու հարցով։ Մասնավորապես, տաջիկների ու կիրգիզների։ Եվ դա հայերը ստիպված կանեն։ Բնականաբար, Նիկոլը չի մերժի, չի էլ կարող և մենք կհայտնվենք թալիբների թիրախում։ Այսինքն՝ կստացվի, որ հայերն են հիմնական նախաձեռնողը։ Թեև մենք ուղղակի կատարող ենք։ Իրենք ՌԴ-ի դեմ շատ բան չեն կարող անել, հետևաբար, կփորձեն հայերի դեմ անել։ Այնպես որ, կարելի է կանխատեսել, որ, այո, Հարավային Կովկասում թալիբները կսկսեն ակտիվանալ։