Լոռու մարզի Ալավերդի խոշորացած համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի խոսքերով՝ դեռևս նախապատրաստական աշխատանքներ չեն սկսվել հունիսի 21-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
«Երբ որ օրենքով հստակ կսահմանվի ընտրության օրը, մենք էլ մեր գործողությունները՝ տեղամասեր սահմանելու և այլն, կանենք», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց Խեչումյանը՝ պատասխանելով հարցին՝ «արդեն նախապատրաստվու՞մ եք ընտրություններին»։
Խեչումյանը բավականին լարված հարաբերություններ ուներ Լոռու նախկին մարզպետ (2018, հոկտեմբերի 10 - 2020, դեկտեմբերի 17) Անդրեյ Ղուկասյանի հետ, ով փաշինյանական կապիտուլյացիայից հետո փոխարինվել էր Արամ Խաչատրյանով (2020, դեկտեմբերի 17)։
Հարցին՝ իշխանությունները փորձո՞ւմ են իրեն ներգրավվել ընտրություններին, ճնշման փորձեր զգացե՞լ է, Ալավերդու համայնքապետը պատասխանեց. «Ես պատասխանեցի օրենքով վերապահված լիազորություններով, ոչ թե քաղաքական»։
Դիտարկմանը, որ իշխանություններն ամեն կերպ փորձում են մարդկանց ներգրավվել, նույնիսկ երեխաների են բերում հավաքներին՝ ցույց տալու, որ շատ մարդիկ կան այդ հավաքներին, և հարցին՝ փորձե՞լ են իրեն էլ ներգրավել, Խեչումյանը պատասխանեց, որ իր պարագայում՝ ոչ։
Ալավերդու ղեկավարը չցանկացավ գնահատական տալ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Իսկ համայնքում ծառացած խնդիրների վերաբերյալ ասաց. «Ինչքան հրատապ խնդիրներ կան, փորձում ենք լուծել»։