Կրթական ոլորտի ամենաինտրիգային հարցը երեկ հերթական փուլ մտավ։ Առաջին հայացքից այն հանգուցալուծում ստացավ՝ հօգուտ ԿԳՄՍ նախարարի եւ փոխնախարարի հովանավորյալ թեկնածու Դիանա Գալոյանի, սակայն, մյուս կողմից, նոր բարդություններ առաջացան։
Նախ, հիշեցնենք, որ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի հիմքով դատարանը կասեցրել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունները, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ առկախված է, եւ բուհը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանն է ղեկավարում։ Նախօրեին ԿԳՄՍՆ-ն դիմել էր դատարան՝ խնդրելով վերացնել հայցի ապահովման միջոցը եւ թույլ տալ, որ ռեկտորի ընտրությունը կայանա, ու դատարանը բավարարել էր նախարարի միջնորդությունը։
Հապճեպ ընտրություն էր նշանակվել՝ հուլիսի 17-ին։ Սակայն մինչ համալսարանի խորհուրդը ռեկտոր էր ընտրում Դիանա Գալոյանի եւ մեկ ֆիկտիվ թեկնածու պրոֆեսոր Տիգրան Մարտիրոսյանի միջեւ, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն անսպասելի մատ արեց ե՛ւ նախարարին, ե՛ւ ռեկտորի թեկնածուին․ նա անվավեր ճանաչեց Գալոյանի տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի հրամանը։ Թեեւ գուցե այնքան էլ անսպասելի չէր այդ որոշումը, եւ ռեկտորի ընտրությունները հապճեպ կազմակերպելու պատճառներից մեկը նաեւ դա էր՝ ԲՈԿ որոշումը։
Նշենք․ տեղեկություններ կան, որ վերջին ժամանակահատվածում խիստ լարված են ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերի նախարար Արայիկ Հարությունյանի հարաբերությունները: Բանն այն է, որ Գոգյանը ներքին քննարկումների ժամանակ հայտարարել է, որ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ առկա են գրագողություններ, եւ նրան հովանավորում է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը: Սակայն Արայիկ Հարությունյանը չի թույլատրել որեւէ քայլ ձեռնարկել այդ ուղղությամբ: Անգամ հարցը հասել էր այնտեղ, որ «տղայական ռազբորկաների» սիրահար փոխնախարար Թամրազյանը հաշիվ մաքրելու էր կանչել Գոգյանին, վերջինիս տան մոտ՝ «Հրապարակին» տված հարցազրույցում իր որոշ արտահայտությունների համար։
Սմբատ Գոգյանը երեկ մեզ իր որոշման վերաբերյալ հայտնեց․ «Ես արդարադատության նախարարությանը ԿԳՄՍ նախարարի միջոցով հարցում էի ուղարկել, թե արդյոք հնարավո՞ր է ԲՈԿ-ի գիտական աստիճան շնորհած վկայակագրերը չեղյալ ճանաչել, պատասխանը եկել էր՝ այո։ Դրանից հետո ԿԳՄՍ նախարարն ինձ գրություն էր ուղարկել, ասել էր՝ անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք միջոցներ։ Ես խնդրել էի, որ խորհրդակցություն լինի նախարարությունում, որպեսզի մանրամասները հստակեցնենք, բայց փետրվարից մինչեւ հիմա դա ընթացք չէր ստացել, դրա համար ես ինքնակամ նախաձեռնել եմ»։
Նա նշեց, որ Գալոյանի դոկտորականն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում կարող էր կայացնել 6 ամսվա ընթացքում, ինչի ժամկետը շուտով լրանալու է․ «Դե, հանձնաժողովի եզրակացությունը փետրվարի սկզբին էր եղել, ես փետրվարի 26-ին դիմել էի նախարարին, սակայն այդ հանդիպումը չէր կատարվել, եւ օգոստոսի սկզբին լրանում է որոշում կայացնելու 6-ամսյա ժամկետը։ Եթե ես մի քիչ էլ սպասեի, ապա ժամկետը կանցներ, եւ կստացվեր հանցավոր անգործություն»։
Դիտարկմանը, թե ստացվում է, որ ինքը «հաղթեց» նախարարին, Գոգյանն արձագանքեց․ «Չէ, պայքար չէ, աշխատանք է՝ անում ենք։ Ես դիմում էի գրել դուրս գալու, եթե իմ դիմումը չի ստորագրվում, դա նշանակում է նաեւ, որ ես պետք է գործս անեմ եւ միգուցե վատ չեմ անում, միգուցե պետք է սկզբունքային լինել ավելի։ Ես կատարել եմ ԲՈԿ նախագահի գործառույթները եւ ռեկտոր ընտրելու հնարավորություն անեմ այն բուհերում, որտեղ խորհրդի անդամ եմ»։ Հիշեցնենք, որ Գոգյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել, սակայն նրա դիմումը չստորագրվեց, ավելին՝ նրան համոզեցին շարունակել աշխատել։ Եվ լուր ունեինք, որ այդ ընթացքում նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, ով, ըստ էության, որոշել է այս վեճում ոչ թե Արայիկ Հարությունյանի եւ Դիանա Գալոյանի (ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի դուստրը) կողմը բռնել, այլ՝ Գոգյանի։
Գոգյանի որոշումից հետո հանդես եկավ նաեւ երկար ժամանակ Գալոյանի ռեկտոր դառնալու դեմ պայքարող ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը, ով հայտարարեց, որ մրցույթն անցկացվում է օրենքի կոպտագույն խախտումներով։ Մեզ հետ զրույցում Հայրապետյանը նշեց․ «Եթե գիտական աստիճանն անվավեր է ճանաչվել, ապա ընտրությունն ուժ չի կարող ունենալ»։
Նրա խոսքով, ռեկտոր ընտրվել՝ չի նշանակում ռեկտոր նշանակվել․ «Այստեղ կա ավելի կարեւոր հանգամանք, որ ռեկտոր ընտրվելով՝ դեռեւս չեն դառնում կամ նշանակվում ռեկտոր։ Ընտրության արդյունքները պետք է հաստատվեն կառավարության կողմից, հետեւաբար՝ դեռ վաղ է ասել, որ Տնտեսագիտական համալսարանն ունի նոր ռեկտոր։ Եվ այս պահին մեծ հարց է առաջանում, թե արդյոք կառավարությունը, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, հաստատելո՞ւ է այս արդյունքները։ Ես դատական հայց եմ ներկայացրել, եւ թեեւ կասեցումը վերացվել էր, բայց հայցերն ընդունվել էին վարույթ, եւ դատական գործընթացների ավարտին ընտրության արդյունքները ճանաչվելու են անվավեր, որովհետեւ տվյալ խորհրդի անդամների շուրջ կեսն օրենքի խախտումներով է հայտնվել խորհրդում»։
Հարցին, թե մտահոգություն չունի՞, որ, այնուամենայնիվ, նախարարի ու փոխնախարարի հովանավորյալ համարվող Գալոյանին կնշանակեն ռեկտոր, պատասխանեց․ «Ես մեծ հույս ունեմ, որ կառավարության անդամները չեն կիսում այն ակնհայտ հովանավորչության մոտեցումները, որոնք իրականացվել են ԿԳՄՍ նախարարությունում»։
Մրցույթի ավարտից հետո Գոգյանի որոշման վերաբերյալ խոսեց նաեւ Դիանա Գալոյանը․ «Երբ ԲՈԿ նախագահը տվել է անվավերության հայցի հրամանը, ես դա վերադասության կարգով բողոքարկելու եմ նախարարություն։ Նա, մինչեւ վերադաս մարմնի կողմից իմ բողոքարկման արդյունքներն ունենալը, իրավունք չունի նիստն անելու»: Գալոյանը հայտնեց, որ վերադասության կարգով, ինչպես նաեւ վարչական դատարանում կբողոքարկի, եւ Գոգյանը նաեւ պատասխանատվության կենթարկվի, քանի որ չի սպասել նախարարության պատասխանին:
Գալոյանի խոսքերով, Սմբատ Գոգյանն ինքնիրավչությամբ է զբաղվել, ինքը վստահ է, որ իր բողոքի արդյունքները դրական են լինելու, եւ պահպանելու է գիտական աստիճանն ու կոչումը:
ՀԳ․ Այս պահին ակնհայտ է, որ կառավարությունը կռվախնձոր դարձած այս պաշտոնին մտադիր է նշանակել Գալոյանին, սակայն «դիմադրությունը» եւս թույլ չէ՝ ի դեմս ուսանողների, որոնք պայքարում են Հայրապետյանին ռեկտորի պաշտոնում տեսնելու համար։ Ամեն ինչից ակնհայտ է, որ ռեկտորի աթոռի համար պայքարը նոր թափ է հավաքում։