Այլ

Թույլ մի տվեք մեր ժողովրդի ցեղասպանությունը. Արցախի կանայք՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին

Թույլ մի տվեք մեր ժողովրդի ցեղասպանությունը. Արցախի կանայք՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին

«Արցախի կանայք հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնության անդամները բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ ադրբեջանական շրջափակման հետևանքով առաջացած մարդասիրական աղետի կապակցությամբ։
Change.org կայքում տեղադրված խնդագրում (հղումն՝ այստեղ) ասվում է.

«Մենք՝ արցախցի կանայք, դիմում ենք ողջ աշխարհին և անձամբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։

Մենք մատնված ենք սովի և ցրտի ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Մենք շրջափակման մեջ ենք Ադրբեջանի կողմից, որը գողանում է մեր գազն ու էլեկտրաէներգիան։ Դա պարզապես էներգետիկ ահաբեկչություն է:

Տիկին ֆոն դեր Լեյեն, անցած ամառ դուք պայմանագիր եք ստորագրել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին։ Եվրոպայի երեխաները հիմա չեն ցրտահարվի, իսկ մեր երեխաները չեն կարող հաճախել մանկապարտեզ ու դպրոց, քանի որ ջեռուցում չունենք։ Մեր բժիշկները չեն կարող վիրահատություններ կատարել և կյանքեր փրկել։ Մեր 120 հազարանոց բնակչությունը Ալիևի գերության մեջ է.

Ադրբեջանն իր ցանկությամբ դադարեցնում է մեր գազն ու էլեկտրաէներգիան, որոնք մատակարարվում են Հայաստանի կողմից։ Ալիևը կտրում է մեր խողովակներն ու էլեկտրական լարերը.

Լաչինի միջանցքը՝ աշխարհի հետ մեր միակ կապը, 46 օր է՝ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Մեր երեխաները մնացել են առանց.
- սննդի
- էլեկտրականության
- ջեռուցման
- դեղերի և բուժման հասանելիության
- կրթական հնարավորությունների
- ապագայի և կյանքի իրավունքի

Մենք կարող ենք շատ բանի դիմանալ մեր երեխաների համար, բայց մեզ շտապ օգնություն է պետք և ձայնի կարիք ունենք։ Մենք թույլ չենք տա, որ մեր երեխաներին լուռ սպանեն.
Տիկին ֆոն դեր Լեյեն, Դուք բանակցություններ եք վարում Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ։
Խնդրում եմ զանգահարեք նրան։ Կանխեք մեր ժողովրդի ցեղասպանությունը.
Փրկեք մեր կյանքը: Մի՛ լռեք»,-ասված է Արցախի կանանց խնդրագրում։

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image