Ամենքս հիշում ենք, որ անցյալ շաբաթ` մայիսի 1-ից 4-ը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի հյուրընկալությամբ կայացան չորս օր տեւած բանակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ` երկկողմ եւ եռակողմ ձեւաչափերով: Բանակցությունների սկզբին եւ ավարտին մասնակցել էր նաեւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Նա էլ ամփոփիչ հայտարարություն էր տարածել` ասելով թե. «…կողմերը նշանակալից առաջընթաց են գրանցել դժվարին հարցերի քննարկումներում (…the parties made significant progress in addressing difficult issues):
Վաշինգտոնյան բանակցությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն տարածեցին նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները, սակայն դրանից էլ մամուլին կամ հասարակությանը հայտնի չդարձավ, թե ինչ հարցեր են քննարկվել ԱՄՆ-ում եւ ինչ հարցում է առաջընթաց եղել: Ինչպես բանակցությունների ընթացքում գրել էինք` պարզ է, որ վաշինգտոնյան բանակցություններում ամենաէականը հենց բանակցությունների փաստն էր, որ նույնիսկ օպտիկական մակարդակում ցուցադրում էր, որ ջախջախվող Ռուսաստանի` Հարավային Կովկասից հեռանալը որեւէ միջազգային ներգրավվածության եւ ազդեցության վակուում չի առաջացնելու: Ռուսաստանը դեռ չհեռացած` այստեղ հաստատվում է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ներկայությունն ու ազդեցությունը: Թուրքիան եւ Իրանը ճիշտ կանեն՝ մնան իրենց տեղերում, իսկ Իլհամ Ալիեւին էլ չթվա, թե ՌԴ-ի հեռանալուն զուգահեռ իր երկրում տիրող բարդակի օրինակով կարող է տարածաշրջանում ինքնագործունեություն ծավալել:
Պարզ է, Ալիեւը որքան էլ լեզվին տա եւ դատարկախոսի, իրենից ոչինչ չի ներկայացնում, որ ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին հակադրվի: Հենց միայն այն, թե արդեն որերորդ անգամ, ինչպես են Հայաստանի սահմաներին Ալիեւի սադրած բախումները հաշված ժամերի ընթացքում սաստվում ու դադարեցվում, Ալիեւին ոչնչացնում է ոչ միայն բարոյապես, այլեւ հավակնությունների առումով: Իհարկե Ալիեւը ալլահին կկանչեր, որ Հայաստանի սահմաններին ԵՄ դիտորդական առաքելություն չլիներ, լինեին միայն ՀՀ զինված ուժերը կամ ՌԴ անմեղսունակ խաղաղապահներ, որոնց պատասխանատվության գոտում ինչ հանցագործություն ասես անում է` ի դեմս Լաչինի շրջափակման եւ Մոսկվայից իրեն չեն սաստում, չասելու համար, թե աջակցում են ու լկտիացնում:
Իսկ ինչու՞ է Ալիեւը համարձակվում բախումներ սադրել: Ռուսաստանի անմեղսունակությունից օգտվելով եւ հուսալով, թե կկարողանա Արեւմուտքի` Հայաստանում հաստատվելուն խոչընդոտել, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ Հարավային Կովկասում դիմակայություն առաջացնել: Դա իրեն չի հաջողվելու, քանի որ Վրաստանում եւ հատկապես Հայաստանում ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հաստատվելը օղակում եւ փակում է Թուրքիայի` դեպի արեւելք տարածվելու բոլոր հեռանկարները, ինչը համապատասխանում է Ռուսաստանի կենսական շահերին: Հարավային Կովկասի, Միջին Ասիայի, բուն Ռուսաստանի տարածքի թյուրքերի ու թաթարների հետ Թուրքիայի հաղորդակցության պատնեշումը Ռուսաստանի կենսական շահն է:
Դրա համար էլ Ալիեւը որքան էլ իրեն պատեպատ զարնի, Հայաստանը շատ սահուն ՌԴ պաշտպանական համակարգից անցնելու է արեւմտյան պաշտպանական համակարգ: Փոխարենը Արեւմուտքի` Հայաստանում եւ Վրաստանում հաստատվելուց հետո, ինչը տեսանելի ընթանում է, Ադրբեջանն է հայտնվելու իրանա-ռուսական աքցանի մեջ, եթե, իհարկե, մինչ այդ Իսրայելի proxy-ի դերակատարությունը Թեհրանի համբերության բաժակը չլցնի եւ «Հարավային Ադրբեջանից» մի քանի շեշտակի հարված չիջնի Ադրբեջանի ու անձամբ Ալիեւի գլխին:
Այն, որ մայիսի 11-ին Ադրբեջանը Սոթքի տարածքում սադրանքի դիմեց, խոսում է այն մասին, որ վաշինգտոնյան բանակցություններից հետո եւ բրյուսելյան բանակցություներին ընդառաջ Ալիեւը դժգոհ է կյանքից, իրականությունից ու բանակցություններից: Սոթքի սադրանքը պատճառ դարձավ, որ ԱՄՆ Պետդեպից վաշինգտոնյան բանակցությունների վերաբերյալ մի փակագիծ բացեն, ինչից էլ փոքրիշատե հասկանալի դարձավ, թե ինչին էր վերաբերում պետքարտուղար Բլինքենի լավատեսությունը եւ ինչից է ինքն իրեն կծոտում Ալիեւը:
Պարզվում է՝ Վաշինգտոնում բանակցային առաջընթաց է արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ: Եվ որքան կարելի է հասկանալ, Բրյուսելում հենց այս տեխիկական հարցն է լուծվելու: Համաձայնությունը նշանակում է՝ Ալիեւը հեռանալու է ՀՀ սահմաններից, բնականաբար, կորցնելով սահմանային սադրանքներ հրահրելու եւ իր մասին հիշեցնելու ապագա հնարավորությունները: Դրանից հետո կմնա միայն Ռուսաստանին հակադրվելով Արցախի սահմաններին սադրանքներ հրահրելը, բայց դա էլ արդեն ուղիղ հակադրություն է Ռուսաստանի հետ, որ մի x պահի կարող է Մոսկվայից հակազդեցություն եւ հակահարված առաջացնել: Չէ՞ որ Արցախը հեռանկարում մնում է Ռուսաստանի միակ հենման կետը Հարավային Կովկասում, հետեւաբար՝ կյանքն է Մոսկվային հարկադրելու իր հենման կետը պաշտպանել` խելացի գտնվելու դեպքում նաեւ այն ընդլայնել եւ միջազգային մանդատով ամրապնդել: