Վերին Լարսում 15 օրից ավելի է մոտ 4000 հայկական բեռնատար է կանգնած՝ չեն կարողանում սահմանն անցնել։ Վարորդները նախօրեին կապվել էին մեզ հետ եւ ներկայացրել իրավիճակը, որ անհավասար պայմաններ են ստեղծված՝ թուրքական 300 մեքենա են թողնում, ընդամենը 100 հայկական եւ այլն։ Որոշ փչացող մթերքներով բեռնված մեքենաներ էլ հետ են վերադարձել Հայաստան։ Գործարար Երվանդ Թարվերդյանի ընկերության մեքենաները նույնպես քանի օր է Վրաստանում են։ Մենք հետաքրքրվեցինք, թե այս խնդրով ում են դիմել, և ինչ է արվում։
- Դեռ անցած շաբաթից կուտակումները սկսեցին, ընդ որում՝ շատ մեծ տեմպերով։ 10-15, լավագույն դեպում 12-13 օրում նոր բեռնատարները հատում են Վրաստանի տարածքը։ Հարցի կապակցությամբ դիմել ենք Էկոնոմիկայի նախարարին և պատասխանը եղել է, որ ռուսական կողմն է շատ վատ սպասարկում։ Այս խնդրով պայմանավորված խոսել եմ նաև Վրաստանի դեսպանի հետ։ Ներկայացվել է, որ շատ բարդ իրավիճակ է՝ կրկնապատկվել է Թուրքիայից գնացող բեռնատարների թիվը, ավելացել են այլ երկրների տրանսպորտային միջոցները։ Եվ վերլուծելով իրավիճակը զրուցել եմ նաև Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Խնդիրը եղել է նրանում, որ բեռնափոխադրումների ծավալը առնվազն կրկնապատկվել է և մի շարք ապրանքատեսակներ, որոնք Վրաստանով, միգուցե, նաև Հայաստանով, տարբեր երրորդ երկրներից ուղևորվում էին Ռուսաստան, խստացվել է փաստաթղթաշրջանառությունը Լարսում։ Այսինքն՝ Լարսում մոտ 600-700 ավտոմեքենա բաց թողնելու փոխարեն Ռուսաստանի Դաշնության կետում անձնակազմը հնարավորություն ուներ սպասարկել ընդամենը 200-250 ավտոմեքենա։ Ռուսաստանի գործընկերներին ներկայացրել եմ, որ խնդիրը բարդանալու է, և նաև իմ մտահոգությունն եմ հայտնել, որ մոտ 15-20 օր հետո Հայաստանից գյուղապրանքների մեծ ծավալ է սպասվում՝ այդ թվում ծիրան, բալ և այլն։
Առաջարկել եմ նաև լուծման կանոնակարգման տարբերակներ՝ ընդհուպ մինչև առանձնակի մոտեցում ցուցաբերել հայկական տրանսպորտային միջոցներին և Հայաստանից տեղափոխվող բեռներին, քանի որ մենք մեկ տնտեսական միությունում ենք և փաստորեն հայկական բեռները չպետք է սպասարկվեն այնպես, ինչպես Թուրքիայից կամ Վրաստանից գնացող բեռները։ Այս մասին շուրջ 3-4 տարի քննարկվում է և ոչ մի լուծում չի տրվել։ Եվ առաջարկել ենք հայկական մեքենաները առնվազն սպասարկել ներքին մաքսային կետում։ Այսինքն, Լարսում չկանգնեցնել։ Առաջարկ եղավ ռուսական կողմից քննարկել մեր կառավարության հետ, որպեսզի մեր ավտոմեքենաները ուղեկցումով անցնեին դեպի Լարս, որ Վրաստանում ընդհանրապես հայկական տրանսպորտային միջոցները չկանգնեն։ Եվ երեկ պարզ դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունն ավելի մտահոգված է մեր տրանսպորտային միջոցներով, քան հայկական կողմը։ Այսինքն ես չգիտեմ ինչքանով, ինչ գործողություններ են արել հայկական կողմում, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից, քանի որ անձամբ առաջարկել էի՝ շուտ փչացող ապրանքների համար ինչ-որ ելք գտնեն։ Շուրջ երկու տարի առաջ մեր խելացի վարորդները ճարպկություն անելով ապրանքատրանսպորտային փոխադրման փաստաթղթերում նշել էին շուտ փչացող շտամպը, բայց ոչ շուտ փչացող ապրանքների նկատմամբ, վրացական կողմը շատ խիստ մոտեցում էր ցուցաբերել և երկար ժամանակ՝ շուրջ 2 տարի ոչ մի տարբերություն չկար, ընդհանուր հերթով բեռնատարները գնում էին։ Ես առաջարկել եմ անգամ գնալ Վրաստան, օգտագործել նաև բոլոր անձնական կապերը, քանի որ սա անձնական հարց չի, սա ընդհանուր մեր տնտեսության մեծ վնաս հասնող հարց է, և ոչ միայն գործարաններին, այլ նաև աշխատողներին։ Եթե գործարարը չի ստանում համապատասխան քանակի գումար։ Եթե գործարանը շուտ փչացող ապրանքը փչացնում է՝ հետ է վերադարձնում, և մտածում ինչ-որ ձևով վերամշակի, դա անմիջական կպնելու է աշխատողներին։
- Ինչպես են լուծվում վարորդների կեցության, սննդի խնդիրները։
-Դա տրանսպորտային կազմակերպությունների վրա է։ Դրա համար Երևանից Մոսկվա բեռնափոխադրումները մեկուկես, որոշ դեպքերում էլ 2 անգամ թանկացել է։ Այսինքն, դա նույնպես շատ խիստ անդրադառնում է ապրանքի ինքնարժեքի վրա։
- Այսինքն մարդիկ կարող է առողջական խնդիրներ ունենան և չկարողանան մեքենայի հերթից դուրս գալ:
- Անգամ հերթից դուրս գալը և վերադառնալը մի քանի ժամ է տևում։ Շուտ փչացող ապրանքները․․․ օրինակ, մենք պարծենում ենք, որ հայկական ձուկը՝ ակվակուլտուրան, որը Արարատի շրջանում՝ Մասիսում, այդքան մեծ ծավալների է, ձկով բեռնված 10-ից ավելի բեռնատար ավտոմեքենա հետ է եկել։ Ու գնահատականները թող Էկոնոմիկայի նախարարությունը տա, թե ոնց է գնահատում այդ վնասի չափը։ Ռուսական կողմը խոստացել է, որ 10 օրյա ժամկետում կկանոնակարգի այս հարցը։ Եվ խնդիրը դրված է շատ խիստ, որ հայկական տրանսպորտային միջոցները չպիտի կանգնեն Վերին Լարսում։
- Այսինքն, հայաստանյան կողմից որևէ միջամտություն չեղա՞վ գործարարների պահանջներին, դիմումներին։
- Ինձ որ չեն պատասխանել։ Ինձ համար կարևորը արդյունքն է։ Էկոնոմիկայի նախարարությունը թող ուսումնասիրի և տա վնասների չափի գնահատում։