Երևանի Կասկադ համալիր մշակութային կենտրոնը ամբողջական և ֆունկցիոնալ տեսքի բերելու նպատակով նախատեսվում է որոշ տարածքների նկատմամբ սահմանել հանրային գերակա շահ։ Այս որոշումն ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստում։
Դեռևս 2025 թվականի հոկտեմբերին կառավարությունը հավանություն էր տվել ներդրումային ծրագրին, որով ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ ընկերությանը նախատեսվում է տրամադրել հողամաս՝ կառուցապատման իրավունքով առանց մրցույթի, ինչպես նաև իրականացնել հողի օտարում ուղղակի վաճառքի միջոցով։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել բազմաֆունկցիոնալ մշակութային միջավայր, որտեղ կհամադրվեն պատմական և ժամանակակից ճարտարապետական լուծումները։ Նախաձեռնության նպատակն է բարելավել քաղաքի արտաքին տեսքը և ընդլայնել հանրային ու մշակութային հնարավորությունները։
Ըստ Երևանի գլխավոր հատակագծի՝ շուրջ 8 հեկտար տարածք զբաղեցնող համալիրի համար մշակվելու է բարեկարգման նոր հայեցակարգ։ Այն ներառելու է նաև Կասկադի տարածքի ամբողջական ավարտը՝ մինչև Ազատության պողոտա և «Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի» հուշակոթող։