Արդեն որքան ժամանակ է հայաստանյան մամուլում եւ հանրային-քաղաքական դիսկուրսում շրջանառվում են տեղեկություններ, որ առաջիկայում Արցախի Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարական կներկայացնի։ Իսկ անցած շաբաթ «Հրապարակը» գրեց, որ այդ հարցը որոշված է եւ ռուսական կողմն էլ դեմ չէ, ուստի մի քանի օրից կլինի հրամանագիրը։
Հատկապես այն բանից հետո, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ամսի 23-ին հանդես է գալու ուղերձով, այս խոսակցությունները ավելի առարկայական դարձան։
Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի Պետնախարար նշանակվելուց հետո, հատկապես, երբ արգելափակվեց Լաչինի միջանցքը, սկսեցին լուրեր շրջանառվել, թե Ադրբեջանը նաեւ Վարդանյանի անձով պայմանավորված է որոշել փակել ճանապարհը, հասկացնելով, որ վերջինս իր համար ընդունելի անձ չէ եւ ճանապարհը կբացվի, երբ նա հեռանա Արցախից։ Այս վերջին թեզը ամրապնդվեց հատկապես Մյունխենյան համաժողովի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահն անձամբ հայտարարեց, որ ինքը պատրաստ է բանակցություններ սկսել «Ղարաբաղի հայկական փոքրամասնությունների հետ» միայն այն դեպքում, երբ Ռուբեն Վարդանյանը հեռանա Արցախից։ Ստեղծվել է բավականին լարված ու ինտրիգային իրավիճակ։ Մի կողմից ունենք արդեն ավելի քան երկու ամիս շրջափակված Արցախ։ Մյուս կողմից ունենք Ադրբեջանի անբարյացակամ վերաբերմունքն Արցախի Պետնախարարի հանդեպ եւ նախապայման, որ բլոկադան կվերացվի, երբ վերջինս հեռանա։
Դժվար է հստակ ասել, թե Բաքուն ինչու է սեւեռվել Ռուբեն Վարդանյանի անձի վրա։ Գուցե հարցի պատասխանը պետք է գտնել Ալիեւի արտասանած այն մտքի մեջ, որ Ռուբեն Վարդանյանը ըստ նրա «Ռուսաստանից արտահանված ինչ որ մեկն է»։ Եթե սա է պատճառը, ապա հնարավոր է, որ Բաքվում մտավախություն ունեն Արցախի հնարավոր աբխազացման սցենարից․ հատկապես, որ ուկրաինական ճակատում ռուսներն անընդհատ առաջ են գնում ու ուկրաինական զինուժի, զենք- զինամթերքի կրիտիկական պակասորդի մասին Արեւմուտքում արդեն սկսել են բարձրաձայն խոսել։ Գուցե Բաքուն պարզապես փորձում է Ռուբեն Վարդանյանի վրա կենտրոնանալով, ինչ որ կուլիսային առեւտուր սկսել Մոսկվայի հետ։ Նկատենք, որ այս թեզիսների հիմքում այն կանխավարկածն է, որ Ալիեւը Վարդանյանին համարում է Ռուսաստանի բերած անձ։
Հնարավոր է, որ Բաքվում համարում են, որ իրենց իսկ բառերով ասած՝ «Ղարաբաղի հայկական փոքրամասնությունների հետ բանակցությունները» իրենց, այսինքն՝ Ադրբեջանի ներքին գործն է, ու «դրսից եկած տղայի» հետ այս հարցով քննարկումներ ունենալ չեն ցանկանում։ Մեկ այլ վարկածի համաձայն էլ, Ադրբեջանն, ըստ էության, արդեն սկսել է մոդերացնել Արցախի ներքաղաքական կյանքը եւ անգամ տեղական պաշտոնյաներին ինքը որոշել։ Ընդ որում՝ դա անում է շանտաժի լեզվով։ Եթե այս սցենարը, պարզվի, որ ամենից իրատեսականն էր, ապա այն դեպքում, եթե Ռուբեն Վարդանյանը հրաժարական տա, կստեղծվի շատ վատ նախադեպ, ըստ որի՝ Ստեփանակերտը նահանջում է եւ ենթարկվում Բաքվին։ Սա նաեւ Արցախի ներսում է ներհակ տրամադրություններ առաջացնելու, եւ Բաքվում՝ հերթական «մինի-էյֆորիկ» ալիքն է բարձրացնելու, որ՝ «այ տեսաք, մենք մեր ուզածին հասանք ու ցանկացած դեպքում, երբ Ստեփանակերտը ինչ որ բան մեր ուզածով չանի, նույն սցենարը նորից կխաղարկենք»։
Թե ինչ կլինի հետո, կերեւա ամենայն հավանականությամբ, մի քանի օրից։ Սակայն հիմա գնդակը գտնվում է Ստեփանակերտի դաշտում։ Թե ինչպես իրեն կպահի արցախյան իշխանությունը, դրանից կախված կլինի Արցախի ողջ ապագան։ Ի վերջո, չմոռանանք, որ ի դեմս Ռուբեն Վարդանյանի, Արցախում ներկա է միջազգային բավական լուրջ կապեր ունեցող ազդեցիկ գործարար, որն ընդունված է ոչ միայն հետսովետական էլիտաների կողմից։